Այս օրերին մեքենաների ապակիները մգացնելու համար նախատեսված կետերում մեծ հերթեր են գոյացել, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն առաջիկայում կսկսի ստուգել ՀՀ-ում առկա մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանը: Եւ որպեսզի խուսափեն տուգանքից, վարորդները լծվել են իրենց մեքենաների ապակիների մգեցվածությունը թուլացնելու գործին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՃՈ-ն այդ ստուգումները նախատեսում է սկսել նոյեմբերի 11-ից:
ՀՀ ոստիկանության՝ օրերս տարածված հայտարարության համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջեւի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, եւ մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին եւ անձրեւի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգացված թաղանթով):
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս: Իսկ առջեւի դռների, առջեւի կողային եւ այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետեւի դռների ապակիներ եւ հետեւի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:
Եւ եթե վարորդները չեն պահպանում այս որոշմամբ սահմանված նորմերը, ապա խախտման համար նրանց սպասվում է տուգանք: Այսպես, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի կամ կարգի խախտմամբ՝ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 հազար դրամ:
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն այս օրերին քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում. բոլորին հետաքրքրում է միայն մեկ հարց՝ երբ է ՃՈ-ն սկսելու ստուգել մեքենաների ապակիների մգացվածության չափը: Այս հարցում «Աքիլլես»-ը համաձայն է ՃՈ-ի հետ: Ավելին՝ «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանը կարծում է, որ ՃՈ-ն պետք է վաղուց լծվեր այս հարցի կարգավորմանը: Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց, որ տարիներ առաջ, երբ «պլյոնկաները» տարածված չէին, վարորդներն իրենց մեքենաների ապակիները վարագույրով էին պատում: «Հետո որոշում ընդունվեց այն մասին, որ պետք է մեքենաների ապակիները թափանցիկ լինեն, եւ պետավտոտեսչության աշխատակիցները սկսեցին ձեռքով պոկել այդ վարագույրները: Ստեղծվեց կոնֆլիկտային իրավիճակ: Ի վերջո, կառավարությունը որոշեց կարգավորել այս հարցը եւ այն համապատասխանեցնել միջազգային նորմերին: 2007 թվականին կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի՝ կարգավորվեց մեքենաների թաղանթապատումը, հաստատվեցին ապակիների մգացվածության նորմերը»,- ներկայացրեց Հովհաննիսյանը:
Մեր զրուցակցի պատմելով՝ մեքենայի առջեւի ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոս, վարորդի կողայինները՝ 70 տոկոս, իսկ մյուս ապակիների լուսաթափանցելիության չափը չի սահմանվել: «Նշվում էր, որ հետեւի ապակիները կարելի է մգացնել, եթե երկու կողմից կա հայելի՝ հետեւի տեսանելիության հայելիները: Սահմանվեց նաեւ այն մեքենաների ցանկը, որոնց մասով թույլատրվում էր մգացնել ապակիները: Մի ընթացք ուժեղացվեց հսկողությունը, բայց հետո թուլացավ»,- լրացրեց մեր զրուցակիցը: «Աքիլլես»-ի ներկայացուցչի խոսքերով՝ այսօր ՀՀ-ում առկա մեքենաների գրեթե 90 տոկոսի ապակիները թաղանթապատված են, մի մասը՝ նորմայի սահմաններում է, մի մասը՝ ոչ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տարիներ առաջ ոստիկանությունը մեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող սարքեր է ունեցել, որոնցով եւ ստուգել է: Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՃՈ-ն առայժմ չունի համապատասխան սարքեր, որոնցով կարող է ստուգել մեքենայի ապակու մգացվածության չափը: Սակայն ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ՃՈ-ն ունի համապատասխան սարքեր: «Ժողովուրդ»-ը ՃՈ-ից հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, թե ստուգումները սկսվելու են նոյեմբերի 11-ից: ՃՈ պետը, հերքելով տեղեկությունները, հայտնեց, որ երբ սկսվեն այդ միջոցառումները, դրանից 2-3 օր առաջ հասարակությունը կտեղեկացվի: Այժմ տեխնիկական վերազինման աշխատանքներ են իրականացվում, ինչը կտեւի 1-2 ամիս:
ՇՏԱԲԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՆ Է ՎԱՐՁԵԼ ՈՒ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՎԱՐՁԸ ՏԱԼ
Հայաստանում սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: Այս առիթով ՀՀ մարզերի որոշ համայնքներում ստեղծվել են շտաբներ: ՀՀ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում նույնպես հանրաքվեի անցկացման համար շտաբ է ստեղծվել: Դրա համար գյուղապետը տուն է վարձել եւ չի կարողանում վարձած տան գումարը վճարել: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ջամշլուիի գյուղապետ Միրազմ Ուռուսյանի հետ:
-Պարո՛ն Ուռուսյան, դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն…
-Լավ ա, ամեն ինչ լավ ա, աղջիկ ջա՛ն…
-Ի՞նչ են մտածում գյուղի բնակիչները. այո՞ են քվեարկելու, թե՞ ոչ:
-Ամեն մեկը մի նպատակ ունի, ժամանակը ցույց կտա, թե ինչ ընտրություն կանեն: Կտեսնենք: Բայց ամեն ինչ լավ կլինի: Իսկ մարդիկ ոչինչ չեն խոսում բարձրաձայն:
-Ինչպե՞ս եք պատրաստվում հանրաքվեի անցկացմանը:
-Շտաբ ենք բացել, աշխատում ենք: Տուն ենք վարձել, լույս պետք է քաշենք, բայց չգիտենք, թե ինչպես ենք վճարելու սպառած էլեկտրաէներգիայի վարձը:
-Շտաբի՞ համար եք տուն վարձել:
-Հա՛, տուն ենք վարձել, հարեւանի տունն է:
-Ո՞ւմ միջոցներով եք վճարելու ե՛ւ էլէներգիայի, ե՛ւ տան վարձավճարը:
-Չգիտենք, թե ոնց անենք: Պետք է որ պետությունը գումար տա:
-Որեւէ մեկը խոստացե՞լ է տալ տան վարձավճարը:
-Խաբար չենք: Բնակիչները գալիս են, նստում, խոսում են, քննարկում: Օրինակ՝ այսօր (երեկ- Ս.Հ.) ես իրենց հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդակցություն եմ անցկացրել:
-Տան վարձավճարի կամ էլեկտրաէներգիայի մասով մարզպետարանից կամ ՀՀԿ-ից է՞լ ոչինչ չեն խոստացել:
-Հեչ մեկը բան չի ասել: Մեր հարեւանի տունն է, խնդրել ենք, ինքն էլ տրամադրել է գումարով:
-Իսկ եթե ՀՀԿ-ն կամ մարզպետարանը հրաժարվեն տալ տան վարձավճարը կամ էլէներգիայի գումարը, ի՞նչ եք անելու:
-Կա՛մ պետք է գյուղապետարանը հոգա այդ ծախսերը, կա՛մ էլ՝ հարեւանին խնդրենք՝ չվերցնի այդ գումարը: Երկու դեպքում էլ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ գյուղապետարանը գումար չունի, հարեւանն էլ դրա կարիքն ունի: Առանց փողի շտաբ չենք կարող պահել:
Հ.Գ. Հավելենք, որ նման անհասկանալի իրավիճակում է հայտնվել նաեւ Արագածոտնի մարզի Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանը: Այդ գյուղապետը նույնպես գյուղում տուն է վարձել եւ էլէներգիա է օգտագործում: Սակայն դեռեւս ո՛չ մարզպետարանը եւ ո՛չ էլ ՀՀԿ-ն չեն պատրաստվում սպառած էլէներգիայի եւ տան վարձավճարի գումարները տալ:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՓՈԽԱՆԱԿ ԶԻՆԵՆ, ԶԻՆԱԹԱՓՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում շարունակվում է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանը ապօրինի պահել որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45 տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 11 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ:
Ա. Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Սույն հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը հայտնեց, որ Արթուր Մելիքբեկյանի մոտ հայտնաբերված որսորդական զենքն ապօրինի չէ, այն եղել է օրինական, սակայն պատկանել է Արթուրի ընկերոջը:
Վերջերս Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտարարել է, թե սահմանամերձ գյուղեր փրկարարներ ուղարկելու փոխարեն ճիշտ կլինի սահմանագոտու բնակչությանը զինել: Սահմանամերձ համայնքների ղեկավարների խոսքով, երբ ադրբեջանական զինուժը տեսնում է, որ սահմանագոտում ոչխար կամ կով արածեցնող հայ գյուղացին զինված է թեկուզ որսորդական հրացանով, ձեռնպահ է մնում ոտնձգություններ կատարելուց: Նշենք, որ 2015թ. հունվարի 11-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի սահմանագոտում Ոսկեվանի 79-ամյա բնակիչ Սերյոժա (Հրանտ) Սարգսյանը դարձել է ադրբեջանական դիվերսիայի զոհ: Նա գյուղի ծայրին ոչխարներ էր արածեցնում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱԶԱՏԱԳՐԵԼ Է ԳՄԱՄ ՔԱՂԱՔԸ
Սիրիական բանակը ռուսական ավիացիայի եւ տեղի աշխարհազորայինների մասնակցությամբ իր վերահսկողության տակ է առել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Գմամ քաղաքը, որը գտնվում է Լաթաքիայից դեպի հյուսիս-արեւելք 25 կմ հեռավորության վրա: Ահաբեկիչների դիրքերի ոչնչացման համար կիրառվել են 250-կիլոգրամանոց ռումբեր: Ռազմավարական կարեւոր քաղաքից կարելի էր վերահսկել թուրքական սահմանի եւ սիրիական Ջիսր-էշ-Շուգուր քաղաքի մոտ ճանապարհը, որը կարեւոր նշանակություն ունի: Ճանապարհը տանում է դեպի Իդլիբ եւ Հալեպ խոշոր քաղաքներ: Նշվում է, որ ռուսական ավիացիայից տուժել է ուժայինների հրետանին: Հոկտեմբերի սկզբին սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Գմամում, սակայն «Ջեբհատ ան-Նուսրա»-ի ուժայինները կրկին զավթել էին այն: Այժմ սիրիական բանակը պատրաստվում է առաջ շարժվել: