ԾԵԾԵԼ ՈՒ ԱՍԵԼ ԵՆ՝ ՓԱԽԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Հրազդան» տոնավաճառում 47-ամյա Անահիտ Նիկոլայանի եւ 48-ամյա Աննա Հովհաննիսյանի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով երկուսն էլ հոսպիտալացվել են: Միմյանց ծեծելու պատճառը փողն է:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Հրազդան» տոնավաճառ: Նշենք որ ծեծկռտուքը տեղի է ունեցել տոնավաճառի մեծածախ հատվածում՝ բոլորին առավել հայտնի «բիրիքնոցում»:
Տոնավաճառի բոլոր աշխատակիցները տեղյակ էին կատարվածից, եւ շատերի համար դա նույնիսկ զարմանալի էլ չէր: «Դե մեր գործի բնույթը այդպիսին է, որ մեկը խաբում է, մեկը ապրանք է վերցնում ու փախնում: Մի խոսքով, տարբեր են իրավիճակները»,-ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որը, սակայն,  չցանկացավ ներկայանալ:
Մեզ հաջողվեց զրուցել ծեծկռտուքի մասնակիցներից Անահիտ Նիկոլայանի ամուսնու` Արայիկի եւ տղայի` Արթուրի հետ:
Տեղեկացանք, որ ծեծկռտուքի հետեւանքով Անահիտ Նիկոլայանը ճակատի ձախ քունքի շրջանի վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս վիրահատել են` գլխին դնելով երեք կար, իսկ Աննա Հովհաննիսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Կինս Աննային բիրիքով ապրանքներ էր տալիս, ու նա էլ տանում ծախում էր այլ տեղերում: Մեզ գումար էր պարտք, ու կինս Աննայից պահանջել էր այն»,-պատմեց Արայիկը:
Ըստ նրա` փետրվարի 16-ին Աննան եկել է տոնավաճառ ու պարտքը չի բերել: Երկու կանանց միջեւ սկսվել է լեզվակռիվ: «Կինս ասել է, թե թող գնա, հա՛, ամոթ չե՞ս անում, ես էլ եմ ընտանիք պահում, ինչո՞ւ ես խաբում ու փողը չես տալիս: Սակայն զայրացած Աննան այդ ժամանակ հրել է Անահիտին, ու նա ընկել է գետնին»,-պատմեց Անահիտի ամուսինը:
Նրա խոսքով` Անահիտն ընկած տեղից բարձրացել է ու ապտակել Աննային: Կատարվածից խիստ վրդովված Աննան զանգահարել է իր տղային եւ կանչել տոնավաճառ: «Կինս իր համար նստած է եղել ու տեսել, որ Աննայի տղան իր ընկերոջ հետ տոնավաճառում է, նրանք մոտեցել են ու հարվածներ հասցրել կնոջս: Կինս անօգնական ընկել է գետնին, իսկ նրանք անխղճի նման քացիներ են տվել, ի՞նչ խիղճ, բա միայնակ կնոջը այդ վիճակին հասցնո՞ւմ են»,-ասաց նա:
Անահիտի տղան՝ Արթուրը, ծեծկռտուքի պահին տոնավաճառում է եղել: «Գնացել էի թեյ գնելու ու եկա տեսա` մայրիկիս վիճակը սարսափելի էր»,-նշեց նա:
Արայիկից տեղեկացանք, որ դեպքից մի քանի օր հետո Անահիտի հայրը մահացել է, ու նա այս պահին գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
Մենք հեռախոսազրույց ունեցանք նաեւ Անահիտի հետ: «Շուկայում կան մարդիկ, որոնք Աննայի հետ աշխատել են եւ ինձ միշտ ասում էին՝ մի՛ տուր ապրանք նրան, նա խաբում ու միշտ ուշացնում է, իսկ ես ասում էի, թե մարդ է, խնդրում է՝ օգնեմ, ու տալիս էի»,-ասաց նա:
Անահիտի խոսքով` երբ Աննայի տղան ծեծել է իրեն, մայրն այդ պահին տղային ասել է՝ փախանք: «Նա ինձ պարտք է ընդամենը 37.000 դրամ, բայց գիտեք, հարցը պարտքը չէ, այլ այն փաստը, որ մի՞թե ես այն մարդն էի, որ նա ինձ հետ այդպես վարվեց»,-հիշելով կատարվածը՝ հուզված ասաց Անահիտը:
Շուկայում հետաքրքրվեցինք, թե ով է ճանաչում Աննա Հովհաննիսյանին, սակայն շատերը խուսափեցին խոսել. «Չգիտենք, նա այստեղ չի աշխատում, որ ճանաչենք նրան»: Տեղեկացանք, որ Աննա Հովհաննիսյանը չի աշխատում «Հրազդան» տոնավաճառում, պարզապես գալիս է ապրանք վերցնելու եւ այլ վայրերում վաճառելու նպատակով, իսկ թե որտեղ  է նա վաճառում իր ապրանքը, տոնավաճառի աշխատակիցներին կա՛մ հայտնի չէր, կա՛մ չցանկացան հայտնել:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս