ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՑՆ ԷԼ ԿԹԱՆԿԱՆԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները ստիպված են սպառած էլէներգիայի համար 16 տոկոսով ավել գումար վճարել: Առաջիկայում հացը կթանկանա՞, թե՞ ոչ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Սեւանի» հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանի եւ «Գառնու Սուրիկի լավաշ» արտադրամասի տնօրեն Սուրիկ Հակոբյանի հետ:

«Գառնու Սուրիկի լավաշ» արտադրամասի տնօրեն Սուրիկ Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, ստացե՞լ եք օգոստոսի սպառած էլեկտրաէներգիայի հաշիվը…
-Որ ստացել ենք, ի՞նչ: Ո՞վ է մեր ձայնը լսում: Ալյուրը ձեռք ենք բերում թանկ գնով, սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց թանկ ենք վճարում, ամեն ինչը թանկացել է, բայց հացը չենք թանկացնում: Իսկ մենք էլ չենք կարողանում տեղավորվել գների մեջ եւ աստիճանաբար կրճատում ենք արտադրության ծավալները: էլէներգիայի հերթական թանկացումից հետո շիվարել ենք, չգիտենք, թե ինչ անենք. մոտ 16 տոկոսով թանկացավ:
-Այնուամենայնիվ, լավաշը կթանկանա՞:
-Դեռ հաշվարկներ ենք անում: Ճիշտ է՝ սպառած էլէներգիայի հաշիվները եկել են արդեն, բայց վճարումներ դեռ չեն ընդունում, չենք կարողանում վճարել: Չգիտեմ, տեսնենք, թե ինչպես կանենք, դեռ ոչինչ չենք որոշել: Գուցե թանկանա, այս պահին հստակ չեմ կարող ասել: Բայց եթե այսպես շարունակենք՝ առանց լավաշը թանկացնելու, ապա վնասներ կկրենք:

Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյան
-Պարո՛ն Ավետիսյան, Էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով թանկացել է, եւ ՀՀ Կառավարությունը գրեթե ոչնչով չի կարող օգնել ՓՄՁ-ներին: Ինչպե՞ս կանդրադառնա այս 7 դրամի թանկացումը «Սեւանի» հացի գործարանի գործունեության վրա:
-Այն, որ մեր ընկերությունում գնային փոփոխություններ չեն լինի, դա վստահեցնում եմ Ձեզ: Էլէներգիայի 16 տոկոս թանկացումը մեր արտադրության ինքնարժեքի մեջ քիչ տոկոս է կազմում: Քանի որ հիմնական էներգակիրը մեզ մոտ գազն է: Բայց գնային փոփոխություններ կլինեն այն կազմակերպություններում, որոնք հացն էլեկտրաէներգիայով են արտադրում. եթե վառարանները հացաթխման էներգիան ստանում են էլեկտրականությամբ: Իսկ մեզ մոտ այն գազով է ստացվում: Շատ կազմակերպություններ, որոնք էլէներգիայով են աշխատում, սակագնի հերթական թանկացման արդյունքում կա՛մ կփակվեն, կա՛մ էլ հացը կթանկացնեն: Ճիշտ է՝ այս 7 դրամի թանկացումը մեր արտադրության վրա էլ բացասաբար կանդրադառնա, բայց, այնուամենայնիվ, մենք գնային փոփոխություններ չենք անի, այլ մեր շահույթների հաշվին կտեղավորվենք:
-Եթե հացի արտադրությամբ զբաղվող այլ ընկերություններ փորձեն թանկացնել իրենց արտադրած հացամթերքը, այդ դեպքում Դո՞ւք էլ կգնաք հացի թանկացման:
-Հացի շուկայում այսօր այնքան խայտաբղետ գներ կան: Պատկերացրեք, որ մենք 1 կիլոգրամ հացը այսօր վաճառում ենք 380 դրամով, բայց շուկայում կա նաեւ նույն քաշի հաց, որը վաճառվում է 1000 դրամով: Հացի շուկայում շատ տարբեր են գները, եւ երբեմն էլ զարմանում եմ, թե այսօր ինչպես են այդ թանկարժեք հացատեսակները վաճառվում: Բայց վաճառվում են: Գուցե՞ այդ թանկ հացատեսակ արտադրողները մեկ-երկու պարկ արտադրելով՝ մեր 50 պարկի շահույթն են ստանում ու դրա մեջ տեղավորվելով՝ աշխատում են: Բայց մենք ո՛չ հացի գին կթանկացնենք եւ ո՛չ էլ աշխատող կկրճատենք:
-Վերջին շրջանում ներքին շուկայում ինչպիսի՞ն են հացի իրացման ծավալները: Դրանք նվազե՞լ են, թե՞ ավելացել:
-Կոնկրետ մեզ մոտ տեսեք, թե ինչ է կատարվում. մենք խոշոր արտադրող ենք եւ եթե մենք այս շրջանում այլ արտադրամասեր բացենք, ապա կվնասվենք, որովհետեւ դրա համար պետք է ներդրում անել, իսկ քանի որ շուկայում շրջանառությունը անկում է ապրել, ներդրումը չի կարող իրեն արդարացնել: Ու արդյունքում կվտանգվի արդեն իսկ գործող արտադրամասերի գործունեությունը: Ուստի ներկայումս մենք մեր արտադրության չափը պահում ենք, մինչեւ տեսնենք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում երկրում: Բայց այն, որ վերջին ժամանակաշրջանում իրացման եւ արտադրության ծավալների նվազում է նկատվում, դա հաստատ է: Ես այս ամեն ինչը կապում եմ բնակչության թվի նվազման հետ: Բնակչության թիվը նվազել է, որովհետեւ հացն այն ապրանքն է, որը մարդը պարտադիր գնում է, իսկ մենք էլ հացակեր ժողովուրդ ենք: Եւ այսօր էլ, որ մարդկանց սոցիալական վիճակը ծանր է, նրանք ավելի շատ են հաց օգտագործում, որովհետեւ հացն ամենաէժան սննդամթերքն է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս