Անցած տարվա դեկտեմբերի 22-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը թոշակի անցնելու կապակցությամբ: Նշել էինք նաեւ, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի բարեկամը: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է միայն կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Մհեր Բիշարյանը, որը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի քրոջ ամուսինն է: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կանցկացվի 2013թ. մարտի 26-ին: Հիշեցնենք, որ Շ. Վարդանյանն այն պաշտոնյան էր, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ