ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏՆ ԻՆՉՈ՞Վ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն իր առջեւ դրված առաջադրանքը կարծես թե կատարել է: Սույն փաստաթղթով միանշանակորեն ապահովելով Սերժ Սարգսյանի հետնախագահական իշխանավարումը՝ հանձնաժողովը զուգահեռաբար տապալվել է ժողովրդավարական արժեքներին, ազգային-պետական առանձնահատկություններին համապատասխան եւ օրենքի գերակայությունը երաշխավորող սահմանադրության նախագիծ մշակելու գործում: Մի կողմ է դրված գործող Սահմանադրությունը, եւ առաջարկվում է լիապես նոր փաստաթուղթ, որտեղ անգամ փոփոխված է հանրապետութան նախագահի երդման տեքստը: Նախագահի երդման համար առաջարկվող տեքստն ամբողջովին փոխանցում է այն անլուրջ վերաբերմունքը, որ դրսեւորել է Սերժ Սարգսյանի հանձնաժողովը մեր պետության մայր օրենքի նկատմամբ:

Հարկ է նախ նկատել, որ ՀՀ գործող Սահմանադրության 54-րդ հոդվածում արձանագրված հանրապետության նախագահի երդման տեքստը սահմանում է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»: Երդման այս տեքստը, կարելի է ասել, նախանշում է, թե նախագահը կոնկրետ որ հարցերում է պատասխանատու եւ ինչպիսի խախտումների կամ սխալների համար կարող է մեղադրվել: Հանրապետության նախագահի կողմից այսպիսի երդմանը զուգահեռ Սահմանադրության ցանկացած խախտում անթույլատրելի է, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները անարգելը՝ դատապարտելի, իսկ անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության ոլորտում նվազագույն վրիպումը՝ հավասար պետական դավաճանությանը: Այսպիսի երդում տվող պաշտոնյան անձամբ եւ ի պաշտոնե պատասխանատու է պետության ներկայիս դրության համար:
Այժմ տեսնենք, թե ինչպիսի երդում է տալու հանրապետության նախագահը նոր Սահմանադրությամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ բոլոր ուժերը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»: Իրականում բավականին տարօրինակ է «հավատարիմ» բառի գործածությունը, քանզի նույնիսկ հանձնաժողովը պիտի հասկանար, որ նախագահի պաշտոնի համար տրված երդումն արմատապես տարբերվում է եկեղեցում կատարվող հարսանեկան ծեսից: Իսկ վերջին ձեւակերպումից այնպիսի տպավորություն է, որ երդումը տրվում է երիտհանրապետական մի ժողովում: Ինչպե՞ս կարելի է հանրապետության նախագահի երդման խոսքն այդպես անլրջացնել ու զրկել որոշակիությունից: Հարց է ծագում՝ իսկ այս դեպքում ո՞վ է երդվելու անվերապահորեն հետեւել Սահմանադրությանը, պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, թե՞ այդ ոլորտներում վաղուց արդեն պաշտպանելու բան չի մնացել:
Կարծում ենք՝ մտածված է նախագահի պաշտոնին լիովին անհարիր մի տեքստ: Այս կարծիքն ավելի հիմնավոր է դառնում, երբ հայացք ենք ձգում Գերմանիայի Սահմանադրությանը, որին այնքան հաճախ հղում են կատարում մասնագիտական հանձնաժողովի անդամները: Վերջինս նախագահի համար սահմանում է հետեւյալ ձեւակերպումը.«Երդվում եմ ջանք չխնայել ապահովելու գերմանական ժողովրդի բարեկեցությունն ու բարօրությունը, պաշտպանել վտանգներից, պահպանել ու պաշտպանել Սահմանադրությունն ու դաշնային օրենքները, ազնվաբար իրականացնել իմ պարտականությունները եւ երաշխավորել արդարությունը: Աստված ինձ օգնական»: Կարելի է բառացի համեմատել ՀՀ գործող Սահմանադրության, առաջարկվող տարբերակի եւ գերմանական Սահմանադրության երդման տեքստերը: Տարբերությունն ակնհայտ է՝ հաստատապես ոչ Սերժ Սարգսյանի առաջարկած նոր Սահմանադրության օգտին: Ավելի նախընտրելի կլիներ, եթե տառացի արտագրվեր գերմանական տարբերակը: Հատկանշական է, որ միջազգային փորձը կրկին չի կիրառվել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կար: Հետաքրքիր է, որ անձնական շահերը սպասարկող դրույթները Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներն արդարացնում են միջազգային փորձով, մինչդեռ այսպիսի գավառական «նորարարությունների» պարագայում հղում անում «ազգայինին»:
Իհարկե, չենք կարող չնկատել,որ հանրապետության նախագահի երդման տեքստը մինչ այս առանձնապես չի խանգարել, որ այն արտասանողները կարծես լծվեն Հայաստանը «շենացնելու» գործին: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի բոլոր նվագածուները անդադար փնովում են գործող Սահմանադրությունը եւ ինքնամոռաց համոզում, որ միայն ու միայն առաջարկվող տարբերակի ընդունման դեպքում Հայաստանը կփրկվի: Այդ անհեթեթությունների տրամաբանությունը, սակայն, անմիջապես խարխլվում է հենց առաջարկվող այս տարբերակի մանրամասն քննության պարագայում: Պարզ եւ անկեղծ մի հարց է առաջանում՝ այդ ինչո՞վ էր խանգարում նախագահի երդման ներկայիս տեքստը, որ այն նույնպես վերանայել են: Ի՞նչ է, նախագահի երդման տեքստն էր մեղավոր, որ այդ պաշտոնում աշխատող Սարգսյանը շարունակաբար արհամարհել է թե՛ իր երդումը, թե՛ պարտականությունները: Հարկ է, սակայն, նկատել, որ աղճատելով գործող Սահմանադրությունը եւ կազմաքանդելով պետական ինստիտուտները՝ Սերժ Սարգսյանի հանձնաժողովը ենթագիտակցորեն չի կարողացել զերծ մնալ նաեւ երդման տեքստի աղավաղումից: Վերջապես մտադրվելով Սահմանադրությունը իջեցնել Հայաստանում այսօր տիրող համատարած ապօրինության մակարդակին՝ հանձնաժողովը իրականությանն է մոտեցրել նաեւ երդման տեքստն ու դրա բովանդակությունը: Այսօրինակ անորոշ, հստակ պատասխանատվություն չպահանջող երդում տվող նախագահից այլեւս ոչինչ չի կարելի պահանջել: Առաջարկում ենք Սահմանադրության նախագծում առանձին գլխով ներկայացնել ՀՀԿ-ի առաջնորդին վերաբերող դրույթները՝ նրան վերապահելով երդվել հանրապետության նախագահի երդման ներկայիս տեքստով: Այս դեպքում գոնե կիմանանք՝ ով է իրավիճակի պատասխանատուն, թե չէ նոր Սահմանադրությամբ ոչ մի պաշտոնյա իրական պատասխանատվությամբ օժտված չէ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ ՏՎԵԼ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Այս օրերին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ակտիվ քննարկվում է այն մասին, որ Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանը պատրաստվում է իր ընտանիքի հետ Հայաստանից հեռանալ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մտադիր է մշտական բնակության մեկնել Ֆրանսիա, ավելին՝ նախատեսված փաստաթղթային գործընթացն ավարտման փուլում է: Այս առիթով «ժողովուրդ»-ը զրուցեց Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, ըստ որոշ տեղեկությունների՝ Դուք Ձեր ընտանիքի հետ միասին պատրաստվում եք Հայաստանից մեկնել դեպի Ֆրանսիա՝ մշտական բնակության: Ճի՞շտ են այս տեղեկությունները:
-Ո՞վ է նման բան ասել: Նման բան չկա:
-Նաեւ քննարկվում է, որ Ֆրանսիայում ունեք սեփական բնակարան եւ բիզնես:
-Ես մի բնակարան ունեմ, այն էլ Արտաշատում: Այլ երկրում բնակարան չունեմ: Ավելին՝ չեմ պատրաստվում առաջիկայում Հայաստանից մեկնել:
-Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: Աշխատանք չունե՞ք:
-Դեռ հանգստանում եմ: Անձնական որոշ գործեր ունեմ, վերջացնեմ, կմտածեմ, թե ինչով զբաղվել:
-Իսկ պետական կառույցներից աշխատանքի առաջարկություններ ստացե՞լ եք:
-Դեռ առաջարկ որպես այդպիսին չէ… ինձ թվում է՝ առաջիկայում անպայման կլինի:
-Այսինքն՝ առաջարկ ստացել եք, բայց չե՞ք հարմարվում:
-Կոնկրետ բան չկա, բայց երբ լինի, առաջինը Դուք տեղյակ կլինեք: Սպասում եմ:
-Պարո՛ն Մուրադյան, Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ ակտիվ քննարկվում էր, որ Դուք մեծ ցանկություն ունեիք առաջադրել Ձեր թեկնածությունը, սակայն Աբրահամյանների ընտանիքը «թույլ չտվեց»: Ինչի պատճառով խիստ վիրավորված էիք նրանցից:
-Այդպես չի եղել, դա իմ ցանկությամբ է եղել: Այդ խոսակցությունները իմ ականջին էլ են հասել, եւ ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ ցանկությամբ չեմ առաջադրել թեկնածությունս: Ես ինքս չեմ ցանկացել նորից առաջադրվել: Նաեւ ոչ ոքից չեմ նեղացել:
-Իսկ նորանշանակ քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, աշխատանքային առաջարկով չի՞ դիմել:
-Չէ, քաղաքապետն ի՞նչ պետք է առաջարկի:
-Իսկ Դուք աշխատանքային առաջարկով չե՞ք դիմել իրեն:
-Ո՛չ, ես ինքս էլ չեմ դիմել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 
ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏԵՐԸ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
Տավուշի մարզի սահմանագոտում վերջին երկու օրերին համեմատաբար խաղաղ է, ադրբեջանական զինուժը չի գնդակոծում մարզի սահմանամերձ գյուղերն ու դաշտերում բերքահավաք անող գյուղացիներին: Տավուշում մառախլապատ եղանակ է, ինչը թույլ է տալիս մառախուղի քողի տակ, ադրբեջանցի դիպուկահարների աչքից հեռու, խաղողի բերքահավաք անել: Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղը մարզի սահմանամերձ, առավել գնդակոծվող գյուղերից է: Այգեպարի գինու գործարանն անցյալ տարի Բերդի տարածաշրջանի խաղողագործներից խաղող էր ընդունել: Սակայն այս տարի գործարանը գյուղացիների բերքը չի ընդունում: Նշենք, որ Այգեպարի գինու գործարանի սեփականատերը ծագումով Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղից Անդրանիկ Այվազյանն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն ասաց, որ ինքը չգիտի վերջինիս գտնվելու վայրը, չի կարողանում նրա հետ հեռախոսով կապ հաստատել, որպեսզի պարզի, թե ինչու գործարանն այս տարի խաղող չի մթերում: Գյուղապետի խոսքերով՝ այժմ գործարանում ընդամենը 2 պահակ է աշխատում, որոնք գործարանի սեփականատիրոջ գտնվելու վայրի մասին անտեղյակ են: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարի խաղող չընդունելը Անդրանիկ Այվազյանը պատճառաբանել է գործարանում առկա էլեկտրական հոսանքի հետ կապված խնդիրներով: Մարզպետարանից եւս հայտնեցին, որ Անդրանիկ Այվազյանն այժմ անջատել է իր բջջային հեռախոսահամարները, եւ նրա գտնվելու վայրն անհայտ է: Արդյունքում` Բերդի տարածաշրջանի մի քանի հազար խաղողագործներ, ովքեր անցյալ տարի իրենց աճեցրած Բերքը հանձնել էին Այգեպարի գինու գործարան, այժմ չգիտեն, թե որտեղ իրացնեն իրենց բերքը:

 

68 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Տավուշի մարզպետարանում հաշվարկել են այս տարվա սեպտեմբերի 1-5-ը եւ սեպտեմբերի 23-24-ը ադրբեջանական գնդակոծության հետեւանքով մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների կրած նյութական վնասները: Դրանք կազմում են շուրջ 68 միլիոն դրամ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացանք, որ հաշվարկվել է ադրբեջանական գնդակոծությունից վնասված ընդհանուր թվով 588 միավոր գույքին պատճառված վնասը: Ադրբեջանական զինուժի ոտնձգություններից Տավուշի սահմանամերձ գյուղերում վնասվել են առանձնատներ, դրանց տանիքներ, պատուհաններ, մարդատար ավտոմեքենաներ եւ այլն: Տավուշի մարզպետարանը վնասների վերաբերյալ տվյալները առաջիկայում կներկայացնի Կառավարություն, որպեսզի հակառակորդի կրակից տուժած գյուղացիներին դրամական փոխհատուցում տրվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս