ՀԱՐՑ. Եթե անձն ինչ-ինչ հանգամանքների բերումով չի հասցրել սահմանված ժամկետում պետտուրքի վճարում կատարել, ապա որքա՞ն տուգանք է հաշվարկվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որոնց՝ պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ: Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում: Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կես տոկոսն այնքան էլ մեծ գումար չէ, բայց ցանկացած տիպի պետտուրք վճարող մեր հայրենակիցներն ավելորդ ծախսից խուսափելու համար ճիշտ կանեն՝ ավելի հետեւողական գտնվեն՝ չխախտելով նման վճարումների համար նախատեսված ժամկետները: