Այսօր նկարահանվող ֆիլմերն ինձ բացարձակ դուր չեն գալիս. Սամվել Թոփալյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սամվել Թոփալյանին հեռուստադիտողները վերջերս տեսան բոլորովին նոր ժանրում: «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում նա մարմնավորում է գլխավոր հերոսի կերպարը: Սամվելը «Ժողովուրդ»-ին պատմել է իր կերպարի մասին, պարզաբանել, թե ինչու վերջերս չի նկարահանվում ֆիլմերում եւ սերիալներում:

-Սամվե՛լ , «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում ընդգրկվելու առաջարկը Ձեզ ինչո՞վ գրավեց: Հումորային այդ կերպարը որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ:

-Ինձ համար կարեւոր չէ` դրամատիկ բնույթի գործ կլինի, թե հումորային. ես մասնագիտությունս սիրում եմ եւ չեմ մտածել այդ հոգեհարազատության մասին: Ընդամենը իմ հնարավորությունների սահմանում իմ գործն եմ անում: Իսկ կերպարս շատ հումորային չէ, նրա շուրջ ստեղծվող իրավիճակներն են հումորային: Ընդհանուր աշխատանքային մթնոլորտն ինձ շատ է դուր գալիս:

big_1328964058_9577237_ts1328973072

-Գեղարվեստական ֆիլմերում վերջերս Ձեզ չենք տեսնում: Դուք նախընտրած ռեժիսոր ունե՞ք:

-Չեմ մտածել նախընտրելի ռեժիսորի մասին, բայց այսօր նկարահանվող ֆիլմերը ինձ բացարձակ դուր չեն գալիս. դրանք ամեն ինչի մասին են` բացի մարդուց: Այդ ֆիլմերն ավելի շատ մեքենաների, հագուստի մասին են եւ ոչ մարդկային փոխհարաբերությունների եւ զգացումների: Այդ ամենը մի բանի համար է արվում` փողի:

-Գրական գործերի հիման վրա նկարահանված հայկական ֆիլմերը շատ են քննադատվում, մասնագետներն ու հանրության մի ստվար զանգված նշում է, որ պրոֆեսիոնալ մոտեցումը պակասում է: Ի՞նչ կասեք: Թերեւս, Ձեր մասնակցությամբ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմն ամենաքիչ քննադատվածների թվում է...

-Այդ ֆիլմերը կարող էին շատ ավելի լավը լինել: Էներգետիկ մի բան կա, որ դրանցում պակասում է. երկրորդ անգամ չես ուզում այդ ֆիլմերը նայել: Խնդիրը կապված է նաեւ գումարի հետ. լավ կինո նկարելը հարուստ պետության գործ է:

-Հեռուստասերիալներում եւս չեք երեւում. հրավերներ չունե՞ք:

– Եղել են հրավերներ, բայց այնպիսի դիրք եմ բռնել, որ չստացվի…

-Այսինքն` հոգնե՞լ եք դրանցում նկարահանվելուց:

-Դե հա, հոգնեցուցիչ է…

-«Գոյ», Հ. Մալյանի անվան թատրոնները, «Թատրոն 32»-ը միանգամայն տարբեր հարթակներ են: Կարողանո՞ւմ եք բոլոր այս տեղերում միաժամանակ ներգրավվելով` ներդաշնակություն մտցնել Ձեր աշխատանքում, թե՞ հենց բազմազանությունն է գրավում Ձեզ այս պարագայում:

-Այս երեք թատրոններն էլ ինձ հոգեհարազատ են ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ անձնակազմի անդամների ունեցած մարդկային որակների առումով: «Գոյ»-ը իմ ուսուցչի հիմնած թատրոնն է, վերանորոգումից հետո վերջերս այն նոր շունչ է մտցրել իր աշխատանքում, խաղացանկային ներկայացումներից զատ մենք ունենք ազատ բեմ, «Գոյ» կինո, որտեղ ցուցադրվում են հեղինակային ֆիլմեր, հանդիպումներ ենք ունենում արվեստագետների հետ, աստիճանաբար թարմացնում ենք նաեւ խաղացանկը: Մալյանում աշխատում եմ արդեն 8 տարի, գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, կարծում եմ, իր հոր արվեստի ավանդույթների անմիջական եւ լավագույն ժառանգորդն է, այդ թատրոնն ընտանիքի պես է ինձ համար դարձել, իսկ «Թատրոն 32»-ում էլ իմ ընկերներն են, համակուրսեցիները:

sam2

-Սամվե՛լ, թատերական ինստիտուտում սովորելու տարիներից ունեցե՞լ եք նպատակներ, երազանքներ, որոնք ի դերեւ են եղել գործնական կյանք մուտք գործելուց հետո:

-Փառք Աստծո, ես հայտնվեցի այնպիսի թատրոններում, որ պրոֆեսիոնալ եւ մարդկային առումներով չկոտրվեցի: Իհարկե, կան երազանքներ, որ դարձան միֆ: Այսօր մենք վազվզում ենք ձայնագրության, նկարահանման, թատրոն ու ամեն բան կիսատ ենք թողնում, չի ստացվում մի գործ այնպես անել, որ դու էլ քեզ բավարարված զգաս. գումար աշխատելու խնդիրն է առաջ գալիս, դու չես գոհանում քո արածից, անհրաժեշտ պաշարը չես հավաքում: Շատ լավ գիտակցում եմ, թե դերասանն ինչպիսին պետք է լինի, բայց դրա համար պայմաններ են պետք, որոնք բացակայում են: 3-4 տեղ աշխատելով, գործերդ կիսատ-պռատ անելով` նպատակներդ չես կարող իրականացնել:

-Գուցե ստեղծված մթնոլորտի համար դերասաննե՞րն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:

-Միանշանակ, պետք չէ մի կողմին մեղադրել. ամեն մեկը մեղքի իր չափաբաժինն ունի…

Աննա Բաբաջանյան




Լրահոս