Մարտի 31-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի տարածքում գտնվող Մակարավանքում մասնակցել է Սուրբ Զատկի արարողությանը, որի ավարտից հետո հարցազրույց է տվել մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը: Նշենք, որ մարզպետն այդ հեռուստաընկերության հիմնական սեփականատերն է, թեեւ փաստաթղթերը ձեւակերպված են իր բարեկամի անունով: Հարցազրույցում Արմեն Ղուլարյանը, տոնի առթիվ տավուշցիներին բարեմաղթանքներ հղելով, հույս է հայտնել, որ «մեր ժողովուրդը իրեն աշխատասիրությամբ, իրեն նվիրվածությամբ կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, որ այսօր կան մեր առօրյա կյանքում»: Սակայն քիչ անց նույն հարցազրույցում մարզպետը հերքել է ինքն իրեն՝ մարզի բնակիչներին մեղադրելով ծուլության մեջ: Նա ասել է. «Ցանկանում եմ նաեւ մեծ աշխատասիրություն մեր ժողովրդին: Որը, ցավում եմ, այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ վերջին ժամանակները պակասում է»:
Ո՞ւմ է պակասում աշխատասիրությունը՝ սահմանամերձ մարզի չարքաշ կյանքով ապրող ժողովրդի՞ն, թե՞ մարզպետարանը թերի ղեկավարող Արմեն Ղուլարյանին: Նա ավելի քան 14 տարի ղեկավարում է Տավուշի մարզը, սակայն գյուղատնտեսական մարզում չկա գյուղատնտեսական ոչ մի շուկա, գյուղացին հնարավորություն չունի իրացնել իր աճեցրած բերքը: Մարզկենտրոն Իջեւանում գյուղատնտեսական մթերքները ստիպված վաճառում են փողոցներում, այդ թվում՝ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու պատերի տակ: Մարզում կաթի ընդունման կետերի մեծ մասն անգործության է մատնված: Չնայած մարզպետ Ղուլարյանի բազմաթիվ հավաստիացումներին՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի պտղաբույծներն ամեն տարի չեն կարողանում լիովին իրացնել իրենց աճեցրած դեղձը, ստիպված դեղձի օղի են թորում եւ խմում:
Տավուշի մարզպետը նաեւ հետեւողական չէ իր տված հանձնարարականները կյանքի կոչելու հարցում: Մարզխորհրդի նիստերում նա բազմիցս խոսել է միջպետական ճանապարհի եզրին աղբը թափելու անթույլատրելիության մասին, այդ առթիվ հանձնարարություններ տվել: Իջեւան քաղաքի աղբավայրը գտնվում է Լուսաձոր գյուղի տարածքում՝ միջպետական ճանապարհի եզրին, այն հակասանիտարական տհաճ պատկեր է ներկայացնում: Մարզպետը գրեթե ամեն օր անցնում է այդ ճանապարհով, մի՞թե այդ կեղտոտ տեսարանը չի նկատում: Արմեն Ղուլարյանը տարբեր առիթներով երկար ճառում է, սակայն չլուծված հիմնախնդիրներն այլ բան են վկայում: Տավուշի սահմանագոտու բնակիչներն ապրում են ադրբեջանական կրակոցների տակ, տանջվում հազար ու մի հոգսից, իսկ պետությունը շատ քիչ բան է անում նրանց մատից փուշ հանելու համար: Եվ այդքանից հետո մարզպետը տավուշցիներին մեղադրում է ծուլանալու մեջ: Սելի տեղ սելվորն է ճռռում:
Տավուշ