Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանից հետաքրքրվեցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում` Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարում զոհված ՀՀ քաղաքացիների աճյունները Հայաստան տեղափոխելու համար:
«Ավիավթարի դեպքից հետո մենք ձենռամուխ ենք եղել համապատասխան քայլերի: Կահիրեում մեր դեսպանությանը տրված է համապատասխան հանձնարարական: Երեկ դեպքի վայրում է եղել Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը, ով ուղղակի կապի մեջ է մեր դեսպանի հետ», – նշեց նա:
Նազարյանի խոսքով` այսօր դեպքի վայր է ժամանել ռուս հյուպատոսը, և աշխատանքներ են տարվում՝ որքան հնարավոր է արագ իրականացնել դիերի նույնականացումը, որից հետո ձեռնամուխ կլինեն դիերի տեղափոխման աշխատանքներին:
«Որպես կանոն՝ տեղափոխման հարցում անելիք ունի այն ընկերությունը, որին պատկանել է օդանավը: Արտգործնախարարությունը մշտապես կապի մեջ է գտնվում և անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ լուծվեն առաջացած խնդիրները», – եզրափակեց նա: