ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մենք մեկ ամիս առաջ վերադարձել ենք Ռուսաստանի Դաշնությունից: Հիմա տղաս ցանկանում է ուսումը շարունակել հայաստանյան բուհերից մեկում: Նշեմ, որ նա ունի ՌԴ քաղաքացիություն: Խնդրում եմ ասել, թե ինչ թղթեր պետք է ներկայացնի նա, որպեսզի կարողանա ընդունվել բուհ:

Լիլիթ Հովակիմյան (49 տարեկան, լաբորանտ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են ընդհանուր հիմունքներով սովորել Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
1) հարցաթերթիկ,
2) դիմում՝ հասցեագրված ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
3) ինքնակենսագրություն,
4) նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը՝ նշելով ուսումնասիրված առարկաները եւ հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը),
5) բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու եւ համապատասխան ուսումնական հաստատությունում սովորելու համար, ինչպես նաեւ ընդհանուր առողջական վիճակի, պաթոլոգիաների եւ ՁԻԱՀ-ի մասին,
6) նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
7) լուսանկար (3×4 չափի` 6 հատ):
Նշենք, որ 4-րդ եւ 6-րդ կետերում նշված փաստաթղթերը վավերացվում են տվյալ երկրում ՀՀ դեսպանության կողմից եւ լեգալացվում տվյալ պետության արտաքին գործերի նախարարությունում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ պատասխանը հստակ է եւ սպառիչ: Այն շատերին կհետաքրքրի, քանի որ հայաստանյան տարբեր բուհերում սովորելու ցանկությունը թե՛ օտարերկրացիների եւ թե՛ դրսում ապրող մեր հայրենակիցների շրջանում շարունակում է մնալ մեծ:




Լրահոս