Մեղավոր է ճանաչվել` ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, այն է`առանց հատուկ թույլտվության խաղային ապարատներ շահագործելու եւ եկամուտ ստանալու համար Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել ազատազրկման:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Հովհաննիսյանը 2009-2010թթ. մեկնել է ՌԴ եւ Մոսկվայում բնակվելու ընթացքում ձեռք բերել “Casino” եւ “Счастливое число” խաղային ապարատներ, դրանք մասնատել եւ 2010թ. նոյեմբերի 19-ին տեղափոխել է Հայաստան:
Ա.Հովհաննիսյանը 2011թ.սեպտեմբերի 15-ին նշված ապարատներն ինքնուրույն հավաքել է եւ տեղադրել Արմավիրի մարզի Նորապատ համայնքի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում: Չունենալով հատուկ թույլտվություն նա դրանք շահագործել է մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 13-ը եւ եկամուտ ստացել:
Ա.Հովհաննիսյանը դատաքննության ընթացքում զղջացել է կատարած հանցանքի համար եւ խնդրել իրեն ժամանակ տրամադրել` պետությանը պատճառված վնասը հատուցելու համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մարտի 13-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով` նրան զրկելով լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 1 տարի ժամկետով:




Լրահոս