ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԲՈՂՈՔԵՑ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉՊԱՏԺՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հունիսի 19-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյել էր ճանապարհային ոստիկաններին, երբ երթեւեկության կանոնները խախտելու համար ՃՈ-ն վերջինիս ավտոմեքենան «կանգնեցրել» էր: Այս միջադեպից հետո հայրենի օրենսդիրն «անհետացել» էր ու որեւէ կերպ չէր արձագանքում այն տեղեկություններին, որ իր պահվածքի համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան «դաստիարակչական» ապտակ էր տվել: Պատգամավորն անգամ խորհրդարան չէր գնում:

Հիշեցնենք, որ նշված օրը ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար Երեւան-Աբովյան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել էին Toyota մակնիշի 098 QQ 11 համարանիշի ավտոմեքենան: Ավելի ուշ պարզվել էր, որ մեքենայի վարորդը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանն է: Ու մինչ ոստիկանները պատգամավորի կողմից կատարած խախտման համար որոշել էին արձանագրություն կազմել, Հրանտ Դավթյանը ոչ կոռեկտ վարք էր դրսեւորել: Վերջինս նախ ներկայացել էր որպես ԱԺ պատգամավոր՝ հայհոյելով ու սպառնալով ՃՈ աշխատակիցներին:
«Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա՞, կանգնեցնելու, դեպուտատին պետքա կանգնցնես, ակտ գրե՞ս: Բեսամբթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա…: (հայհոյում, Ք.Մ.) Ներկայացա, Էջմիածնից դեպուտատ Հրանտն եմ: Կեթաս, կասես տենց սաղ քու էդ ումը գիտես: Շնորհքն էլ ա լավ բան, արա, սաղ ամեն ինչը մոռացել են… (հայհոյում է, Ք. Մ.)»,- ահա թե ինչ ելույթ էր ունեցել ազգընտիրը օրինապահի հետ զրույցի ժամանակ:
Պատգամավորի այս համարձակ հայհոյանքներից հետո ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, անդրադառնալով տեղի ունեցածին, հայտնել էր, թե պատգամավորի վարքագիծը դատարանում քննության առարկա չեն դարձնի. «Դատարան չենք կարող դիմել, քանի որ տեղի ունեցածը հրապարակային բնույթ չի կրել: Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված, վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում: Դա է պատճառը, որ ոստիկանությունը չի կարող օգտվել քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածից»:
Դատարան չդիմեցին, սակայն այդ օրերին տեղեկություններ տարածվեցին, թե ճանապարհային երկու ոստիկանները, ովքեր կանգնեցրել էին ԲՀԿ-ական պատգամավորի ավտոմեքենան, դիմում էին գրել Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորի վարքը քննության առնելու համար: Եվ, ահա, անցել է շուրջ երեք ամիս, եւ «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ոստիկանները ԱԺ էթիկայի հանձնաժողով նամակը այդպես էլ չեն ուղարկել: Իսկ պատճառը եղել է այն, որ պատգամավորը հետ է «կանգնել» իր կողմից հնչեցված հայհոյանքներից, երբ նրանից պատասխան են պահանջել: Օրենսդիրը վստահեցրել է, թե իր հայհոյանքները ոստիկաններին ուղղված չեն եղել: Մինչդեռ աղմկալի տեսանյութում ակնհայտ երեւում եւ լսվում է, որ նա հենց ճանապարհային ոստիկաններին է հայհոյում: Ի դեպ, չի բացառվում, որ Հրանտ Դավթյանը իր կողմից արված հայհոյանքներից հրաժարվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր աշխատասենյակում երկու «դաստիարակչական ապտակ է» հասցրել պատգամավորին իր պահվածքի համար: Ստացվում է, որ Գասպարյանը կարողացել է «սթափեցնել» օրենսդիր դաշտում որեւէ գործունեություն չիրականացնող «դեպուտատ Հրանտին»:
ՀՀ ոստիկանապետի ապտակից հետո դաշտից «անհետացած» եւ իր կողմից հնչեցված հայհոյանքներից հրաժարված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանի հետ փորձեցինք զրուցել՝ հասկանալու համար, թե ուր է «կորել», ինչով է զբաղված:
Ի սկզբանե նկատենք, որ օրենսդիրը շատ ագրեսիվ էր տրամադրված, ու մեր այն հարցը, թե դեպքերից հետո ինչու հեռախոսազանգերին չեք պատասխանում, պատգամավորը հայտարարեց, թե շատ զբաղված է եղել ու չի «նկատել», որ իրեն զանգահարել ենք:
-Պարո՛ն Դավթյան, ճանապարհային ոստիկաններին հայհոյելուց հետո Դուք, կարծես թե, անհետացել եք դաշտից, իսկ հիմա նկատում ենք, որ Աժ եք գալիս աննկատ ու շտապ գնում ենք, մեկուսացած եք Ձեզ պահում:
-Ո՛չ, տենց բան չկա:
-Նույնիսկ Ձեր գործընկերներն են փաստում, որ Դուք այդ դեպքերից հետո «անհետացել» եք, ինչո՞ւ:
-Ի՞նչ միջադեպի մասին է խոսքը:
-Հունիսի 19-ին, երբ Երեւան-Աբովյան ճանապարհին ոստիկանները երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել էին Ձեր մեքենան, Դուք հայհոյել էիք ոստիկաններին եւ սպառնացել: Ավելին՝ տեղեկություններ կան, որ Ձեր այս պահվածքի համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապտակել է Ձեզ:
-Բայց տենց բան հնարավո՞ր է:
-Ինչո՞ւ ոչ, ի վերջո, ոստիկաններին էիք հայհոյել, նա էլ երկրի գլխավոր ոստիկանն է:
-Եթե ուշադիր լսեք ճանապարհային ոստիկանին, այդտեղ հայհոյանք չկա:
Այս խոսակցությունից հետո պատգամավորը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ ասելով, թե կխոսի այն ժամանակ, երբ մենք գնանք Էջմիածնում գտնվող իր գրասենյակ: Մի փոքր անց հորդորում էր որեւէ բան չգրել այս թեմայի մասին, քանի որ իրականում նման բան տեղի չի ունեցել: Շատ տխուր պատկեր էր, եւ այստեղ տեղին է հիշել մեծ «դասականին». դարձյալ Էջմիածնից ընտրված ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը ԱԺ ամբիոնից հռետորական հարցադրում արեց չէ. «Հնգեր Արամ, էդ քֆուր տալը գիտես, պատասխան չափալախը ուտում ես, պատասխան տալ էլ չգիտե՞ս: Կարգ ու կանոն պտի լինի՞ էս երկրում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՃՈ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՃՈ նախկին պետը դիմել է դատարան: Իսկ ի՞նչն է պատճառը:
«Ժողովուրդ»-ը 2015 թվականի փետրվարի 26-ին գրել էր, որ Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Մարգար Օհանյանը գույք է ձեռք բերել, եւ հանկարծ հայտնվել է գույքի իրական տերը եւ փորձում է այն հետ վերադարձնել:
Ի դեպ, Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չէր սահմանափակվել: Վերջինս փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարանին՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանի որոշակի գործողություններն արգելվեն: Եւ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել է: Տպավորությունն այնպիսին էր, որ գույքի այս կռիվը մեկ դատական վեճով կավարտվեր, սակայն… «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՃՈ նախկին պետն օգոստոսի 4-ին իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը:
Մարգար Օհանյանի եւ Մարինե Խաչատրյանի միջեւ ստեղծված դատական վեճը հիշեցնում է «Չարի վերջը» հեքիաթը՝ «Էս սարն իմն է, Էս ծառը իմն է», քանի որ Մարինե Խաչատրյանը դատարանի միջոցով փորձում է ապացուցել, որ Մարգար Օհանյանի ձեռք բերած գույքը պատկանում է իրեն, Մարգար Օհանյանը եւս հակընդդեմ հայցով փորձում է ապացուցել նույնը: Թե ինչպես կավարտվի այս դատական վեճը, թերեւս դժվար է ասել:
Նկատենք, որ Մարինե Խաչատրյանը դատարան էր դիմել դեռեւս փետրվարին, իսկ, ահա, Մարգար Օհանյանը 6 ամիս անց է գլխի ընկել, որ պետք է հակընդդեմ հայցով դիմի դատարան:

 

ՀՔԾ-Ն ԿՔՆՆԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում բժշկի, ոստիկանի եւ վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը «Արմենիա» ԲԿ-ի հիվանդներից մեկը՝ Դանիել Թովմասյանը, կոմայից դուրս գալուց հետո ծեծել էր բժիշկ Արթուր Պատվականյանին եւ վերջինիս օգնության հասած ոստիկանին: Ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ Դանիել Թովմասյանը փորձել է ոստիկանից խլել նրան ամրակցված հաշվեցուցակային զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել այն, որից հետո նախազգուշական կրակոց էր արձակել: Ավելի ուշ ոստիկանը կրակոցով մարմնական վնասվածք էր պատճառել հիվանդին: Եվ, ահա, քննչական կոմիտեն փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ` խուլիգանությունը, եւ 316-րդ 1-ին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցել էր քրեական գործ:

 
ՎԵՐՋԱՊԵՍ ԱՎԱՐՏՎԵՑ
Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է։ Այսուհետ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել ինը, իսկ Արարատյան դաշտավայրին եւ Երեւանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք: Թվայնացումն էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիան։

 

ԻՐԱԶԵԿՎԱԾ ԵՆ
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Արշակ Մուսախանյանի, Արմեն Գրիգորյանի, Դավիթ Հովհաննիսյանի իրազեկումը՝ հոկտեմբերի 13-15-ը՝ ժամը 11.00-23.00-ը Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-ից Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Իսկ մինչ այդ նախաձեռնության առաջին հանրահավաքը տեղի կունենա Գյումրիում, սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին:

 

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԱԾ-ԻՆ
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը, արձագանքելով Զարուհի Փոստանջյանին ուղղված ԱԱԾ-ի զգուշացմանը, երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Մենք տեսնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ն անզոր է մաքրել պետական իշխանությունը հանցագործներից, կազմակերպված հանցավոր խմբերից, կասեցնել ժողովրդի իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը եւ ազգային հարստության թալանը: Ուստի քաղաքացիների անհնազանդությունը, Ժողովրդի Վստահության Կառավարությունը իշխանության բերելու նպատակով երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար, հանդիսանում է ազգային անվտանգության վերականգնման անհրաժեշտ համազգային գործընթաց:
Կոչ ենք անում ԱԱԾ ղեկավարությանը՝ ազգի համար այս օրհասական պահին գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում եւ այսուհետ զերծ մնալ Բաղրամյան 26-ի թելադրանքի տակ գրված անհեռատես հայտարարություններից»:




Լրահոս