Ինչ է պատմել Հանքավանում 3 մարդու կյանք խլած երիտասարդը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը՝ երեկ երեկոյան սպանություն էր տեղի ունեցել Հրազդան քաղաքի «Տաք ջուր» կոչվող տարածքում: Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի ավագանու անդամ 27-ամյա Հայրապետ Սեփոյանի կրակոցներից սպանվել էին Հանքավան համայնքի բնակիչներ Վահե և Վարդան Գալստյանները, որոնք եղբայրներ են և Արմեն Հովհաննիսյանը, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գալստյան եղբայրների ազգականն էր:

Իսկ ինչ էր եղել երեք ազգականների սպանության պատաճառը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն սպանված Վահե և Վարդան Գալստյանների հայրը` Ֆրունզե Գալստյանը, մասնավոր անտառ է ունեցել, որտեղից Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը ծառ է կտրել:

Ըստ էության՝ Գալստյան եղբայրները, իմանալով այդ մասին, գնացել են Գագիկ Սեփոյանի հետ «ռազբորկայի»: Խոսակցությունը լավ ընթացք չի ստացել, ինչից հետո Վահեն և Վարդանը հարվածներ են հասցրել Գագիկ Սեփոյանին, որից հետո նրան տեղափոխել են Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Գագիկ Սեփոյանի որդին էլ` Հայրապետ Սեփոյանը, իմանալով հոր հետ կատարվածի մասին՝ պարզաբանում է պահանջել Գալստյան եղբայրներից: «Ռազբորկան» վերածվել է կռվի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Արդյունքում երեք երիտասարդ սպանվել է:

Նշենք, որ դեպքից հետո ողջ Հրազդան քաղաքը, ինչպես նաև Մարմարիկ համայնքը հսկվել են ոստիկանների կողմից՝ հնարավոր վենդետայից խուսափելու համար: Ավելին, երեք հոգու սպանության կասկածանքով ձերբակալված Հայրապետ Սեփոյանի հոր` Գագիկ Սեփոյանի անվտանգության համար ոստիկանները հսկողություն են սահմանել ԲԿ-ում:

Իսկ ի՞նչ է երեք երիտասարդների սպանության մեջ կասկածվող Հայրապետ Սեփոյանը պատմել իրավապահներին: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների` կասկածյալն ասել է, թե իր հորն այդ վիճակին հասցնելու համար գնացել է տղաների հետ խոսելու. սպանելու մտադրություն չի ունեցել: Ապա Գալստյան եղբայրները և նրանց մտերիմ Արմանը, Սեփոյանի խոսքով, հարձակվել են իր վրա: Ինքն էլ պաշտպանվելու համար կրակել է նրանց ուղղությամբ, որպեսզի վախեցնի, սակայն տեղի է ունեցել այդ դժբախտ դեպքը: Հավելենք, որ Հայրապետ Սեփոյանը ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջ որդին է: Իսկ ահա Մխիթար Հարությունյանը հրաժարվում է կատարվածի մասին խոսել` նշելով, թե ասելու բան չունի:




Լրահոս