ՀԱՐՑ. Ես ամեն անգամ շատ վրդովվում եմ, երբ գնում եմ աղջկաս տուն հյուր: Նրա բնակարանը Երեւանի Միչուրինի փողոցում է: Լուսավորություն ընդհանրապես չկա, ամբողջ փողոցում լիքն են ջրափոսերը, մի խոսքով` սարսափելի վիճակ է: Հետաքրքիր է` քաղաքապետը տեղյա՞կ է, թե ինչ վիճակում են մայրաքաղաքի շատ փողոցներ: Եթե նա պատահաբար փորձի այդ փողոցով անցնել, համոզված եմ, որ չի ստացվի: Մինչեւ ե՞րբ են մնալու այս եւ շատ այլ փողոցներ նման, մեղմ ասած, անմխիթար վիճակում:
Վալյա Խանամիրյան
(70 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վալյա Խանամիրյանի հարցմանն ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ Միչուրինի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ընդգրկվել են Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի ասֆալտապատման աշխատանքների ծրագրում:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե ցավալի է, որ Երեւանում դեռեւս կան այնպիսի փողոցներ, որոնք զուրկ են լուսավորությունից, ու քաղաքացիները հաճախ ստիպված են լինում ցատկոտել ջրափոսերի վրայով: Եվ բոլորովին էլ նորություն չէ, որ քանդված փողոցների հարցը բարձրացնելուն պես պարզ է դառնում, որ նշված փողոցի ասֆալտապատման ու վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են հենց այդ տարի: Այս տարի դա կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ քաղաքապետը վերընտրվելու շատ մեծ ցանկություն ունի: