Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այնտեղ ապաստան հայցելուց հետո հայտնի դարձավ, որ նա վաղուց հաշվառված է Երեւանի հոգեբուժարանում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Վահան Մարտիրոսյանը դեռեւս տասը տարի առաջ՝ 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ: Սա այն միակ դեպքն է, երբ «Ժողովուրդ» օրաթերթը, առանց տվյալ անձի համաձայնության, հրապարակում է նրա անձնական կյանքին վերաբերող փաստական տվյալ: Սակայն այս դեպքում գործ ունենք մի անձի հետ, ով որոշել է ապաստանել Հայաստանի թշնամի երկրում եւ այդ երկրի իշխանությունների ձեռքում գործիք դառնալ` իր հայրենիքի դեմ օգտագործվելու համար: Ուստի, կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն համոզվելու, որ նման արարք իրեն կարող է թույլ տալ միայն հոգեկան հիվանդ մարդը:
Նախագահականում կազմակերպված ֆոտոսեսիայի մասնակիցները մասնավոր զրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոն չի զբաղեցնի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից շատերն ասացին, որ Սերժ Սարգսյանն ինքն անձամբ է բոլոր «լուսանկարվածներին» այդ մասին հավաստիացրել: ՀՀ նախագահի նստավայր գնացած քաղաքական ուժերն իրենց հանդիպման արդյունքում եկել են այն համոզման, որ նոր Սահմանադրության նախագծի ընդունվելու եւ ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանում սկսելու է գործել Խորհրդային Հայաստանի «պալիտբյուրոյի» կառավարման մոդելը, որտեղ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ նախագահ, լինելու է «ռայկոմի քարտուղարը»: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հավաստիացումներին էլ անվերապահորեն հավատալը անշնորհակալ եւ վտանգավոր գործ է: Ի վերջո, 2013-ի մարտին պատասխանատու լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե գազը չի թանկանա, բայց ընդամենը երեք ամիս անց գազի սակագինը բարձրացավ: Ու այդպիսի օրինակները շատ են:
Երգիչ Արմեն Գոնդրաչյանին` հայտնի Արմենչիկին, Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը վերջին օրերին քննարկվող հիմնական թեման է դարձել: Սակայն մինչ օրս այդպես էլ անպատասխան է մնացել այն հարցը, թե, ի վերջո, Արմենչիկին ինչպես է հաջողվել այդ կոչումը ստանալ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ երգիչ Արմենչիկը Մոսկվայում «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի միջոցով «վերաբերմունք է ցուցաբերել» ռուսական այն շրջանակներին, որոնք ի զորու էին ՀՀ նախագահի նստավայրում կազմվող ցուցակներում իր անունն ավելացնել: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է` փորձում է այս խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալ Արմենչիկից` սակայն ապարդյուն. մեր բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ի դեպ, հիշեցնենք, որ, ըստ լուրերի, Արմենչիկի կինը` Լուսինե Մանուկյանը, ով երկար տարիներ ապրել է Մոսկվայում, Արա Աբրահամյանի բարեկամուհին է:
Արդեն մոտ մեկ ամիս է՝ կասկածելի ծագումնաբանությամբ ինչ-որ կայքեր եւ անձինք տարբեր խողովակներով լուրեր են տարածում սկզբում, իբր դպրոցներից, հետո մանկապարտեզներից երեխաներ գողանալու մասին: Իհարկե, այդ լուրերը հերքվում են, բայց արդյունքում հատկապես մարզերում խուճապային տրամադրություններ են տարածվում, մարդիկ վախենում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկել. անգամ այդ հաստատությունների ղեկավարներն են սկսել զգուշանալ: Սկզբում թվում էր՝ այդ լուրեր տարածող կայքերը «լայք» հավաքելու համար են այդպես վարվում, բայց այժմ արդեն լուրջ կասկածներ են առաջանում, որ այս «լրատվական ահաբեկչությունը» կոնկրետ կետից ուղղորդվող եւ հեռու գնացող նպատակով գործընթաց է: Մասնավորապես, չի բացառվում, որ այս «ահաբեկչության» թիկունքում կանգնած են հենց ՀՀ իշխանության որոշակի կառույցներ, իսկ նպատակն էլ այն է, որ այս պատմությունը մատնացույց անելով՝ պնդեն, թե իբր անհրաժեշտ է փոխել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը՝ նոր օրենքում ներդնելով կայքերի վերահսկողության կոնկրետ գործիքներ: Ի դեպ, նման չճշտված տեղեկությունները հրապարակում են բացառապես իշխանական կոնկրետ շրջանակներից սնվող լրատվամիջոցներ, եւ նրանց պատասխանատուներին գտնելը 1 րոպեի հարց է ընդամենը: Այլ հարց է, թե ինչու չի արվում:
ՀԱԿԱՀԱՐՎԱԾԱՅԻՆ
Ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի վերջին ռմբակոծություններից հետո, որոնց արդյունքում երեք խաղաղ բնակիչ զոհվեց, երկուսն էլ վիրավորվեցին, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում, սակայն, հերթական անգամ հավասարության նշան են դրել կողմերի միջեւ: «Մենք ամենավճռական արտահայտություններով դիմում ենք կողմերին, որպեսզի նրանք խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր պատճառելուց»,-ասված է հայտարարությունում:
Ինչպես միշտ նման դեպքերում, մեր արտգործնախարարության պաշտոնյաները պիտի հայտարարեին, թե քանի որ խաղաղ բնակչության շրջանում հենց հայկական կողմն է զոհեր տվել նախօրեին, ապա ինքնին հասկանալի է, թե ում է ուղղված միջնորդների հայտարարությունը, սակայն երեկվա հայտարարությամբ միջնորդները, փաստորեն, տեղ չեն թողել նման մեկնաբանության համար` հատուկ արձանագրելով. «Մենք չենք կարող վստահ ասել, թե ինչպես ծագեց բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին»։
Փաստորեն, այս հայտարարությամբ ակնհայտ է դառնում, որ ԵԱՀԿ միջնորդները չեն ցանկանում նյարդայնացնել ադրբեջանական կողմին` հստակ տեղեկացված լինելով, որ հենց վերջինս է գնդակոծությունների հեղինակն ու ծանր սպառազինություններ կիրառողը: Սա չափազանց մտահոգիչ փոփոխություն է միջնորդների գործելակերպում, որով նրանք, փաստորեն, բացահայտորեն արձանագրում են իրենց անկարողությունը սահմանային զարգացումների վերահսկողության հարցում: Նրանք առաջարկում են կողմերին «աշխատել ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի մշակման ուղղությամբ», մի բան, որին Հայաստանը վաղուց` 2011թ. Սոչիում կայացած հանդիպումից ի վեր, տվել է իր համաձայնությունը, այնինչ՝ Ադրբեջանը տեւական ժամանակ անգամ ֆորմալ իմաստով ընդդիմանում էր: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն արդեն իսկ սպառել է իրեն, եւ դա ժխտելն ու դրան ընդդիմանալը ինքնախաբեություն եւ ժամանակի անթույլատրելի կորուստ է մեզ համար:
Հայաստանի իշխանությունները, սկսած այս տարվա սկզբից, հայտարարում են, որ այսուհետ իրենց իրավունք են վերապահում Ադրբեջանին պատասխան հզոր կանխարգելիչ հարվածներ հասցնել, սակայն այդպես էլ դա չեն անում` չնայած հետզհետե աճող ագրեսիային եւ նորանոր զոհերին: Եթե պատճառը ԵԱՀԿ միջնորդների կողմից կոշտ քննադատության արժանանալու մտավախությունն է, ապա երեկվա հայտարարությունից հետո այն պետք է որ վերացած լինի: Եվ եթե այսքանից հետո էլ հայկական կողմը համարժեք կերպով չպատասխանի ադրբեջանական օրեցօր լկտիացող ագրեսիային, ապա դա կլինի սեփական թուլության բացահայտ արձանագրում: