Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի և հայ քաղաքացիական անձանց ու զինվորների սպանվելու առնչությամբ Հայաստանի «Սինջար եզդիների ազգային միավորում»-ը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մի քանի օր է` ադրբեջանցի բաշիբոզուկները շարունակում են հրթիռակոծել մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակումներ է իրականացնում նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ եւ արդեն իսկ սպանվել են քաղաքացիական երեք անձիք, երեքն էլ կանայք:
Ադրբեջանի գործողությունները նմանվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործելակերպին: Մենք` հայաստանաբնակ եզդիներս, դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը, հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ:
Հայաստանի ամեն քաղաքացի, այդ թվում այստեղ ազատորեն բնակվող ազգային փոքրամասնությունները պատրաստ են մինչեւ արյան վերջին կաթիլը պաշտպանել մեր հայրենիքի սահամանները:
Սահմանին կանգնած հայ, եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, լեհ, ուկրաինացի մեր եղբայրներին տոկունություն ենք մաղթում, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում ստեղծել կամավորական խմբեր եւ զորակոչել նաեւ մեր կազմակերպության ներկայացուցիչներին, որպես Հայկական բանակի զինվորների»: