Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գները 4.4 տոկոսով աճել են: Իսկ պարենային ապրանքներինը 4.3 տոկոսով են աճել, ոգելից խմիչքինը՝ 1.9, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.9 տոկոսով:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մսամթերքի շուկայում 2015 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 0.2 տոկոս, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ` 1.1 տոկոս գնանկում: Նշենք նաեւ, որ 2015 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է խոզի մսի 2.6, տավարի մսի 1.8 տոկոսի գնանկում: Ի դեպ, էժանացել են նաեւ թռչնամիսն ու հավի բուդը:
Բացի այս, հանրապետության 9 քաղաքներում 2015 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է մսամթերքի 1.6-0.1 տոկոս գնանկում, իսկ 2-ում՝ 0.1-0.3 տոկոս գնաճ: Մայրաքաղաք Երեւանում մսամթերքի գները 1.5 տոկոսով նվազել են:
Հիշեցնենք, որ մսամթերքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն արգելվել էր դեռեւս 2007 թվականին՝ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով: Իսկ ահա նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, թե շուտով կսկսվի դեպի ՌԴ միս, մսամթերք արտահանելու գործընթացը, սակայն այդպես էլ այն մինչ օրս չի արտահանվում: Հավանաբար սա է պատճառը, որ մսամթերքի շուկայում բարձր գնաճ չի արձանագրվել, ինչի արդյունքում մսամթերքի շուկայում լճացում է առաջացել, հետեւաբար եւ գինն էլ չի բարձրանում: Սակայն ըստ տնտեսագետների՝ այս տվյալները երկար չեն պահպանվի, քանի որ առջեւում տոնական օրեր են: Եւ փորձը ցույց է տվել, որ տոներից առաջ սովորաբար առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են:
Սակայն մսի էժանացմանը զուգընթաց թանկացել է ապխտած երշիկեղենը, այդ թվում նաեւ՝ բաստուրման: Ըստ ԱՎԾ-ի՝ բաստուրմայի գինը 0.5 տոկոսով է աճել, խոզապուխտինը՝ 0.6, ոչխարի մսինը՝ 1, տավարի մսի պահածոյինը՝ 1.6 տոկոս: Տեղեկացնենք, որ այս տարվա մայիսի 15-ից հնարավոր է դարձել ռուսական շուկա արտահանել բաստուրմա արտադրատեսակը, իսկ սեպտեմբերի 22-ից՝ նաեւ հայկական արտադրության հում ապխտած մսամթերքը եւ սուջուխը: Ըստ որոշ տեղեկությունների՝ սա է պատճառը, որ ներքին շուկայում բարձրացել է բաստուրմայի, խոզապուխտի եւ սուջուխի գինը:
Ի դեպ, թանկացել է նաեւ խաշի պարագաների գինը` 3.4 տոկոսով: Հավանաբար սա կապված է խաշի սեզոնի հետ, որն այս ամիսներին է: Կաթնամթերքի շուկան նույնպես զերծ չի մնացել թանկացումներից: Այս շուկայում 2015 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 2.9 տոկոս, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ: Մասնավորապես թանկացել է «Լոռի»՝ 0.8 տոկոս, եւ «Չանախ»՝ 1.6 տոկոս, պանրատեսակները: Սա այնքանով է տարօրինակ, որ այս տարվա ընթացքում պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները սովորականից մեծ քանակության կաթ մթերեցին: Բացի այս, կաթնամթերքի շուկայում 0.9 տոկոսով թանկացել է մայոնեզը: Իսկ, ահա, խտացրած կաթը 3.3 տոկոս, յոգուրտը 1 տոկոս, «Չեդեր» պանրատեսակը 0.8 տոկոսով էժանացել են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ