ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ երեկ բողոքի էին դուրս եկել գյումրեցի ուսանողները: Ակցիան մեկնարկեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից: Մոտ 20 ուսանողներ ոտքով շարժվեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ: Որ ուսանողները դասադուլին պատրաստվել էին բավական երկար ժամանակ, փաստում էին հենց իրենք, միայն թե իրենց համար անհասկանալի էր այն, թե ինչու բողոքի ակցիայի կազմակերպման ակունքներում կանգնած ուսանողներն այսօր գնացել էին Երեւան՝ ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու: Արդեն ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների շարքերը համալրվեցին, եւ ուսանողները շարժվեցին Ռուսաստանի հյուպատոսարան: Տարբեր բուհերի ուսանողներ բողոքի ակցիային միացան արդեն ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ՝ մասնակիցների թիվը հասցնելով մոտ 300-ի: Ուսանողները նախ շնորհավորեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամբոջայի նախագահ ընտրվելու առթիվ, ցանկացան հաջողություններ աշխատանքում: Այնուհետ ընթերցեցին իրենց նամակն ու ցանկացան այն հանձնել հյուպատոսին, բայց հերթապահը թույլ չտվեց:
«Մենք ենք մեր երկրի տերը», «Ոչ անարդար ընտրություններին», «Ոչ բռնապետությանը» պաստառներով եւ «Հայաստան», «Բարեւ, Գյումրի՛» վանկարկումներով ուսանողները Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցով շարժվեցին Իտալիայի հյուպատոսարան: Ճանապարհին մի պահ կանգ առան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց, կարդացին ԿԸՀ Տիգրան Մուկուչյանին «ՀՀ վաստակավոր նկարիչ» տալու որոշումն ու շարունակեցին քայլերթը: Իտալիայի հյուպատոսը տեղում չէր, եւ ուսանողներին չհաջողվեց նրան հանդիպել: Նրանք միայն շնորհավորեցին հյուպատոսին` Ջիբութի նախագահ ընտրվելու առթիվ ու կրկին ցանկացան հաջողություններ աշխատանքում, իսկ իրենց պատրաստած նամակը հանձնեցին հերթապահին: Ուսանողների մեկնաբանմամբ՝ երկու երկրների հյուպատոսարան գնալը կապված է նրա հետ, որ այս երկու երկրների նախագահները շնորհավորել են Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բայց հաշվի չեն առել կամ չեն իմացել, որ ընտրությունների արդյունքները կեղծված են:
«Ընտրությունները կեղծվել են, ու մենք չենք պատրաստվումդա հանդուրժել: Ժողովուրդը հաղթել է եւ պայքարելու է այնքան, մինչեւ ճանաչվի հաղթանակը: Այլեւս թույլ չենք տա կեղծել մեր ապագան»,-հայտարարում էին ակցիայի մասնակիցները:
Ժամը 15:30-ին 4 խմբի բաժանված ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ֆլեշ մոբ: Տարբեր գրառումները ձեռքներին՝ ուսանողները 10 րոպե լուռ կանգնեցին: Նրանք բերանները փակել էին բժշկական դիմակներով, որոնց վրա կպցված էին 5000 դրամանոցների պատկերներ. «Մենք այս դիմակներով ցանկանում ենք ցույց տալ, որ 5000 դրամով մենք մեր ձայնը չենք վաճառում»: Նշենք, որ քայլերթի ողջ ընթացքում ուսանողներին ուղեկցում էին բազմաթիվ ոստիկաններ:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս