ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 ՏԱՐՎԱ ՎԵՐՔԸ ՉԻ ՍՊԻԱՑԵԼ. ԴԵՌ ՎԻՐԱՎՈՐ ԵՆՔ
Այսօր մարտի 1-ի հինգերորդ տարելիցն է. 2008թ. նախագահական կեղծված ընտրություններին հետեւած հետընտրական պայքարն իշխանությունները փորձեցին կոտրել նախ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող մարդկանց վրա լուսադեմին հարձակվելով, ծեծի ենթարկելով ու հարյուրավոր մարդկանց ձերբակալելով: Իսկ  արդեն երեկոյան կրակեցին անզեն ցուցարարների վրա՝ սպանելով 10 հոգու եւ վիրավորելով հարյուրավոր մարդկանց: Այս ողբերգությունից հինգ տարի անց, ցավոք, պետք է փաստել՝ առ այսօր դե յուրե բացահայտված չեն մարտի 1-ի 10 սպանությունների գործերը, բացահայտված չեն մարդկանց ծեծի ենթարկելու եւ ցուցարարների վրա կրակելու հրաման տված ու այդ հրամանն իրականացրած անձինք. որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել իր արածների համար: Փոխարենը այդ օրերին նախագահի պաշտոնը զբաղեցնող եւ, ենթադրաբար, ցուցարարների վրա հարձակման հրաման տված Ռոբերտ Քոչարյանն անգամ հարցաքննության չհրավիրվեց ու հիմա շրջագայում է աշխարհում: Առ այսօր չհարցաքննվեց անգամ այդ ժամանակվա վարչապետ, 10 հոգու արյան վրա նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, որը շատ հանգիստ կեղծեց նաեւ այս նախագահական ընտրությունները: Այնպես որ, մարտի 1-ի էջը դեռ փակված չէ եւ չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել ու պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի իրական մեղավորները:




Լրահոս