«Կաղ էշի արագությամբ» ճանապարհ հաղթահարող ավտոբուսներ. խորհրդային տարիներից մնացած ժառանգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ գործող երթուղիներում միկրոավտոբուսների հետ միասին երթեւեկում են նաեւ «ՊԱԶ-672» մակնիշի, դեղին գույնի ավտոբուսներ: Մեր տեղեկություններով՝ ուղերթը սպասարկում է Վանաձորից մի կազմակերպություն: Նոյեմբերյանից Վանաձոր հեռավորությունը շուրջ 90 կմ է: Այդ տարածությունը խորհրդային արտադրության ավտոբուսը հաղթահարում է «կաղ էշի արագությամբ»՝ երկուսուկես ժամում: Ալավերդի քաղաքից դեպի Վանաձոր բարձրանալիս շատ հատվածներում ավտոբուսի շարժիչն ուժգին աղմկում, փնչացնում է, սակայն հանրակառքը շարժվում է գրեթե հետիոտնի արագությամբ:

Պավլովի ավտոմոբիլային գործարանը «ՊԱԶ-672 Մ» մակնիշի ավտոբուսներ արտադրել է 1967-1989 թվականներին: Ասել է թե՝ Վանաձոր-Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող դեղին ավտոբուսները 26 տարվա եւ ավելի մաշվածություն ունեն: Այնինչ՝ Վանաձոր-Նոյեմբերյան ճանապարհը շատ բարդ է, մասնավորապես Վանաձոր-Ալավերդի հատվածում կտրուկ թեքությունների, ճանապարհի երթեւեկելի հատվածի շատ նեղ լինելու, վտանգավոր ոլորանների պատճառով շատերն այդ ճանապարհը կոչում են «մահվան ճանապարհ»: Այդ հատվածում մշտապես ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում՝ հաճախ մահվան ելքով: Ճանապարհի եզրին բազում տեղերում կոթողներ եւ ծաղկե պսակներ են դրված՝ ի հիշատակ նշված տեղանքում ավտովթարներից զոհվածների: Ինչպե՞ս կարելի է նման վտանգավոր ուղերթը սպասարկել իրենց դարն ապրած, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ավտոբուսներով: Ինչպե՞ս է տրանսպորտի եւ կապի նախարարությունը հավանություն տվել նման մրցութային առաջարկին:

Տավուշի մարզ
Ոսկան Սարգսյան




Լրահոս