ՊՆ-Ի ՎՐԱ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄ ԱՐԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությանը կես մլն դոլար հավելագրելու գործով կալանավորված «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերության տնօրեն Աշոտ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ազատ է արձակվել:

Դեռեւս 2014 նոյմեբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ աղմկալի պատմության մեջ է ընկել: ՊՆ-ն «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերությանը վիդեոկոնֆերանսների սրահները տեխնիկայով ապահովելու դիմաց գումար էր վճարել, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ընկերությունը տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառել է շուկայականից բավականին բարձր գնով, ինչը երեւացել էր իրականացված գործարքի համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերում: Բացահայտումից հետո «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերության ղեկավար Աշոտ Սարգսյանը կալանավորվել էր եւ մեղադրվում էր խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ:
Հարուցված քրեական գործի քննության շրջանակներում ՀՀ իրավապահները, կալանավորելով Սարգսյանին, փորձել էին հասկանալ, թե որքան գումար է գործարարը «քցել» ՀՀ պաշտպանության նախարարությանը: Պարզվել էր, որ Աշոտ Սարգսյանն այդ սարքավորումները ձեռք է բերել տարբեր երկրներից` Վրաստանից, ԱՄՆ-ից:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն, աշխատելով ԱՄՆ դաշնային բյուրոյի ներկայացուցիչների, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով կցորդի հետ, ձեռք էր բերել սարքավորումների գնման պայմանագրերի օրինակները, որոնք ուղղակի փաստարկն էին այն իրողության, որ շուրջ կես միլիոն դոլարի հափշտակություն է կատարվել:
Տեղեկացնենք, որ կալանավորված գործարարին պատկանող ընկերությունը տեխնիկայով է ապահովել ՀՀ գրեթե բոլոր պետական կառույցներին՝ ՀՀ Կենտրոնական բանկին, Ազգային ժողովին, Կառավարությանը, պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը, ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությանը, ՀՀ դատարաններին՝ Շենգավիթ, Էջմիածին, Վայք, Եղվարդ, Մասիս, Չարենցավան, ֆինանսների նախարարությանը, Էկոնոմիկայի նախարարությանը, մշակույթի նախարարությանը եւ այլն:
Հավելենք, որ իր գործունեության ընթացքում գործարար Աշոտ Սարգսյանը խաբել է իր հաճախորդներին եւ, օրինակ, 50 հազար դրամանոց տեխնիկան 80 կամ 90 հազար դրամով է վաճառել: Ու դրա համար տարիներ առաջ դարձյալ յուրացման մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն ոչ միայն պատիժը չի կրել, այլեւ շարունակել է նույն գործով զբաղվել՝ այս անգամ էլ թիրախավորելով մեր պաշտպանական գերատեսչությանը: Բայց, ինչպես երեւում է, այս անգամ եւս նա «ջրից չոր է դուրս գալիս». նրան 3-4 ամիս առաջ գրավի դիմաց ազատ են արձակել:
Այն, որ Աշոտ Սարգսյանը, ամենամեղմ որակմամբ անգամ, «քցել» է ՊՆ-ին, անհերքելի իրողություն է, բայց թե ինչպես է ստացվում, որ Պն-ին կես միլիոն դոլար «քցելու» գործով կալանավորված գործարարը ամիսներ հետո գրավի դիմաց ազատ է արձակվում, այդպես էլ անհասկանալի է մնում: Չի բացառվում՝ հետագայում հայտնի դառնա, որ Աշոտ Սարգսյանին գրավի դիմաց ազատ են արձակել, որպեսզի «լռի»: Ո՞վ գիտի՝ գուցե գործարարը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կամ պաշտոնյաների հետ պայմանավորվածությո՞ւն է ունեցել ՊՆ-ին տեխնիկան առավել թանկ գնով վաճառելու եւ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված «ատկատը» կիսելու մասով: Ամենեւին բացառված տարբերակ չէ, առավել եւս, որ նմանօրինակ դեպք տարիներ առաջ բացահայտվեց:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011թ. մսի մատակարարները խաբել էին ՊՆ-ին՝ տավարի մսի փոխարեն տրամադրելով գոմեշի ավելի էժան միս: Այս գործով մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն էր, որը մեզ հետ զրույցում ասել էր՝ ինքնագլուխ չի գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի համաձայնությունը. «Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում: Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»:
Արդյունքում Արշալույս Փայտյանը հեռացվեց աշխատանքից, իսկ Ալբերտ Օհանջանյանը փոխահատուցեց ՊՆ-ին հասցված վնասը:
Թվում էր, թե 2011թ. բացահայտված գոմեշի մսի աղմկահարույց դեպքից, Սերժ Սարգսյանի հայտնի, բարկացած խորհրդակցությունից հետո հայոց բանակում ֆինանսական չարաշահումների թեման պետք է փակված լիներ, բայց ոչ, այն ավելի խորը դրսեւորումներ ունի:
Իսկ թե ում թույլտվությամբ է Աշոտ Սարգսյանը պաշտպանության նախարարության վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան թանկ գնով վաճառել ՊՆ-ի վրա եւ ՀՀ ՊՆ-ի որ «խոշոր ձկան» թեթեւ ձեռքով կալանքից ազատվեց, առայժմ հայտնի չէ: Ամեն դեպքում, այս գործով այլեւս ձեւական դարձած նախաքննությունը դեռ շարունակվում է:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՊԱՊ ՈՒ ԹՈՌ ՄԵՆԱԿ ԷԻՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում աշխատող, կոչումով փոխգնդապետի որդու` Արսեն Հերիքյանի մահվան դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին:
Այս տարվա նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում երիտասարդ տղայի դի էր հայտնաբերվել: Մի փոքր ուշ պարզվել էր, որ մահացած տղան նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 17-ամյա Արսեն Հերիքյանն է, որի հայրն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: Ի դեպ, տղայի անշնչացած մարմնի մոտ իրավապահները ուրագ էին հայտնաբերել: Արդյո՞ք տղան ուրագով գործ է արել, ինչի արդյունքում էլ սայթաքել եւ դարձել դժբախտ պատահարի զոհ, թե՞ ինքնասպան է եղել, դեռեւս հայտնի չէ: Փաստ է, որ Արսեն Հերիքյանը վայր է ընկել 9-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ մահացած Արսեն Հերիքյանի ընտանիքը վերոնշյալ հասցեում վարձով է ապրում: Դեպքի օրը Արսեն Հերիքյանի ծնողները տանից բացակայել են, աշխատանքի վայրում են եղել: Նշված օրը Արսենի պապիկը հյուր է եկել նրանց տուն: Մի փոքր զրուցելուց հետո տղան գնացել է պատշգամբ, եւ լսվել են ճչոցի ձայներ: Ավելի ուշ պապը թոռնիկին հայտնաբերել է բակում ընկած:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով` ինքնասպանության հասցնել: Հավելենք, որ իրավապահները դեռեւս չեն հարցաքննել ընտանիքի անդամներին, քանի որ երեկ տղայի հոգեհանգիստն էր: Ըստ էության, անչափահաս տղայի հուղարկավորությունից հետո միայն քննչական գործողություններ կիրականացվեն, ինչից հետո արդեն պարզ կլինի՝ կատարվածը դժբախտ պատահա՞ր էր, թե՞ ինքնասպանություն:

 

ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԱՆԵԾՔԸ
Նոյեմբերի 7-ին Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի էր ենթարկվել Արաբո Կարապետյանը, որը Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանի որդին է: Դեպքը տեղի էր ունեցել Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց: 30-ամյա Գեւորգը «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել գյուղապետի որդուն, որը տեղում մահացել է: Ի դեպ, գյուղապետի որդուն վթարի ենթարկած Գեւորգը աշխատում է ՀՀ ՊՆ-ում:
Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մահ) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականին ավտովթարից մահացել էր նաեւ Սուրենավանի գյուղապետ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը, սակայն այդպես էլ անհայտ մնաց, թե ով էր եղել գյուղապետի ճանապարհը կտրած ավտոմեքենայի վարորդը, ինչի պատճառով տեղի էր ունեցել ավտովթարը: Բայց այս առիթով հարուցված քրեական գործն էլ կարճվեց, որից հետո համայնքում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, եւ համայնքի ղեկավար ընտրվեց Կարո Կարապետյանը, որի որդին եւս ավտովթարի զոհ դարձավ:

 
5 ՀՈԳԻ
ArmLur.am-ի փոխանցմամբ` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ներկայումս հացադուլը շարունակում է 5 դատապարտյալ: Հիշեցնենք, որ մինչ այս հացադուլավոր դատապարտյալների թիվը 10-ն էր: Նրանք բողոքում են վաղաժամկետ ազատման ինստիտուտի անգործության դեմ:

 

ՈՐՆ Է ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը՝ ադրբեջանական Haqqin.az կայքը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, գրում է, թե Նոյեմբերյանի շրջանի քաղաքացի Լուսինե Ղուկասի Աբովյանը (ծնված 1942թ.) հատել է Ադրբեջանի սահմանը: ArmLur.am-ը զրուցեց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանի հետ, ով հայտնեց, որ 76-ամյա Լուսինե Աբովյանին փնտրում են երեկվանից: Նրան վերջին անգամ տեսել են երեկ՝ ժամը 13-ի սահմաններում: Անհետացման պատճառների վարկածները, ըստ մեր զրուցակցի, տարբեր են. հնարավոր է՝ տարեց կինը տեղանքում չի կողմնորոշվել կամ առողջական խնդիրներ է ունեցել, վատ ինքնազգացողության պատճառով անհետացել է: Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե հայ կինը հայտնվել է իրենց սահմանին, դեռեւս արժանահավատ համարել չենք կարող, քանի որ ըստ գյուղապետի՝ դա կարող է հերյուրանք լինել: Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ սահմանային հատվածներում կան տարբերանշաններ, որոնք օգնում են կողմնորոշվել տեղանքում: Դրանք, մասնավորապես, մատնանշում են խիստ վտանգավոր տարածքները, ականապատված հատվածները եւ այլն: Գյուղապետի փոխանցմամբ՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող էր հայտնվել Լուսինե Աբովյանը, իրենք փնտրել են: Իսկ որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ
«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը դիմել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին՝ հորդորելով դադարեցնել հոկտեմբերի 30-ից հայտարարած անժամկետ հացադուլը: «Դու ընտրել ես բանտային խիստ սահմանափակ պայմաններում պայքարի ծայրահեղ ձեւը՝ հացադուլը: Սակայն այսօրվա կառավարիչները բարոյականություն չունեն, ուստի նրանց կառավարման պարագայում վերջնական արդյունքի չես հասնելու քո առողջությանը վնասող այդ ծայրահեղ քայլով: Ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի դեպքը ասածիս ամենաթարմ ապացույցն է», – Ավետիսյանին գրել է Սէֆիլյանը:

 

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԹՎՈՒՄ
The Times-ի ներկայացմամբ` Ռուսաստանը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների թվում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, էբոլա վիրուսի եւ Եվրոպայում ներգաղթյալների զանգվածային հոսքի հետ մեկտեղ ՌԴ-ն ներառվել է սպառնալիքների ցանկում, որը կազմվել է երկրի ազգային անվտանգության ռազմավարության հիման վրա: Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը փաստաթուղթը կներկայացնի նոյեմբերի 23-ին: Հիշեցնենք, որ անցած տարի Ռուսաստանը համաշխարհային սպառնալիքներից մեկն էր կոչել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:




Լրահոս