ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԱՅՆ ՍԵՐԺԻՑ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն Ր. Հովհաննիսյանից խելամիտ առաջարկներ է սպասում, ասել է. «Եթե դրանք կցանկանա անել Սերժ Սարգսյանը, ես դրանք կլսեմ, բայց իմ առաջարկությունները, որոնք ես սիրով ներկայացրի նրան, չընդունվեցին: Եթե պարոն Սարգսյանը կարող է առաջարկներ անել` ուղղված այս համաժողովրդական ճգնաժամի լուծմանը, ես պատրաստ եմ լսել դրանք»:

ՎԱԽԻՑ
Գորիսում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ոչ ոք չի եկել: Հովհաննիսյանը որոշ ժամանակ սպասել է քաղաքի փողոցներից մեկում եւ դիմել քաղաքացիներին. «Նույնիսկ ընտրությունների կեղծված պաշտոնական տվյալներով՝ ինձ աջակցել է Գորիս քաղաքի ընտրողների 30 տոկոսը, իսկ այսօր հանդիպմանը ոչ ոք չի եկել: Բայց կարեւորն այլ է. ժամանակին Գորիսը պատասխանել է թուրքերի հարվածներին, պահել իր անկախությունն ու պատիվը: Այս օրերին կրկնվում է նույնը: Գորիսցիները սկսում են հաղթահարել վախը»: Հիշեցնենք, որ Գորիսը Լիսկայի` Սյունիքի հայտնի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ծննդավայրն է:

ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ
Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արտերկրում է` անտեսելով անգամ ՀՀ անվտանգության խորհրդի երեկվա նիստը, նրա խնամին` Հովիկ Աբրահամյանը, շարունակում է ինտենսիվ կերպով իրականացնել ԲՀԿ-ի լոբբինգը: Երեկ ԱԺ նախագահը հերթական անգամ ասել է, թե չի բացառում ԲՀԿ-ի վերադարձն իշխանական կոալիցիա. «Այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են սատարելու Սերժ Սարգսյանի ապագայի ծրագրերը եւ կցանկանան մեզ հետ կոալիցիա կազմել, ապա Ս. Սարգսյանի գլխավորությամբ մեր գործադիր մարմինն այդ հարցը կքննարկի»:

ԳՐԻՊ ԵՎ ԹՈՔԱԲՈՐԲ
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին 3579, 18-24-ին` 5033 դեպք): Սուր շնչառական վարակների առումով աճ է գրանցվել նաեւ շտապօգնության կանչերի ուղղությամբ: Հանրապետության մարզերի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպություններում ներկայում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 152, թոքաբորբի թեթեւ ձեւերով` 46 հիվանդ, Երեւանում` 300 հիվանդ սուր շնչառական վարակներով եւ 109 հիվանդ` թոքաբորբի թեթեւ ձեւերով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Փետրվարի 27-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օգնական Նվեր Պետրոսյանի եւ Արմավիրի դեռեւս քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդիների միջեւ: shamshyan.com-ի տեղեկացմամբ` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի հանձնարարությամբ` ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Միջադեպը տեղի է ունեցել Արմավիր քաղաքում, սակայն այն ծեծկռտուքի չի վերածվել, քանի որ տարածքում եղել են քաղաքացիներ:

ԿՈՐՈՇԵՆ
Կառավարության այսօրվա նիստում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին պաշտոնից ազատման մասին որոշում կկայացվի:

ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը բաց հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Պարո՛ն Սարգսյան,  ճակատագիրը Ձեզ եզակի հնարավորություն է տվել մանր կլանային, թիմային ու կուսակցական շահերի մեջ բզկտվող, ժողովրդից երես թեքած պետությունը դարձնել ժողովրդի պետություն: Կարծում եմ՝ Դուք այնքան խոհեմություն կունենաք, որ վեր կկանգնեք անձնական ու կուսակցական  ամբիցիաներից, վեր կկանգնեք մանր շահերից ու կանեք այն քայլերը, որի կարիքն այսօր զգում է երկիրը, զգում է Հայաստանի քաղաքացին: Դուք չեք կարող չտեսնել, որ ժողովուրդը մերժում է այն ընթացքը, այն ուղին, որը որդեգրել է  իշխանական վերնախավը: Չեք կարող չտեսնել, որ ժողովուրդն իր բողոքը հայտնում է երկրից հեռանալով: Պետք է սկսել երկիրը եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը: Դա է պետության եւ ազգի մասին մտածող, պետական, ազգային գործչի ճանապարհը»:




Լրահոս