Նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում տված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»:
Ինչ է նշանակում այս հայտարարությունը, ինչ վտանգներով է այն հղի: ArmLur.am-ի հարցին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Բակո Սահակյանի այս հայտարարությունն ավելի շատ PR քայլ էր: Ըստ ամենայնի այդ PR-ի մասին նրան հուշել էին ռուսական քաղտեխնոլոգները: Հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի իշխանությունները, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել այդ հայտարարության մասին: Ըստ ամենայնի, այն անակնկալ է եղել նաեւ Սերժ Սարգսյանի համար»:
Ըստ Արամ Կարապետյանի` Սերժ Սարգսյանի իշխանությունն, իհարկե, բազում սխալներ է գործում ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին ու գեոքաղաքական բնագավառներում: «Երբեմն այնպիսի անտրաբամանական քայլեր ու հայտարարություններ են արվում, որ նույնիսկ զարմանալն է անիմաստ դառնում: Եւ դրա արդյունքում է, որ մենք այս ցավալի վիճակում ենք գտնվում: Բայց լավ է, որ գոնե Բակո Սահակյանի այս հայտարարության մասին, իմ կարծիքով, ՀՀ իշխանությունները տեղյակ չեն եղել»: