ԱՆՏԵՂՅԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է՝ «ԼԱՎ ԷԼԻ, ԱՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանի մոտ իրավիճակ է փոխվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախարարը, անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տիրող իրավիճակին, հայտնեց, թե ինքը ի սկզբանե ամեն ինչից տեղյակ է եղել, մինչդեռ հոկտեմբերի 22-ին լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Ինչպե՞ս հասկանանք նախարարին, միգուցե անտեղյակության համար նրան նախատե՞լ են:

Այնուամենայնիվ, երեկ՝ կառավարության նիստի ավարտից հետո, «Ժողովուրդ»-ը փորձեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանից պարզել, թե ինչու նա տեղյակ չէ՝ իր ղեկավարած կառույցի ենթակայության տակ գտնվող ոլորտում ինչ իրավիճակ է:
-Պարո՛ն Ղազարյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում լուրջ իրավիճակ է, մինչդեռ Դուք իրավիճակից անտեղյակ եք:
-Դե, լավ էլի, արա… Դուք արդեն … չի կարելի չարաշահել իմ համբերությունը:
-Ի՞նչ է նշանակում՝ չարաշահում ենք Ձեր համբերությունը:
-Որովհետեւ ես Ձեր հարցերին էնքան եմ պատասխանել:
-Դուք չեք պատասխանել, Դուք հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Ալբանիա աղմկահարույց խաղի կապակցությամբ օտարերկրյա լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, թե Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք են ստացել՝ ալբանացիների հաղթանակը ապահովելու համար, ասել էիք, թե տեղյակ չեք արդյունքներից եւ, ընդհանրապես, տեղյակ չեք, թե ինչ է կատարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:
-Ես ահավոր շատ, բազմիցս Ձեր հարցերին պատասխանել եմ:
-Օրինակ՝ տեղյա՞կ եք՝ կանոնակարգում փոփոխություններ են պատրաստվում իրականացնել:
-Ի՞նչ է փոխվում:
-Չգիտե՞ք, ՀՖՖ կարգապահական կանոնակարգում փոփոխություններ են պատրաստվում կատարել:
-Ե՞ւ:
-Ապօրինի խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների եւ դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին հարցեր են, եւ այլ նմանօրինակ հարցեր են քննարկվել: Չե՞ք հետաքրքրվել՝ ինչ փոփոխությունների, վտանգների մասին է խոսքը:
-Ե՞ւ:
-Ի՞նչ կտան այդ փոփոխությունները:
-Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ ես ի սկզբանե ամեն ինչից տեղյակ եմ, ու Ձեր էն հայտարարությունները, որ ինչ է ասել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, նման բան չկա, անհեթեթություն է, ու խնդրում եմ՝ հետեւե՛ք Ձեզ, պետք չի մի փոքր բանից սարքել նյութ:
-Անհեթեթություն լիներ, այսօր տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը չէր հանձնարարի խնդիրն ուսումնասիրել: Միգուցե անհեթեթություն չէ՞, այլ Դուք տեղյակ չեք Ձեր ղեկավարած ոլորտի խնդիրներից:
-Ո՛չ, վստահ եմ, որ ոչ մի բան չկա:
Նկատենք, որ նախարարը «անհեթեթություն» է համարում մեր՝ հոկտեմբերի 23-ի հրապարակումը, որտեղ անդրադառնալով նախարարի անտեղյակությանը՝ գրել էիք, որ նախարարությունը ոչ միայն իրավունք չունի ֆուտբոլում տիրող իրավիճակին ծանոթ չլինել, այլեւ, որպես ոլորտում պետական քաղաքականությունը իրականացնող գերատեսչություն, ուղղակի պարտավոր է ամենայն մանրամասնությամբ պարզել, թե ՀՖՖ-ում ինչ է կատարվում: Իհարկե, հասկանալի է, որ նախարար Գաբրիել Ղազարյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզապես արգելել է ֆուտբոլով հետաքրքրվել, եւ ինքը, «շառից-փորձանքից» հեռու, այդ սպորտաձեւի մասին մոռացել է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ԹԻՐԱԽՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐՆ ԵՆ
Նոյեմբերի 4-ին լույս 5-ի գիշերը Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի իրենց բնակարանում անհայտ հանցագործների կողմից ծեծի են ենթարկվել ամուսիններ 82-ամյա Հրաչիկ եւ 79-ամյա Կասյա Խաչատրյանները:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 03:30-ի սահմաններում: Ըստ համայնքի ղեկավարի՝ ամուսինները միայնակ են ապրում, ունեն 4 երեխա. «Երկու որդիները արտասահմանում են, երկու դուստրերը Երեւան քաղաքում են ապրում: Ամուսինները տանը որոշակի գումար եւ ոսկեղեն են ունեցել: Դիմակավորված մարդիկ բնակարան են մուտք գործել, կապկպել, ամուսիններին ծեծել, իսկ վերջում թալանել ու փախել: Ամուսնուն շատ էին ծեծել»:
Ըստ գյուղապետի խոսքերի՝ Խաչատրյան ամուսիններն իրեն պատմել են, որ դիմակավորված անձինք եղել են 4-ը. «Երկուսը կապկպել են, վախեցրել, մյուս երկուսը տունը տակնուվրա են արել: Կասկածներ կան, իհարկե, յուրաքանչյուրն էլ կարող է կասկածյալ լինել: Նախկինում՝ 2001-ին, այսպիսի մի դեպք եւս արձանագրվեց մեր գյուղում, բայց բացահայտվեց, տեսնենք թե ինչ կլինի այս գործի վերջը: Մինչեւ հիմա դեռ նորություն չկա, չեն հայտնաբերել»:
Սերյոժա Առաքելյանը նկատեց, որ տարեց ամուսինները առանձնապես հարուստ չէին, պարզապես նրանց որդիները հաճախ են գումար ուղարկում արտասահմանից, նրանք էլ բարվոք պայմաններում են ապրում: Դատելով ստեղծված իրավիճակից՝ ամուսինները տանը պահվող գումարների կամ արտերկրից որդիների կողմից գումար փոխանցելու մասին պատմել են գյուղում, ինչի արդյունքում էլ դարձել են ավազակային հարձակման թիրախ:
Նկատենք, որ վերջին շրջանում ավազակային հարձակումները Հայաստանում շատացել են: Օրերս գրել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում նմանատիպ հարձակման էին ենթարկվել ազգությամբ եզդի ամուսիններ Շիրին Ալիյանն ու Թառլան Սայդոյանը: Դիմակավորված երեք անձ մտել էր նրանց տուն, կապկպել, ապա ծեծի ենթարկել եւ տարել 8 ոսկյա զարդ: Այս դեպքով հանցագործները եւս հայտնաբերված չեն:
Այս հարձակման առիթով եւս հարուցվել է քրեական գործ: Քննիչները երեկ ակտիվորեն հարցաքննում էին գյուղացիներին: Տեսնենք՝ ինչ կստացվի:

Ք. Մ.

 

 

 

ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Երեկ Կոտայքի մարզի Բուժական գյուղում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը չի կայացել: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Պավել Մանուկյանի ներկայացմամբ` գյուղում մարդ է մահացել, այդ պատճառով էլ մասնակիցները սակավաթիվ են եղել: Նշենք, որ ճակատի անդամներին գյուղապետարանից չէին թողել հանրահավաքն անցկացնել: Բուժականի գյուղապետ Կարեն Գալստյանը դա բացատրել էր նախօրոք չզգուշացնելու հանգամանքով:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային: «Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունեած պետություն՝ մենք մեծապես արժեւորում ենք աշխարհընկալմամբ մեզ մոտ կանգնած ժողովուրդների հետ հոգեւոր կապի եւ փոխհարաբերությունների ընդլայնումը։ Անկասկած, չեխ ժողովուրդը նրանց թվին է պատկանում»,- ասել է Ս. Սարգսյանը:

 

ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Նախօրեին Մոսկվայից Երեւան եկող վթարված ավտոբուսի վարորդին հարցաքննել են: Քննիչների հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել վթարից առաջ, վարորդը չի ցանկացել պատասխանել: Նա միայն նշել է, որ վթարից առաջ 2 ժամ վարել է մեքենան: Նախնական տվյալների համաձայն՝ 44-ամյա վարորդ, ՀՀ քաղաքացի Գառնիկ Հարությունյանը չի կարողացել կառավարել մեքենան, որի հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատված եւ շրջվել աջ կողմով: Վթարի 2 հիմնական վարկած է դիտարկվում: Առաջինն այն է, որ վարորդը քնել է ղեկին, երկրորդը՝ տեխնիկական անսարքությունը:

 

ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արեւելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
Երեկ՝ ժամը 20:00-ին, ինքնաթիռով Երեւան են տեղափոխվել օրերս Տուլայի մարզում ավտոբուսի վթարից մահացած ՀՀ քաղաքացիների աճյունները, ինչպես նաեւ՝ այն բոլոր տուժածները, որոնց առողջությունը թույլ է տվել տեղափոխվել: 12 հոգի մնացել են ՌԴ-ում` բուժումը շարունակելու Տուլայի մարզում:

 

ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ
aravot.am-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «Ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել:

 

ՀՐԱԴԱԴԱՐԻ 60 ԽԱԽՏՈՒՄ
Նոյեմբերի 4-ին եւ լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ:




Լրահոս