Ինչպես տեղեկացրել էինք, Սուրբ Զատկի նախօրեին Երեւանի շատ խանութներում վաճառվել էր «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի կողմից արտադրված «զատկական ձու»՝ եփված ու գույնզգույն ներկված: Այս խնդրով «Ժողովուրդ»-ը դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (ՍԱՊԾ), որտեղից մեզ վստահեցրել էին, թե կուսումնասիրեն խնդիրը: Սակայն, ինչպես պարզեցինք, ՍԱՊԾ-ը սահմանափակվել է ընդամենը տվյալ խմբաքանակը խանութներից հանելով: Իսկ թե ինչու ընկերությունն այս պահին չի ստուգվում, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Սուրբ Զատկի նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել մի քաղաքացուց, որը տեղեկացրել էր, որ Երեւանի խանութներից մեկից գնած «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրած «Արաքս տեղական» անվանումով վեցհատանոց տուփով ներկած գունավոր հավկիթները տարօրինակ հոտ ունեն: «Ժողովուրդ»-ը բացահայտել էր, որ տվյալ տուփի վրա գրված չի եղել, թե ինչ տեսակի ձու է, երբ է այն արտադրված, եփված է, թե ոչ: Մի խոսքով, միայն Աստծուն է հայտնի, թե ձուն ներկելու համար ինչ ներկանյութ է օգտագործվել, եւ արդյոք այն վտանգավոր չէ մարդու առողջության համար: Նկատենք, որ ձուն մաքրելիս տհաճ հոտ էր գալիս, որը բնորոշ չէ թարմ ձվին:
Այս խնդրով հենց նույն օրը «Ժողովուրդ»-ը դիմել էր ՀՀ ԳՆ ՍԱՊԾ, որտեղից վստահեցրել էին, որ տվյալ հավկիթներն ուսումնասիրության են վերցվել, իսկ արդյունքների մասին առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի: Երեկ ՍԱՊԾ մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են ուսումնասիրությունները. «Հենց նույն օրն այդ խմբաքանակը հանվել է Երեւանի խանութներից»: Մեր հարցին, թե ինչ պատժամիջոց կկիրառվի ընկերության նկատմամբ, Պիպոյանը հրաժարվեց պատասխանել: Այդ պատճառով կապ հաստատեցինք ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի հետ, որն ասաց. «Մենք համապատասխան գործողությունն իրականացրել ենք, այսինքն՝ սպառողը նման սննդամթերքից զերծ է: «Սննդամթերքի մասին» ՀՀ օրենքի եւ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված է, թե յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ մեկ հաշվետու տարվա ընթացքում քանի անգամ կարող է ստուգվել, իսկ տուգանք կիրառվում է ստուգման արդյունքում, այլ ոչ թե դիտարկման»:
Բախչագուլյանի պարզաբանմամբ՝ մակնշման պահանջները որպես այդպիսին նույնպես սահմանվում են «Սննդամթերքի մասին» ՀՀ օրենքով եւ կառավարության համապատասխան որոշմամբ, որտեղ սպառիչ գրված է, թե ինչ պետք է ամրագրվի մակնշման պահանջների մասում. «Տնտեսվարողը պարտավորություն ունի միայն իր արտադրական գործընթացը կազմակերպելու եւ տեխնոլոգիական հրահանգը նշելու, այլ ոչ թե տեխնոլոգիական հրահանգից բխող գործողությունների շարադրանքը ներկայացնելու մակնշման վրա»: «Ժողովուրդ»-ը փորձեց Բախչագուլյանից հետաքրքրվել, թե խախտում չէ այն, որ փաթեթավորված եւ գույնզգույն ներկված տվյալ հավկիթի վրա արտադրման ամսաթիվը բացակայում է, կամ այն, որ սպառողը տեղեկացված չէ, թե ինչ ներկանյութով են ներկված հավկիթները: Սակայն, այս հարցերին ի պատասխան, Բախչագուլյանն արագ նետեց. «Մեկնաբանելը վերածվեց հարցազրույցի» ու անմիջապես անջատեց հեռախոսը:
Փաստորեն, եթե այս դեպքում քաղաքացին զգոն չլիներ, չդիմեր խմբագրություն եւ տվյալ հավկիթներից թունավորվեր, ապա ՍԱՊԾ-ն կսահմանափակվեր ընդամենը շուկայից թունավոր խմբաքանակը հանելով: Իսկ թե ընկերությունն այս ակնհայտ խախտումների համար ինչու չի պատժվում, հայտնի չէ:
Ինչեւէ, տեղեկացնենք, որ նույն ՍԱՊԾ պաշտոնական կայքում գրված է հետեւյալը. իրացնել չի թույլատրվում այն ձվերը եւ ձվամթերքը, որոնք չունեն մակնշվածք արտադրանքի յուրաքանչյուր միավորի (չփաթեթավորված ձվի համար) վրա կամ սպառողական տարայի, պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի եւ (կամ) ուղեկցող փաստաթղթերի մեջ (փաթեթավորված արտադրանքի համար) բացակայում է տեղեկատվությունը:
Չփաթեթավորված ձվերի կամ ստվարաթղթե պալարային տուփերում եւ միջադիրներում տեղադրված ձվի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը եւ պիտանիության ժամկետը: Ձվերը չպետք է ունենան անորակության ու փչացման հստակ արտահայտված նշաններ: Իսկ մակնշման մասով` հայերենով պետք է ներառվի սննդամթերքի մեջ օգտագործված սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան):
«Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն իրականում հնարավորություն ունի տվյալ ընկերությունում ստուգում անցկացնել ահազանգի հիման վրա: Սակայն, չգիտես ինչու, այս ահազանգից հետո շուկան ո՛չ դիտարկվում է, ո՛չ էլ ստուգվում: Ավելին, այս ամենի արդյունքում չի բացառվում, որ սա ներկրված ձու է, որը վաճառվում է տեղականի փոխարեն:
Հ.Գ. «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սեփականատերը եւս Խաչիկ Խաչատրյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է 6.2 միլիոն դրամ իր գործարար համբավը արատավորելու համար: Ահա Խաչիկի գործարար համբավի ահազանգը:
ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է «ԱՐԱՔՍ»-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ