Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում նախորդ տարի Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: Ջերմաարդիականացված առաջին շենքում կատարված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Շենքի բակում կազմակերպված բացօթյա քննարկմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը: Տեղեկացվել է, որ շենքի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով դրա բարձր սեյսմակայունությունը, այստեղ գործող կենտրոնացված ջեռուցման համակարգը, ինչը թույլ է տվել առավել հիմնավոր պատկերացում ունենալ, թե որքան արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը:
Աշխատանքները ներառել են շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանահարթակներում դռների և պատուհանների փոխարինում, տանիքի ջրամեկուսացում և շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում։ Շենքի բնակիչները փաստել են, որ գործնականում արդեն համոզվել են ծրագրի արդյունավետության մեջ` նախկինի համեմատ ավելի քան կիսով չափ կրճատելով բնակարանների ջեռուցման ամսավճարը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Եվրոպական ներդրումային բանկը քննարկում են ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ համայնքային ենթակայության հանրային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա ծրագրերը: