«Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի Է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժների պարգևատրումը: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին` իրենց երկարամյա և անբասիր աշխատանքի համար:
«Կրթության ոլորտի երեք հիմնական տոներից մեկը հենց Ուսուցչի օրն է` Գիտելիքի օրվա և Վերջին դասի հետ միասին: Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի մանկավարժների 38 հազարանոց բանակին, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող ուսուցիչներին: Շնորհակալություն ձեր նվիրումի համար: Ընդունված է ասել, որ մանկավարժի աշխատանքը նախ առաքելություն է, հետո նոր մասնագիտություն, և միայն մասնագետ լինելը բավարար չէ` աշխատելու և հաջողության հասնելու համար: Շատ քիչ են Հայաստանում մասնագիտությունները, որոնց նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը իրականում ձևավորվել է արժանավոր և ավանդական ձևով: Շնորհակալ եմ այն լույսի և ջերմության համար, որ ամեն աշխատանքային օր արձակում եք` հանուն մեր երեխաների ավելի լուսավոր ապագայի»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այսօրվա միջոցառմամբ բացվում է տոնակատարությունների այն շղթան, որը փոխանցվելու է ԱԺ-ին, Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, մարզերին:
«Ցանկանում եմ, որ իրականում այս օրով լիցքավորվեք մինչև մյուս տարի և այս ջերմությամբ կարողանաք հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք անբաժան են մանկավարժի աշխատանքից»,-նշել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով միջոցառմանը ներկա ուսուցիչ տղամարդկանց թվի աճով: «Իհարկե, դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա, որը որոշակի ազդեցություն է թողնում աշակերտների դաստիրակչական աշխատանքների վրա: Նրանց թիվn ավելացնելու համար պետք է մանկավարժի վարձատրությունը հասցնել պատճաշ մակարդակի: Խոստովանենք, որ այսօր մանկավարժի աշխատանքը մի քանի անգամ ավելի գնահատականի է արժանի: Այդ ուղղությամբ նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացում` Կրթության գերազանցության ազգային ծրագիր, տարակարգերի մեխանիզմների ներդրում և այլն: Այո, մենք ուժեղ ենք միասին. ձեզ ենք պարտական այն հաջողությունների համար, որ արձանագրում է մեր կրթական համակարգ»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Միջոցառման ավարտին նախարարը մի խումբ լավագույն մանկավարժների պարգևատրել է ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով», ՀՀ ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով: