ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
«Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հովհաննես Ալբերտի Հովհաննիսյանը փետրվարի 20-ից անժամկետ հացադուլ է հայտարարել` պահանջելով արդարություն: Ըստ նրա՝ դատավարության ընթացքում խախտվել են իր իրավունքները միանգամից մի քանի կետերով. «1. Տուժողը չի ճանաչել ինձ, միայն քննիչի մատնացույց անելուց հետո 70 տոկոսով նմանեցրեց: 2. Մյուս մեղադրյալների հետ առերեսում չի կատարվել: 3. Հանցագործության օրը ես գտնվել եմ այլ վայրում, կան վկաներ, որոնց դատարանը թույլ չի տվել ներկայացնել: 4. Դատապարտվել եմ «Մակարով» ատրճանակի համար, որի մասին ես տեղեկություն չունեմ, եւ որը՝ որպես իրեղեն ապացույց, չի ներկայացվել դատարան: Մի՞թե սա արդարադատություն է»:
ՄԻՋՆԱՄԱՏ
Հայաստանում Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների առջեւ երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել եւ դեսպաններին փոխանցել իրենց բողոք-նամակը, որում հայտնել են իրենց հիասթափությունը՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանին այդ երկրների նախագահների ուղարկած շնորհավորանքներում տեղ գտած գնահատականների հետ կապված: Ակցիայի ընթացքում, ըստ ակտիվիստ Վահագն Մինասյանի, ոստիկաններից երկուսը քաշքշել են եւ իր ձեռքից խլել ցուցապաստառը: Ոստիկաններն էլ նշել են, որ ակցիայի մասնակիցներից մեկը միջնամատ է ցույց տվել իրավապահներին:
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
72 տարեկանում վախճանվել է հայտնի պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունի Հարությունյանը: «Ժողովուրդ»-ը ցավակցում է Հարությունյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
ԱՅԴՔԱՆ ԲԱՆ
Պատասխանելով «Գալա» հը-ի հարցին, թե ժողովուրդը բողոքում է, որ իրենք այլ նախագահի են ընտրել, իսկ Ռոբերտ Քոչարյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Սերժ Սարգսյանին, որքանո՞վ է օրինական շնորհավորել մեկին, ում ընտրվել-չընտրվելու հարցը խիստ կասկածի տակ է դնում ժողովուրդը, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Նա ապօրինի գործողություն չի արել, այդքանը կարող եմ ասել»:
ԱՎԱԳԱՆՈՒ ՎՐԱ ԿԳՑԻ
«Հենարան»-ի տեղեկություններով` Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը պատրաստվում է ավագանու նիստ հրավիրել, որտեղ կքննարկվի Աբովյանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի անցկացման թույլտվության հարցը: Հանրահավաք անցկացնելու թույլտվություն կամ մերժելու որոշում կայացնում է քաղաքապետը: Սակայն Գուլոյանը թերեւս չի ուզում միայնակ պատասխանատվության տակ ընկնել: Հիշեցնենք, որ նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ
Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուիելի Մաուրերը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կարլոս Պապուլիասը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չիոնգ Տան Շանգը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սլովենիայի Հանրապետության նախկին նախագահ Դանիլո Թյիրկը:
ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
19 հկ-ներ հանդես են եկել ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակված քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը եւ հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձեւավորումը»: