Ընդդիմադիրները չեն կարողանում ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել. ինչպես ստեղծվեց ներկա իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին քննարկվող թեմաներից մեկն այն է, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողանում Հայաստանի բոլոր տեղամասերում ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել: Սա փաստ է: Սակայն հատկապես իշխանությունը ներկայացնող քաղաքական գործիչները, որոնք այս հանգամանքը օգտագործելով՝ փորձում են ծաղրել ընդդիմությանը, այս առնչությամբ ծպտուն հանելու իրավունք չունեն, այնպես, ինչպես «ջեբկիրն» իրավունք չունի ազնվությունից եւ արդար ապրուստից խոսել:

Բայց փաստը կա, եւ մինչ օրս չպարզաբանված է մնում այն հանգամանքը, թե ինչպես եւ ինչու ներկա իրավիճակը ստեղծվեց: Ամեն ինչ սկսվեց 2003 թվականի նախագահական ընտրություններից: Շատերն այսօր չեն էլ հիշի, որ 2003 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, որտեղ հիմնական պայքարը ծավալվել էր Ստեփան Դեմիրճյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, իշխանություններին մի կերպ հաջողվեց իրենց համար ցանկալի արդյունք «նկարել»:

Իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար հիշեցնենք, որ 2003-ին իշխանական համակարգին չհաջողվեց 1-ին փուլով «խնդիրը լուծել», եւ արդեն փետրվարի 20-ին Արտակ Սահրադյանը, որն այն ժամանակ ԿԸՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ակնհայտ գինովցած դուրս եկավ լրագրողների մոտ եւ գրեթե լացակումած ձայնով Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրելով՝ հայտարարեց, որ նախագահական ընրությունների երկրորդ փուլ պետք է տեղի ունենա: Մինչեւ երկրորդ փուլը ՏԸՀ-ներում ընդդիմության կողմից նշանակված անդամները եւ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք սկսեցին մասսայական ահաբեկման ենթարկվել:

Մարդկանց հարյուրներով տանում էին ոստիկանության տարբեր բաժիններ եւ ահաբեկում: Ի վերջո, իշխանություններին հաջողվեց 2003-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի ունեցավ մարտի 5-ին, իրենց ցանկալի արդյունքը գրել: Բայց ՏԸՀ-ների ընդդիմադիր անդամները, միեւնույն է, իրենց «սեւ գործն» արել էին: Ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին վկայող փաստաթղթային փաստերն այնքան շատ էին, որ ՀՀ ՍԴ-ն, որը մշտապես եղել եւ մնում է իշխանությունների կամակատարը, ստիպված էր ընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները հավատ չեն ներշնչում, եւ առաջարկեց մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել:

Իհարկե, հանրաքվեն չանցկացվեց, սակայն 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքում իշխանություններն իրենց համար մի քանի կարեւոր հետեւություն արեցին, որոնցից մեկը վերաբերում էր ընդդիմության կողմից ՏԸՀ անդամ նշանակելու խնդրին: Արդյունքում՝ նշված ընտրությունները եղան վերջինը, որոնց ժամանակ ընդդիմությունն իր ՏԸՀ անդամներին նշանակելիս ազատ էր եւ ոչնչով կաշկանդված չէր:

Իշխանությունները հասկացել էին, որ ընդդիմությանը պետք է զրկեն անկաշկանդ ՏԸՀ անդամ նշանակելու հնարավորությունից: Սակայն չէին կարող հայտարարել, որ իրենք համակարգը ցանկանում են փոխել, որպեսզի իրենք անարգել կեղծեն ընտրությունները: Ուստի իշխանությունները 2003-ի ընտրակեղծիքների մեղքը սկսեցին պատճառաբանել ընտրական հանձնաժողովների անդամների` իբր թե ընտրական գործընթացին լավ չտիրապետելով եւ որպես լուծում առաջարկեցին ներդնել վկայականներով ՏԸՀ անդամ նշանակելու համակարգը: 2005-ի մայիսի 19-ին` նույն թվականի աշնանը սպասվող սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ԱԺ-ն փոփոխություններ կատարեց ՀՀ ընտրական օրենսգրքում եւ մասնավորապես 34-րդ հոդվածում ամրագրվեց, որ ընտրական հանձնաժողովի անդամ կարող են լինել նրանք, ովքեր «ԿԸՀ սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել են որակավորման վկայականներ»:

Իսկ ինչով էր այս համակարգը կարեւոր իշխանությունների համար: Բանն այն է, որ իշխանությունները բոլորից լավ էին հասկանում, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատները երբեք իրենց բանուգործը չեն թողնի եւ հետեւեն, թե երբ է ԿԸՀ հատուկ դասընթացներն անցկացնում, որպեսզի իրենք էլ գնան, դրանց մասնակցեն ու վկայական ստանան: Մյուս կողմից՝ ընդդիմադիր կուսակցությունները, որպես կանոն, ակտիվանում են ընտրությունների շեմին` երկու-երեք ամիս առաջ: Այսինքն՝ իշխանությունները հաշվարկել եւ եկել էին եզրակացության, որ այս համակարգի դեպքում ընդդիմությունը չի կարողանալու հանձնաժողովների իր բոլոր տեղերը լրացնել, եւ դրանց մի մասը մնալու է թափուր: ՏԸՀ անդամ նշանակելու հայտերը, ըստ ԸՕ 42-րդ հոդվածի, ներկայացվում են քվեարկությունից ոչ ուշ, քան 25 օր առաջ:

Այսինքն՝ ընտրակեղծարարության մնացած գործընթացը դառնում է զուտ տեխնիկայի հարց. դուրս են բերվում «անտեր» մնացած տեղամասերը, հաշվարկում են դրանցում ընտրողների թիվը, որի առնվազն 80 տոկոսն արդեն իշխանության «քվեն» է: Մնացած վերահսկվող տեղամասերի իշխանությունների ներկայացուցիչներին մնում է ապահովել «հաղթանակի» համար պակասող «ձայները»: Ի դեպ, իշխանությունները նախապես են տեղեկացված լինելու, թե տեղամասերից յուրաքանչյուրում ընդդիմության կողմից ՏԸՀ-ում նշանակված անդամն ով է, այդ ուղղությամբ էլ են «կանխարգելիչ գործողությունների» դիմում: Իշխանությունները ՏԸՀ ընդդիմադիր անդամների վրա համընդհանուր «գրոհ» երբեք չեն կազմակերպում: Ընտրվում են խոցելիները եւ կոնկրետ տեղամասերում, իսկ մնացած տեղերում ընտրությունները ընթանում են «բնականոն» հունով: Այս երեւույթը առավել տեսանելի դարձավ 2013-ի նախագահական ընտրություններում, որի ժամանակ, ինչպես հիշում եք, Սերժ Սարգսյանը Հայաստանի մարզկենտրոններում պարտվել էր, բայց տվյալ մարզում նա «հաղթել» էր:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս