Նախօրեին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը քննարկում էր կազմակերպել, որին այդպես էլ չմասնակցեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուշագրավն այն է, որ Հովհաննիսյանը համարվում է ճակատի հիմնադիրներից մեկը, սակայն բացի հայտարարություններից՝ ճակատի կազմակերպած որեւէ միջոցառման չի մասնակցում:
«Նոր Հայաստանի» կազմակերպած քննարկումներին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է հանդես գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի ու կուսակցության անունից: Իսկ ինքը` «Ժառանգության» առաջնորդը, սահմանադրական փոփոխությունների հետ կապված տեւական ժամանակ է` որեւէ գործունեություն չի իրականացնում: Շատերի մոտ տպավորություն կա, որ «Ժառանգություն»-ը սահմանադրական փոփոխություններին ձեւականորեն է դեմ հանդես գալիս: Համենայն դեպս, կուսակցության «դեմ» լինելը որեւէ կերպ չի դրսեւորվում կուսակցության առաջնորդի կողմից:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե որտեղ է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հոհաննիսյանն ու ինչու այս կարեւոր փուլում որեւէ գործունեություն չի իրականացնում:
-Պարո՛ն Մարտիրոսյան, նախօրեին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը սահմանադրական հանրաքվեի հետ կապված քննարկում էր կազմակերպել, սակայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ եւս չմասնակցեց ճակատի հրավիրած միջոցառմանը: Ինչո՞ւ, ո՞րն է Հովհաննիսյանի բացակայության պատճառը:
-Րաֆֆի Հովհաննիսյանը համահիմնադիրներից մեկն է ու միակը չի, ով հիմնադրել է այս ճակատը, ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէր, դրա համար ներկա չէր այդ քննարկմանը:
-Սակայն այս պատասխանատու փուլում, երբ արդեն մեկնարկել է քարոզարշավը, եւ ոչ-ի դաշտի ուժերը պիտի մոբիլիզացնեն իրենց կարողությունները, Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում է երկրից: Մտավախություն չունե՞ք, որ նրա այս բացակայության արդյունքում սահմանադրական փոփոխություններին «Ժառանգության» դեմ լինելու մասին հայտարարությունները կարող են դիտվել ոչ արժանահավատ:
-Ինքն արդեն իր ոչ-ի մասին հայտարարել է, դրա ուղղությամբ աշխատանքներ տարել է, բայց այս պահին, քանի որ իր ընտանիքը պատմության բերմամբ բաժանված է օվկիանոսից այս կողմ ու այն կողմ, ընտանեկան հարցերով օվկիանոսի այն կողմում է:
-Նշեցիք, որ Հովհաննիսյանն արդեն իր ոչ-ն ասել է, բայց արդյո՞ք միայն այդ հայտարարությունը բավարար է, որ դեկտեմբերի 6-ին «Ժառանգության» եւ նրա առաջնորդի ընտրազանգվածը սահմանադրական փոփոխություններին ոչ ասի, մի՞թե այլեւս քարոզչություն պետք չէ իրականացնել:
-Իհարկե, ոչ միայն պարոն Հովհաննիսյանի ասածը բավարար չէ, այլ նաեւ մեր ասածը բավարար չէ. անհրաժեշտ է նաեւ կոնկրետ գործողություններ իրականացնել, կոնկրետ փաստեր ներկայացնել մեր քաղաքացիներին, ոչ թե այն իմաստով, որ մեր քաղաքացիները չեն հասկանում, այլ այն իմաստով, որ մենք խնդիր ունենք ոչ միայն ոչ ասելու, այլեւ ներկա իրավիճակը փոխելու: Ես կարծում եմ, որ միայն ոչ ասելով՝ որեւէ բան չի փոխվելու, ավելի իրատեսական բան է անհրաժեշտ իրականացնել, որը մենք կատարելու ենք: Դրա համար ես կարծում եմ, որ Ձեր հարցը ճիշտ է, ոչ մեկի ասած ոչ-ը բավարար չէ, մենք բոլորս պետք է ոչ ասենք այդ փոփոխություններին:
-Ինչպե՞ս եք իրականացնելու այդ դեպքում ակտիվ քարոզչությունը, արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ մասնակցելու է ոչ-ի քարոզարշավին, մինչ այդ նա Հայաստան կվերադառնա՞:
-Պարտադիր մասնակցելու է քարոզարշավին, կարծում եմ, որ այժմ էլ է ակտիվ գործունեություն իրականացնում: Երբ որ ընտանեկան խնդիրներն ավարտվեն, կարծում եմ՝ պրն Հովհաննիսյանը լինելու է Հայաստանում: Այնպես չէ, որ մենք մեր քարոզչությունը չենք իրականացնում, մենք միասնական ճակատ ունենք, մենք գիտենք մեր ծրագրի ու անելիքների մասին: Ես չեմ կարծում, որ այդ ամենից տուժելու է մեր քարոզչությունը, մենք գիտենք մեր անելիքները:
-Իսկ որպես ոչ-ի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում այո-ի քարոզարշավը, արդյո՞ք ինչ-որ բանով զիջում եք նրանց:
-Իրենք ուժեղ են փողով, ուժեղ են ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմամբ, իրենք շատ ուժեղ են ընտրակեղծարարության մեխանիզմներով, կրիմինալի ներգրավմամբ, ու կարծում եմ՝ հենց դրանով էլ իրենց ուժն ավարտվում է: Իսկ մենք ուժեղ ենք հասարակության կողմից աջակցությամբ, իշխանություններին մերժելու` հասարակության արդեն վաղուց նորմ դարձած մոտեցմամբ: Մենք ուժեղ ենք այնքանով, որ ՀՀ քաղաքացին չի ցանկանում, որ այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, մենք ուժեղ ենք նրանով, որ ՀՀ քաղաքացին կիսում է միայն մեր դիրքորոշումը:
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՓՈՂ ՏՎԵՑԻՆ, 264 ՄԻԼԻՈՆՆ ԷԼ ՎԵՐԱԲԱՇԽԵՑԻՆ
Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում է կայացվել մարզպետարաններին հատկացված միջոցների շրջանակում տնտեսված 264 մլն դրամը վերաբաշխել այլ ծրագրերի միջեւ: Կարգավորման նպատակն է ՀՀ մարզերում իրականացնել կապիտալ եւ այլ բնույթի ծրագրեր, որոնց արդյունքում պետք է լուծվեն բնակչության եւ համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրները: Թե որքանով արդյունավետ կլինի այս որոշումը, ցույց կտա ժամանակը:
Հայրենի կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Արագածոտնի մարզի Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից հետ է վերցվել սեփականության իրավունքով տրված մասնաշենքը, օժանդակ շինությունը եւ նվիրաբերվել Ապարան քաղաքային համայնքին՝ վերակառուցման եւ որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն օգտագործելու պայմանով: Բանն այն է, որ Ապարան քաղաքի մանկապարտեզի շենքը 1988թ. երկրաշարժի հետեւանքով դարձել է 4-րդ աստիճանի վթարային եւ չի շահագործվում, իսկ համայնքի երկու մանկապարտեզները գործում են վարչական շենքերի առաջին եւ կիսանկուղային հարկերի ոչ հարմարավետ տարածքներում: Բացի այդ՝ կառավարության պահուստային ֆոնդից պետք է 7 մլն դրամ հատկացվի Կոտայքի մարզի Սեւաբերդի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար:
Մարզպետարաններից աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ներկայացված պահանջարկը բավարարելու նպատակով կառավարությունը երեկ որոշել է փոփոխություններ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Պայմանավորված եղանակային բարենպաստ պայմաններով՝ մարզպետարաններից ներկայացվել է եւս 420 տոննա աշնանացան ցորենի լրացուցիչ պահանջարկ. այն կհատկացվի Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերին:
Նշենք նաեւ, որ նիստի ժամանակ ընդունել է «1988-1992թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում, որի նպատակը երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելն է: Որոշմամբ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարությունը հաստատել է նաեւ Շիրակի եւ Արմավիրի մարզերում բնակարաններ ստացող բնակիչների ցանկը: Մարզպետները, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգօրյա ժամկետում, նշված ընտանիքների հետ պետք է կնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը քննարկում է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջնորդությունը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական բաժնից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների պաշտպանը` Կարեն Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացրած վճռի համար դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, քանի որ ըստ օմբուդսմենի՝ նա վճիռը կայացնելիս օրինախախտումներ է թույլ տվել: Եթե քննարկման արդյունքում հանձնաժողովը համոզվի, որ դատավորը խախտումներ է թույլ տվել, ապա հարցը կարող է ներկայացվել արդարադատության խորհրդի քննարկմանը:
ՏՈՒԳԱՆԵԼ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հատիկ» ՍՊԸ-ի տնօրեն Վիտալի Մանուչարյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից տուգանվել է: Բանն այն է, որ Վիտալի Մանուչարյանի կողմից «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամկետում այս տարվա 2-րդ եռամսյակի բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը չի ներկայացվել նախարարությանը: Եւ դա բավարար է եղել տեսչության համար, որպեսզի ընկերության տնօրենին տուգանի 100 հազար դրամի չափով:
ՉԱՇԽԱՏՈՂ ՀԱՐՈՒՍՏԸ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 10 միլիոն դրամ եւ 55 հազար դոլար: Այս մասին տեղեկանում ենք Գաբրիելյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրից: Դատավորի ամսական աշխատավարձը կազմում է կես միլիոն դրամ: Իսկ ահա դատավորի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, թեեւ չի աշխատում, այնուամենայնիվ, հայտարարագրել է 22 մլն դրամ եւ 5 հազար դոլար դրամական միջոց: Բացի այդ՝ նա անցած տարվա ընթացքում 11 հազար դոլարով վաճառել է «Toyota Rav 4 2.4» մակնիշի ավտոմեքենա, իսկ 21 հազար դոլարով գնել է «Lexus Rx 350» մակնիշի շքեղ ավտոմեքենա: Տեղեկացնենք, որ դատավորի կինը ոչ մի տեղ չաշխատելով՝ անցած տարի 5.5 մլն դրամ եւ 10 հազար դոլարի եկամուտ է ստացել, որոնցից առաջինը ձեւակերպվել է որպես շահաբաժին, իսկ երկրորդը՝ 10 հազար դոլարը, որպես նվիրատվություն:
Ի դեպ, Հայաստանի պաշտոնյաների մոտ տասնյակ հազարավոր դոլարներ նվեր ստանալը դարձել է ավանդույթ: Սա ոչ այլ ինչ է, քան մեծուփոքր պաշտոնյաներին տրված կաշառքները օրինական գրանցելու հնարավորություն: Պարզապես անհրաժեշտ է գտնել մեկին, որը պաշտոնապես գումար նվիրի պաշտոնյաներին: