ՐԱՖՖՈՒ ՀԱՎԱՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության (ԺԿ) նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումները բավական հետաքրքիր ընթացք ունեն: Արմավիրում «մեռնեմ արեւիդ» խոսքերով մարդիկ դիմավորեցին Րաֆֆուն եւ դժգոհեցին քաղաքի կարկատած փողոցներից ու արտագաղթից: Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց. «Ձեր քաղաքապետը տղամարդկություն ունեցավ, հրաժարական տվեց, ինչը ես ողջունում եմ: Իսկ ժողովրդին տուն առ տուն հետ պիտի բերենք Հայաստան»:
Այնուհետեւ ԺԿ նախագահն ուղեւորվեց Մեծամոր: «Հայ ժողովուրդը չէր հավատում, բայց Մեծամորը հավատաց: Այդ հավատքից ավելի մեծ թռիչք չկա: Պարոն Պուտինը, ում շատ հարգում եմ, այսօր ՌԴ-ի դեսպանին հանդիպեցի, թե Բրյուսելը, ինչ ուզում են, թող ասեն, ես իրենց հարգում եմ: Բայց թող հանկարծ Մեծամորի, Հայաստանի քաղաքացու իրավունքը չխախտի,-հայտարարեց Րաֆֆին՝ դիմելով նաեւ Մեծամորի քաղաքապետին,-եթե հարգեցիք ժողովրդին, կմնաք ծառայության մեջ»:
Իսկ Էջմիածնում Րաֆֆին ասաց. «Ժողովո՛ւրդ, Վաղարշապատը պաշտոնական տվյալներով հաղթել է… Սա ոչ վեհափառի հարցն է, որովհետեւ իր հարցն Աստծո հետ է, սա ժողովրդի հարցն է… Մենք նոր ազգ դարձանք: Եվ պահանջում եմ ԱՄՆ-ից ու ՌԴ-ից ճանաչել հայ ժողովրդի հաղթանակը»: Նշենք, որ Արմավիրում, Մեծամորում, ինչպես նաեւ Էջմիածնում Րաֆֆու հանրահավաքը շրջապատված էր ՊՊԾ-ի մեքենաներով եւ ոստիկաններով, որոնք բարձրախոսներով ինչ-որ բան էին հայտարարում՝ խանգարելով ելույթ ունեցողին: «Էս ոստիկաններն ի՞նչ են ասում: Լա՞վ բան են ասում, թե՞ վատ»,-փորձեց իրավիճակը թուլացնել Րաֆֆին:
Իսկ արարատցիները վանկարկում էին՝ «Րաֆֆի՛, նախագա՛հ»: Րաֆֆին այստեղ ասաց. «Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ձեր մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Բաբայանը, մնացած պաշտոնյաներն օրենքի տակ հավասար են»:
ԺԿ առաջնորդը երեկ եղավ Արտաշատում եւ կեղծիքների կենտրոն Մասիսում:
Արտաշատում, ինչպես միշտ, ընդդիմադիր թեկնածուն արժանացավ կոշտ դիմադրության: Այնտեղ հանրահավաքի մասնակիցներին սադրիչները հայհոյեցին, առաջացավ վիճաբանություն: Բանը հասավ այնտեղ, որ օպերատոր-ոստիկաններից մեկը սկսեց նկարել Դավիթ Սանասարյանին, իսկ վերջինս պահանջեց ներկայանալ, նոր իրեն նկարել: Այդ ընթացքում լրագրողները սկսեցին հետեւողականորեն նկարահանել ոստիկանական, ԱԱԾ-ի նկարահանող խմբի տղաների դեմքերը: Նրանցից մեկն այս անգամ սկսեց հայհոյել լրագրողներին: Անահիտ Բախշյանը միջամտեց, տղաները չներկայացան, փախան: Եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ասաց. «Ես Րաֆֆի Հովհաննիսյանն եմ, դո՞ւ ով ես»: Վերջինս դժվարությամբ, բայց պատասխանեց. «Աշոտ Գալստյան, զբաղվում եմ բիզնեսով»:
Այսօր նախատեսված է հանրահավաք անցկացնել Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Սակայն քաղաքապետ Հարություն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին ասել է, թե իրեն որեւէ մեկը չի դիմել հանրահավաքի համար. «Ես չեմ կարող թույլ տալ հանրահավաք անցկացնել»:
Վերջում նշենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով հանրահավաքների մասին, երեկ ասել է, թե ՀՀԿ-ն չի կրակելու:




Լրահոս