Վերջերս կայքերում եւ բլոգերում հայտնվեցին նյութեր, որոնցում հեղինակները DJ Սերժոյին մեղադրում էին գրագողության մեջ: Նշվում էր, որ «Մի քանի հոգի» խմբի «Աղջիկ-չղջիկ» երգի երաժշտության հեղինակ DJ Սերժոն երգի սկզբնամասն ամբողջովին վերցրել է Ադրիանո Չելենտանոյի «Pay, pay, pay» երգից: «Բայց ինչո՞ւ մենք սկսեցինք բավարարվել ուրիշի ոգեշնչումից ծորած մտքերով, արդյո՞ք արժանի չենք մեզ համար ստեղծված երգը լսել, մեզ համար գրված խոսքը կարդալ»,-նշված էր նյութերից մեկում։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Սերժոն «հակահարված» հասցրեց բոլոր քննադատություններին եւ որակումներին: «Հիփ-հոփ եւ ռեփ երաժշտության կուլտուրայում գոյություն ունի «սեմփլինգ» հասկացություն. որեւէ երգից, հիմնականում` ավելի հին, վերցվում է որեւէ մաս, եւ դրա շուրջ կառուցվում է բիթը, այն բիթը, որի հիման վրա հետո ռեփերը կարդում է երգը: Բոլոր հայտնի ռեփերները կիրառում են այս պրակտիկան: Օրինակ` Թուփաքի բիթերի մեծ մասում օգտագործված են հին ամերիկյան ջազային երաժշտության կտորներ: Խնդիրն այն է, թե երաժիշտը ինչ կանի այդ կտորի հետ, ինչպես այն կձեւափոխի եւ ինչպես կմատուցի»,-մեկնաբանեց Սերժոն` հավելելով, որ «գողություն» որակումը տվյալ դեպքում ոչ միայն անտեղի է, այլեւ անգրագետ:
Իդեպ, քննադատական նյութերից մեկում նման մեկնաբանություն էր արվել. «Ամբողջ լկտիությունը նրանում էր, որ ոչ մի բան գրված չէր երգի մեջ, թե վերցրել ենք այստեղից կամ զղջում ենք։ Դասական գողություն»:
Այս առնչությամբ Սերժոն տեղեկացրեց, որ ձայնասկավառակում, որտեղ ներառված է «Աղջիկ-չղջիկ» երգը, նշված է, թե որ երգի դեպքում ինչ ռետրո երգի նմուշ է օգտագործվել. «Տվյալ երգի դեպքում էլ գրված է, որ օգտվել եմ Չելենտանոյի «Pay,pay,pay» երգից: Ի դեպ, միայն այս երգի հետ չէ, որ նման փորձ ենք արել. ստեղծագործություններից մեկում էլ Օրբելյանի երաժշտությունից ենք օգտվել եւ կրկին նշել ենք այդ մասին: Դա հո չի՞ նշանակում, թե գողություն ենք արել»,-եզրափակեց Սերժոն:
Աննա Բաբաջանյան