Հայաստանի տնտեսությունը հաստատուն քայլերով գլորվում է դեպի անդունդը. իշխանություններին այդ հանգամանքը ոչ էլ հուզում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը  հրապարակել է այս տարվա առաջին ութ ամիսների վիճակագրության պաշտոնական տվյալները, ըստ այդմ, գործազրկության մակարդակն անցած տարվա համեմատ կրկին աճել է: Անցած տարվա արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել էր 17,5 տոկոս:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 19,1 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 18,2 տոկոս:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ գործազրկության մակարդակը այս տարվա առաջին եռամսյակի համեմատ մի փոքր իջել է, ոչ այն պատճառով, որ զբաղվածության մակարդակն է բարձրացել: Զբաղվածների թիվը, երկրորդ եռամսյակում նվազել է. 1 մլն 101 հազարից իջել է 1 մլն 82 հազար: Գործազրկության մակարդակը ԱՎԾ-ն հաշվարկում է՝ գործազուրկների թիվը տնտեսապես ակտիվ բնակչության թվի հետ համեմատելով:

Արդյունքում, ԱՎԾ-ն նվազեցրել է տնտեսապես ակտիվ բնակչության, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի աշխատունակ բնակչության թիվը, ինչի շնորհիվ զբաղվածների թվի անկումը չի հանգեցրել գործազրկության ցուցանիշի բարձրացման: Մի խոսքով, թվանկարչություն: Ի դեպ, բացարձակ թվերով, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի գործազուրկների թիվը կազմում է 241 հազար 500 մարդ:

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի պետական պարտքը այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 753 միլիոն 809 հազար դոլար: Այս գումարից 4 միլիարդ 68 միլիոն 363 հազար դոլարը դա Հայաստանի արտաքին պետական պարտքն է: Մի ուշագրավ տվյալ եւս, Հայաստանի պետական պարտքը մեկ ամսում աճել է 30 մլն 854 հազար դոլարով, բայց արտաքին պարտքը աճել է 43 միլիոն 953 հազար դոլարով: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունը եւ կենտրոնական բանկը միջազգային կազմակերպություններից վերցված վարկային միջոցներով ներքին պարտք են մարել: Ի դեպ, վերջերս ԱՎԾ-ն հրապարակել էր անցած տարվա դրությամբ Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը:

Ըստ այդ տվյալների՝ 2014-ի ամփոփ տվյալներով Հայաստանի պետական արտաքին պարտքը կազմել է 3 միլիարդ 931 միլիոն 40 հազար դոլար: Ստացվում է, որ այս տարվա ութ ամիսներին Հայաստանի արտաքին պարտքն աճել է 137 միլիոն դոլարով: Նշենք նաեւ, որ Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը, որի մեջ մտնում են ինչպես ՀՀ Կառավարության եւ ԿԲ-ի, այլ նաեւ մասնավոր բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունները, կազմում է 8 միլիարդ 536 միլիոն 520 հազար դոլար:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները գումարային արտահայտությամբ աճել են 4,4 տոկոսով: Սակայն, եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում գնաճը, ըստ պաշտոնական թվերի, կազմել է 5 տոկոս, ապա ստացվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները` իրային արտահայտությամբ, ոչ միայն չեն աճել, այլ նաեւ մի բան էլ նվազել են: Երբ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ըստ ոլորտների ենք դիտարկում, վիճակն առավել քան ողբերգական երանգներ է ստանում: Բանն այն է, որ ողջ արդյունաբերության աճը պաշտոնական վիճակագիրները միայն մեկ ոլորտի` հանքարդյունաբերության հաշվին են ապահովել: Այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 36,1 տոկոսով ավել հանքաքար է արդյունահանվել: Իսկ Հայաստանի հիմնական ճյուղում` մշակող արդյունաբերության ոլորտում, երեք տոկոսի անկում է արձանագրվել: Ավելին՝ մշակող արդյունաբերության ճյուղերից հիմնականներն են սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի եւ հիմնային մետաղների արտադրությունները: Նշված ոլորտներից աճ է արձանագրվել միայն ծխախոտի արտադրության բնագավառում` մոտ 60 տոկոսով, իսկ, ասենք, սննդի արտադրությունը նվազել է 9 տոկոսով, խմիչքը` 21 տոկոսով եւ այսպես շարունակ:

Նման պայմաններում, կարծում ենք, որ լրիվ տրամաբանական է, որ առեւտրի շրջանառության պաշտոնական ծավալները եւս պետք է նվազեին: Առեւտրի շրջանառության ընդհանուր անկումը կազմել է 5,4 տոկոս: Իսկ առանձնացված պատկերն այսպիսինն է՝ մանրածախ առեւտրի ծավալները նվազել են 7, մեծածախ առեւտրինը` 3, ավտոմեքենաների առեւտրինը` 7 տոկոսով:

Բնականաբար, պաշտոնական տվյալներին շատ մեծ կասկածանքով կարելի է վերաբերել, սակայն նույնիսկ դրանք են վկայում, որ Հայաստանի տնտեսությունը հաստատուն քայլերով գլորվում է դեպի անդունդը: Դժվար է ասել, թե մինչեւ երբ կարող է այսպես շարունակվել, բայց փաստ է, որ ՀՀ իշխանություններին այդ հանգամանքը առանձնապես ոչ էլ հուզում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս