ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԾՐԱԳՐՎԱԾ ՕՊԵՐԱՑԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ավելի քան երեք օր է անցել ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից, սակայն մինչ օրս պաշտոնապես չի նշվում, թե ինչն է եղել այդ ողբերգության պատճառը, որի արդյունքում ՀՀ 8 քաղաքացի է մահացել, իսկ 43-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Առայժմ ամեն ինչ վարկածների շրջանակներում է:

Հայտնի է, որ վթարի ենթարկված «Higer» մակնիշի ավտոբուսը պատկանել է Արթուր Հարությունյանի` հայտնի Պալաչի «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին: Նշված ավտոբուսները նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով չինական արտադրության ավտոբուսներ են: Նախնական վարկածով վթարի պատճառը եղել է վարորդի՝ ղեկին քնելը: Սակայն այդ դեպքում տարօրինակ է, որ ավտոբուսը մեծ արագության տակ է շրջվել: Ամեն դեպքում, հույս ունենանք, որ ՌԴ իրավապահները առաջիկայում պաշտոնապես կասեն, թե ինչպես է ստացվել, որ ավտոբուսը ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ շրջվել: Այդ փաստը, ամեն դեպքում, տարակուսանքի տեղիք է տալիս: Բանն այն է, որ նշված ավտոբուսները կահավորված են հեռակա վերահսկողության «GPRS» եւ, այսպես կոչված, «ռեգիստր» համակարգերով: Ինչը հնարավորություն է տալիս պարզել, թե ավտոմեքենան ինչու է ճանապարհից դուրս եկել, արդյո՞ք նրա ճանապարհին ինչ-որ խոչընդոտ է հայտնվել, այդ պահին այն ի՞նչ արագությամբ է ընթացել եւ այսպես շարունակ:
Բնականաբար, եթե հաստատվի, որ վթարի պատճառը եղել է ավտոբուսի անսարքությունը, ապա պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի «Կինգ Դելյուքս» ընկերության եւ վարորդների ուսերին: Այն, որ ուղեւորափոխադրող ընկերությունները կձգտեն հնարավորինս քիչ գումար ծախսել իրենց տրանսպորտային միջոցների վրա` փորձելով հնարավորինս շատ եկամուտ ստանալ հասկանալի է: Սակայն մյուս կողմից մի տեսակ անհավանական է թվում, որ ինչ-որ մեկը, ով էլ նա լինի, կարող է ավտոբուսը անսարք վիճակում 3 հազար կիլոմերտ երկարությամբ ուղերթի ուղարկել: Ավելին՝ ցանկացած վարորդ ինքը եւս չի համաձայնի: Իհարկե, քաղաքի շրջանակներում մարդիկ կարող են մի քանի լումայի համար անսարք ավտոբուսով երթուղի դուրս գալ, բայց միջպետական` հազարավոր կիլոմետրեր ձգվող երթի դուրս գալուց առաջ պետք է որ համոզվեին տրանսպորտային միջոցի սարքին լինելու հարցում: Ամեն դեպքում, մինչեւ վթարի պատճառները չպարզվեն եւ չհրապարակվեն, ոչ ոք չի կարող ասել, թե տեղի ունեցածի համար ով է պատասխանատվություն կրում:
Արդյոք կարող է այս վթարը պատահականության արդյունք չլինել, այլ ծրագրված ինչ-որ գործընթացի սկիզբը հանդիսանալ: Այս հարցի վերջնական պատասխանը պարզ կլինի այն ժամանակ, երբ վերջնականապես պարզ կդառնա, թե այս դեպքը ինչպես կազդի ավտոբուսով ուղեւորափոխադրումների գործընթացի վրա: Նախօրեին արդեն իսկ հայտնի դարձավ, որ ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Մոսկվայից Երեւան ուղեւորվող երկու ավտոբուսներ ստուգել եւ դրանց մոտ անսարքություններ են հայտնաբերել:
Իսկ որպեսզի հասկանանք, թե արդյոք ավտոբուսով միջպետական ուղեւորափոխադրումները կարող էին հատուկ «հետաքրքրության» առիթ դառնալ, փորձենք հաշվարկել, թե ինչ ծավալների եկամուտների մասին է խոսքը: Այսպես՝ ավտոբուսով ուղեւորափոխադրումները սկսեցին թափ հավաքել Վրաստանում 2004-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Մասնավորապես մինչեւ 2005 թվականը Հայաստանից Վրաստանի տարածքով ավտոմեքենայով Ռուսաստան գնալը արկածախնդրություն էր, քանի որ վրացական պետավտոտեսչությունը Հայաստանի վարորդներին եւ նրանց ուղեւորներին, բառիս բուն իմաստով, թալանում էին: Սակայն իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվեց, վրացական պետավտոտեսչությունը ընդհանրապես լուծարվեց, իսկ նրանց փոխարինման եկած ոստիկանները սկսեցին միայն օրենքով գործել: Արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Պաշտոնական վիճակագրության տվյալներում 2005-ից մինչեւ 2009 թվականը ավտոտրանսպորտով մարդկանց տեղաշարժը Հայաստանից` մեկնում-ժամանումները, ընդհանուր ցուցանիշով են ներկայացված՝ ուղղությունները չառանձնացված են:
Ստորեւ բերված ցուցակում ներկայացված է, թե 2005 թվականից սկսած քանի մարդ է ավտոտրանսպորտով Հայաստան գնացել եկել.
ընդհ. Վրաստանով
2005- 493,8 հզ. 293 հզ.
2006- 729,5 հզ 529 հզ.
2007- 1 մլն 139,4 հզ. 939 հզ.
2008- 1 մլն 277 հզ. 1 մլն 77 հզ.
2009- 1 մլն 375 հզ. 1 մլն 175 հզ.
2010- 1 մլն 873,1 հզ. 1 մլն 657,2 հզ.
2011- 2 մլն 132,7 հզ. 1 մլն 899,4 հզ.
2012- 2 մլն 520,4 հզ. 2 մլն 337,6 հզ.
2013- 3 մլն 116,5 հզ. 2 մլն 945,2 հզ.
2014- 3 մլն 315,4 հզ. 3 մլն 123,2 հզ.
2015- 2 մլն 558,9 հզ. 2 մլն 361,9 հզ.
Այս տարվա տվյալները ներկայացված են 9 ամիսների կտրվածքով: Ակնհայտ է, որ տարվա վերջին այդ ցուցանիշն անցած տարվանից պակաս չի լինի:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը չի հրապարակում, թե ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով դեպի Ռուսաստան մեկնողների թիվը որքան է: Սակայն կարող ենք համոզված լինել, որ վերջին գոնե չորս տարիներին ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով Հայաստան գնացող-եկող ուղեւորների թիվն առնվազն մեկ միլիոնի սահմաններում է: Բնականաբար, ավտոբուսներով մեկնելն էժան է, եւ դրա համար է, որ մարդիկ հենց այդ տրանսպորտն են նախընտրում:
Իսկ ո՞րն է վտանգը. ավտոբուսներով միջպետական ուղեւորափոխադրումների զարգանալու արդյունքում ավիացիան տարեկան մոտ 200 մլն դոլարի շրջանառություն է կորցնում: Հիշեցնենք, որ Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ինքնաթիռով ուղեւորափոխադրումները վերջին մեկուկես տարում իրականացնում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները: Այսինքն՝ վերը նշված գումարներն ավելի կոնկրետ կորցնում են կոնկրետ ռուսական ավիաընկերությունները:
Կասկած չկա, որ վթարներից հետո մարդիկ կսկսեն առավել շատ մտածել նաեւ ինքնաթիռով մեկնելու մասին: Իսկ թե ավտոբուսներով երթեւեկության քաղաքականության մեջ ինչ փոփոխություններ կմտցվեն, ապագան ցույց կտա: Առայժմ միայն կարող ենք խոսել խստացումների մասին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
«Յուքոմ» ընկերության բաժանորդներից վերջին օրերին «Ժողովուրդ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում այն մասին, որ իրենք վճարում են՝ կաբելային հեռուստատեսությամբ ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղերը դիտելու համար, սակայն այդ հնարավորությունից զրկված են: Ըստ բաժանորդների՝ NTV-ով ցուցադրվող ՉԼ խաղերն անջատվում են եւ եթեր չեն հեռարձակվում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց «Յուքոմից» այս առնչությամբ պարզաբանում ստանալ: Մեր հարցմանն ի պատասխան՝ «Յուքոմից» ասացին. «Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ հարցեր ենք ստացել ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի խաղերի հեռարձակման վերաբերյալ: Քանի որ մեր ընկերությունը կարեւորում է իր յուրաքանչյուր բաժանորդի կարծիքը, հարկ ենք համարում եւս մեկ անգամ անդրադառնալ տվյալ խնդրին: Համաձայն «Արմենիա թի-վի» ՓԲԸ եւ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) միջեւ 2015թ. հուլիսի 8-ին կնքված մեդիա իրավունքների համաձայնագրի՝ «Արմենիա թի-վի» ՓԲԸ-ն ձեռք է բերել «Արմենիա թի-վի» եւ «Արմենիա Պրեմիում HD» հեռուստաալիքներով ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի խաղերը ՀՀ տարածքում բացառիկ կարգով հեռարձակելու մեդիա իրավունքները: Սա նշանակում է, որ ՀՀ ամբողջ տարածքում միայն «Արմենիա թի-վի» ՓԲԸ-ն կարող է վերահեռարձակել ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի հանդիպումները»: Բայց ողջ խնդիրն այն է, որ «Արմենիա» հ/ը զուգահեռ ընթացող խաղերից միայն 2-ն է ցուցադրում, այսինքն՝ բաժանորդը ընտրելու հնարավորությունից զրկվում է:

 

ԱՐՀԵՍՏԱԾԻՆ
Երեկ խորհրդարանում քննարկվել է 2016 թվականին բյուջեի նախագծի ՄԻՊ-ին վերաբերող մասը: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, սակայն, քննարկմանը չի մասնակցել, նրան փոխարինել է ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է. «Մենք կարեւորում ենք, որպեսզի նման կարեւոր քննարկումներին ներկայանա Մարդու իրավունքների պաշտպանը: Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ֊որ բանից նեղանան եւ չգան»: Նա այդ կերպ ակնարկել է, որ Անդրեասյանը անցած շաբաթ իր եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի միջեւ ծագած սկանդալային բանավեճի պատճառով չի եկել: Ինչու էր օմբուդսմենը բացակայում: ՄԻՊ մամլո խոսնակ Շուշան Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ է պատճառաբանել Անդրեասյանի ԱԺ չգնալը. «Օմբուդսմենն այսօր վաղ առավոտից աշխատել է հացադուլ հայտարարած դատապարտյալների հարցով իր հայտարարության վրա եւ այդ պատճառով չի մասնակցել ԱԺ-ում բյուջեի քննարկմանը»:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ-ն որեւէ որոշում չի կայացրել, պարզապես քաղաքական հանձնաժողովի նիստն օրակարգում ներառել է Բոբ Ուոլթերի «Բռնության էսկալացիան ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» հակահայ վերնագրով, նաեւ բովանդակությամբ բանաձեւը: Երեկ այս մասին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: «Սա որեւէ մեկի համար անակնկալ չէր, ինչպես եւ այն, որ ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դուստր ձեռնարկության»,- ընդգծել է պատգամավորը: Նա հավաստիացրել է, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի պատգամավորների զգալի մասն ամսական հստակ աշխատավարձ է ստանում Ադրբեջանից:

 

ՈՐԴԸ ԵՎ ՀՀ ԱԳՆ-Ն
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ, անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված հակահայկական զեկույցին, հիշեցրել է. «2013թ. հենց Ռոբերտ Ուոլթերն էր ղեկավարում այն դիտորդական առաքելությունը, որը դիտարկում էր Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Եվ նա ներկայացրեց մի խայտառակ զեկույց, որը շատ ուժեղ հարված էր ԵԽ վարկանիշին: Այդ զեկույցում փայլուն էին որակվում 2013թ. խայտառակ նախագահական ընտրություններն Ադրբեջանում: Դրանից հետո Guardian հեղինակավոր թերթը բառացի գրել էր հետեւյալը. «Արքայավայել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսյա գորգեր եւ գումարներ»: Սա Guardian թերթն է գրել այդ նույն Ուոլթերի եւ նրա թիմի մասին»,-ընդգծել է Քոչարյանը` արդարանալով, թե շատ դժվար է նման կառույցներում հակադրվել ադրբեջանական ահռելի նավթադոլարներին: «Ես մի կոպիտ համեմատություն անեմ՝ Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որն ընկել է այնտեղ ու որդնացնում է բոլոր խնձորներին: Այսինքն` որդն ընկել է Եվրոպայի խորհուրդ»,- հայտարարել է ԱԳ փոխնախարարը:




Լրահոս