Մարզերում չկողմնորոշվածների թիվն ավելի մեծ է, քան այո-ի. ինչ աշխատանքներ են տանում մարզպետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխություններին մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ և արդեն իսկ տեսնելի է, որ ՀՀԿ-ականները լայնամասշտաբ քարոզչական միջոցառումների փոխարեն այս անգամ նախընտրում են տարբեր գերատեսչությունների ղեկավարների և մարզպետների կողմից տեղերում տարվող աշխատանքի միջոցով ստանալ անհրաժեշտ թվով այո-ի քվեները:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ ինչպիսի ռեսուրսներով են փորձելու իրենց հանձնարարված թվով այո-ն ապահովել:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

-Պարո՛ն Գրիգորյան, դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել, ինչպե՞ս եք պատրաստվում հանրաքվեին:

-Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմած գրաֆիկի` մարզը նախապատրաստվում է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին:

-Դուք այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում եւ ի՞նչ ռեսուրսներով եք այո-ն ապահովելու:

-Մենք այս պահի դրությամբ ստեղծել ենք քարոզչական խմբեր, իհարկե, դեռ քարոզչական խմբերն այդքան ակտիվ չեն սկսել աշխատել, բայց առաջիկայում կսկսեն: Այնուամենայնիվ, հանդիպումների ժամանակ տեսնում ենք, որ այո-ի թվաքանակը ավելի շատ է, քան ոչ-ի: Այս պահին այդքանը կարող եմ ասել:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզում հնարավոր է՝ այո-ի թիվը հատի 100 հազարի շեմը: Ինչ եք կարծում` արդյոք կկարողանաք մարզում այդքան այո ապահովել:

-Չեմ կարող ասել, կախված է նրանից, թե ինչպես մենք կկարողանանք մարդկանց բացատրել: Այս պահի դրությամբ ես կարեւոր եմ համարում, որ մարդիկ տեղեկանան, գան, մասնակցեն եւ իրենց անկեղծ դիրքորոշումն արտահայտեն:

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ հանրաքվեի արդյունքում Գեղարքունիքի մարզում ոչ-երի թիվն ավելի շատ կլինի, քան այո-ի:

-Չէ, ես երբեք այդ մտավախությունը չունեմ, որովհետեւ Գեղարքունիքի մարզի ազգաբնակչությունը քաջ գիտակցում է, որ սահմանադրական փոփոխությունները դրական ազդեցություն կունենան: Ես արդեն ինքս արձագանքներ ստանում եմ, որ եթե առաջիկա հանրաքվեն դրական արդյունք ունենա, իրականում շատ խնդիրներ իրենց լուծումը կստանան: Սա ժողովրդի արձագանքն է: Առավել եւս մեր ազգաբնակչությունը հիմնականում արտագնա աշխատանքով է զբաղված, եւ նրանք գիտակցում են, որ փոփոխությունները դրական կլինեն: Արդեն իսկ ինձ հետ հանդիպման ընթացքում իրենք իրենց կարծիքը հայտնել են սպասվող հանրաքվեի մասին, եւ դրանք բոլորը դրական են:

-Այսինքն` ակնկալում եք, որ մարզում այո-ն կգերակշռի՞:

-Այս պահի դրությամբ չկողմնորոշվածների թիվը ավելի մեծ է, քան այո-ի: Ես չեմ կարող այս պահին ասել:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան

-Պարո՛ն Նալբանդյան, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ինչպե՞ս եք պատրաստվում:

-Շատ լավ ենք պատրաստվում: Եւ այս քարոզարշավի մեկ ամսվա ընթացքը փորձում ենք ճիշտ օգտագործել, որպեսզի ժողովրդին իրազեկենք սահմանադրական բարեփոխումների մասին:

-Ի՞նչ եք կարծում՝ Դուք այո-ի քանի՞ տոկոսանոց ցուցանիշ կկարողանաք ապահովել:

-Ես այս պահին որեւէ բան չեմ կարող պատասխանել, մասնակցության ապահովման խնդիր չկա դրված:

-Իսկ ի՞նչ ռեսուրսներով եք պատրաստվում լոռեցիների այո-ն ստանալ:

-Մենք ընդհանրապես լծակներ, ռեսուրսներ օգտագործելու մտադրություն չունենք` ժողովրդին ինչ-որ ձեւով ահաբեկելու: Մենք զբաղվում ենք մեր քարոզարշավով, իսկ ռեսուրսները հենց ինքը՝ ժողովուրդն է: Ինքը կզգա, որ շատ ճիշտ սահմանադրական բարեփոխումներ են, բնականաբար կասի այո, եթե մի զգալի մաս էլ կասի ոչ, այդ դեպքում դա դեկտեմբերի 7-ին կերևա: Ես չեմ կարող այս պահին որեւէ բան երեւակայել կամ ենթադրել:

-Որոշ կանխատեսումների համաձայն` Լոռու մարզում ակնկալվում է 70 հազար այո: Ի՞նչ եք կարծում՝ կկարողանա՞ք 70 հազարի շեմն ապահովել:

-Չեմ կարող պատասխանել` 70 հազար կլինի, թե 80 հազար կամ 90 հազար, ես մենակ կարող եմ ասել, որ այս պահին քարոզարշավը մտնում է իր բնականոն հունի մեջ, իսկ այդ տոկոսները դեկտեմբերի 7-ին արդեն կերեւան:

-Այնուամենայնիվ, Ձեր դիտարկումներով Լոռու մարզում ավելի շատ բնակչությունը հակված է այո-ի, թե ոչ-ի:

-Ամենասկզբից ես պասիվություն էի նկատում, բայց հիմա արդեն զգում եմ, որ մարդկանց հետ հանդիպելուց, քննարկելուց, ներկայացնելուց հետո այո-ի կողմակիցները շատանում են:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս