ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին ութ ամիսների վիճակագրության պաշտոնական տվյալները, ըստ այդմ, գործազրկության մակարդակն անցած տարվա համեմատ կրկին աճել է: Անցած տարվա արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել էր 17,5 տոկոս:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 19,1 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 18,2 տոկոս: Ի դեպ, ուշագրավն այն է, որ գործազրկության մակարդակը այս տարվա առաջին եռամսյակի համեմատ մի փոքր իջել է, ոչ այն պատճառով, որ զբաղվածության մակարդակն է բարձրացել: Զբաղվածների թիվը, երկրորդ եռամսյակում նվազել է. 1 մլն 101 հազարից իջել է 1 մլն 82 հազար: Գործազրկության մակարդակը ԱՎԾ-ն հաշվարկում է՝ գործազուրկների թիվը տնտեսապես ակտիվ բնակչության թվի հետ համեմատելով: Արդյունքում, ԱՎԾ-ն նվազեցրել է տնտեսապես ակտիվ բնակչության, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի աշխատունակ բնակչության թիվը, ինչի շնորհիվ զբաղվածների թվի անկումը չի հանգեցրել գործազրկության ցուցանիշի բարձրացման: Մի խոսքով, թվանկարչություն: Ի դեպ, բացարձակ թվերով, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի գործազուրկների թիվը կազմում է 241 հազար 500 մարդ:
Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի պետական պարտքը այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 753 միլիոն 809 հազար դոլար: Այս գումարից 4 միլիարդ 68 միլիոն 363 հազար դոլարը դա Հայաստանի արտաքին պետական պարտքն է: Մի ուշագրավ տվյալ եւս, Հայաստանի պետական պարտքը մեկ ամսում աճել է 30 մլն 854 հազար դոլարով, բայց արտաքին պարտքը աճել է 43 միլիոն 953 հազար դոլարով: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունը եւ կենտրոնական բանկը միջազգային կազմակերպություններից վերցված վարկային միջոցներով ներքին պարտք են մարել: Ի դեպ, վերջերս ԱՎԾ-ն հրապարակել էր անցած տարվա դրությամբ Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը: Ըստ այդ տվյալների՝ 2014-ի ամփոփ տվյալներով Հայաստանի պետական արտաքին պարտքը կազմել է 3 միլիարդ 931 միլիոն 40 հազար դոլար: Ստացվում է, որ այս տարվա ութ ամիսներին Հայաստանի արտաքին պարտքն աճել է 137 միլիոն դոլարով: Նշենք նաեւ, որ Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը, որի մեջ մտնում են ինչպես ՀՀ Կառավարության եւ ԿԲ-ի, այլ նաեւ մասնավոր բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունները, կազմում է 8 միլիարդ 536 միլիոն 520 հազար դոլար:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները գումարային արտահայտությամբ աճել են 4,4 տոկոսով: Սակայն, եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում գնաճը, ըստ պաշտոնական թվերի, կազմել է 5 տոկոս, ապա ստացվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները` իրային արտահայտությամբ, ոչ միայն չեն աճել, այլ նաեւ մի բան էլ նվազել են: Երբ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ըստ ոլորտների ենք դիտարկում, վիճակն առավել քան ողբերգական երանգներ է ստանում: Բանն այն է, որ ողջ արդյունաբերության աճը պաշտոնական վիճակագիրները միայն մեկ ոլորտի` հանքարդյունաբերության հաշվին են ապահովել: Այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 36,1 տոկոսով ավել հանքաքար է արդյունահանվել: Իսկ Հայաստանի հիմնական ճյուղում` մշակող արդյունաբերության ոլորտում, երեք տոկոսի անկում է արձանագրվել: Ավելին՝ մշակող արդյունաբերության ճյուղերից հիմնականներն են սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի եւ հիմնային մետաղների արտադրությունները: Նշված ոլորտներից աճ է արձանագրվել միայն ծխախոտի արտադրության բնագավառում` մոտ 60 տոկոսով, իսկ, ասենք, սննդի արտադրությունը նվազել է 9 տոկոսով, խմիչքը` 21 տոկոսով եւ այսպես շարունակ:
Նման պայմաններում, կարծում ենք, որ լրիվ տրամաբանական է, որ առեւտրի շրջանառության պաշտոնական ծավալները եւս պետք է նվազեին: Առեւտրի շրջանառության ընդհանուր անկումը կազմել է 5,4 տոկոս: Իսկ առանձնացված պատկերն այսպիսինն է՝ մանրածախ առեւտրի ծավալները նվազել են 7, մեծածախ առեւտրինը` 3, ավտոմեքենաների առեւտրինը` 7 տոկոսով:
Բնականաբար, պաշտոնական տվյալներին շատ մեծ կասկածանքով կարելի է վերաբերել, սակայն նույնիսկ դրանք են վկայում, որ Հայաստանի տնտեսությունը հաստատուն քայլերով գլորվում է դեպի անդունդը: Դժվար է ասել, թե մինչեւ երբ կարող է այսպես շարունակվել, բայց փաստ է, որ ՀՀ իշխանություններին այդ հանգամանքը առանձնապես ոչ էլ հուզում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՎՊ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՓՈԽՈ՞ՒՄ ԵՆ
Իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ իշխանության վերնախավում քննարկվում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը: Իշխանական աղբյուրներից արված արտահոսքի համաձայն՝ Ի. Զաքարյանն այդ հարցի շուրջ վերջերս զրուցել է Սերժ Սարգսյանի հետ ու համաձայնել պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել: Եւ այս հարցում Սերժ Սարգսյանին հիմնականում համոզել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Վերջինս տարիներ շարունակ ցանկանում է այդ պաշտոնում «նշանակել» վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, որն իր «ակումբի» անդամ է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից պարզել, թե որքան իրատեսական են իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունները: «Դրանք հիմար ու անհեթեթ տեղեկություններ են»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց Իշխան Զաքարյանը:

 

 

ԼՂՀ ԱԺ-ՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ
Երեկ ԼՂՀ խորհրդարանում մեկնարկել է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախքան նիստի մեկնարկը, օրենսդիրները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին Արցախի ու Տավուշի սահմանին զոհված զինվորների եւ խաղաղ բնակիչների հիշատակը: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման դեպքերն իրենց համար շատ ցավալի են: Ղուլյանը հավելել է, որ հրադադարի ռեժիմը խախտելու եւ հակամարտության գոտում իրադրությունը սրելու՝ Ադրբեջանի արկածախնդրությունը վերջին օրերին դրսեւորվել է աննախադեպ լկտիությամբ: ԼՂՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ իրենց պարբերական զգուշացումներն ու ահազանգերը միջազգային հանրությանը անհրաժեշտ ընկալման չեն արժանացել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմի գործողությունները գնալով ավելի են մոտենում վտանգավոր եզրագծին:

 

 

ԴԻՄՈՒՄԻ ՊԱՏՃԱՌԸ
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, սակայն, Մարտիրոսյանը աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդեն նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ինքը սեփական ցանկությամբ է ազատման դիմում գրել եւ ոչ թե պարտադրված: «Կարող եմ ասել, թե ինչն է եղել պատճառը, առողջական խնդիր ունեի եւ արձակուրդ վերցրեցի ու մեկնեցի արտերկիր, որպեսզի կարողանամ վերականգնվել, սակայն այդպես էլ չկարողացա: Ուստի դիմում գրեցի, բացարձակ այլ խնդիր չկա»,- ասաց Մարտիրոսյանը:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅԼ ԵԼՔ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Երեկ կայացել է ՀՀՊ նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցեւի հավատարմագրման կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին` Ս. Օհանյանը նշել է, վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետեւողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին եւ ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական եւ ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության եւ սեփական գերազանցության պատրանքը եւ նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ:

 

ՀԻՄՆԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱՐԵԼ
«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը հիմնավոր է համարել: Խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը: Այս կապակցությամբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը armlur.am-ին ասել է. «Հայտարարությունը դեռ նոր է: Վերլուծելու, մասնագետների հետ քննարկելու կարիք ունենք»: Մաքսիմի խոսքով` այս ամենի հետ կապված ընթացքում հանդես կգան հայտարարությամբ:

 

ՄԻԵՎՆՈՒՅՆ Է` ԿՏՈՆԵՆ
Երեւանի քաղաքապետարանը չեղյալ չի հայտարարի Էրեբունի-Երեւան տոնակատարության անցկացումը։ Այս մասին երեկ հայտարարել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը. «Այս տարի պետական միջոցներից տոնակատարության համար հատկացվել է 130 մլն դրամ գումար։ Քաղաքապետարանում քննարկվել է միջոցառումը չեղյալ հայտարարելու հարցը։ Սակայն սահմանամերձ գյուղերը Երեւանի վարչական տարածքից դուրս են, հետեւաբար քաղաքապետարանը լիազորություն չունի այն (տոնակատարությանը հատկացված բյուջեն «Ժ») ուղղելու սահմանամերձ գյուղերին»:

 

ԱԳՐԵՍՈՐ Է ԱՆՎԱՆԵԼ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի գագաթնաժողովում Ռուսաստանն անվանել է ագրեսոր երկիր, որը խախտում է ՄԱԿ հիմնական սկզբունքները: Պորոշենկոն Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ ահաբեկչության դեմ պայքարի լայն կոալիցիա ստեղծելու կոչով այդ երկիրը «իր տան շրջակայքում խրախուսում է ահաբեկիչներին»: Նա նաեւ ասել է, որ ՌԴ-ն իր սահմանների շուրջ անկայունության գոտի է ստեղծում, որի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, այժմ նաեւ Ղրիմը եւ Դոնբասը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Պորոշենկոյի ելույթի ընթացքում ռուսական պատվիրակությունը լքել է դահլիճը: Նույնն, ի դեպ, դրանից առաջ արել էին ուկրաինացի պատվիրակները Պուտինի ելույթի ընթացքում:

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատեւ հիվանդությունից հետո 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:

 

ԱՌԱՋԻԿԱ, ՈՐԸ ՉԻ ԳԱԼԻՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երեկ Կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից: Մասնավորապես խոսելով էներգետիկայի ոլորտի զարգացման վերաբերյալ՝ վարչապետն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքները տեսանելի կլինեն արդեն առաջիկա տարիներին, ինչի արդյունքում կունենանք կայուն եւ զարգացած էներգետիկ համակարգ:




Լրահոս