Նոր Սահմանադրություն ընդունելով` իշխանությունը չափազանց կարեւոր մի վերանայում է կատարում, որը վերաբերում է հետագա սահմանադրական փոփոխություններին: Դեկտեմբերի 6-ին ընդունվելիք նախագծով հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ կատարել ԱԺ-ում առանց հանրաքվեի: Փաստացիորեն, խախտվում է սահմանադրական կայունության ապահովման ամենակարեւոր պայմաններից մեկը Հայաստանում: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչ է նախատեսում այս փոփոխությունը, եւ ինչ է հուշում միջազգային փորձը:
Գործող Սահմանադրության 111-րդ հոդվածը իմպերատիվ կերպով սահմանում է. «Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ»: Ըստ էության, այսօր ՀՀ Սահմանադրության մեջ նվազագույն փոփոխությունն անգամ հնարավոր է բացառապես հարցը հանրաքվեի դնելու պարագայում: Ավելին` այս կարեւոր հատկանիշով է Սահմանադրությունը հանդիսանում պետության մայր օրենքը` տարբերվելով մնացած օրենսգրքերից:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում օրենքները փոփոխվում են գերհաճախ, ինչպես ամեն ընտրությունից առաջ իշխանությունն իր կենսական շահերին է հարմարեցնում ընտրական օրենսգիրքը: Դրան զուգահեռ` Սահմանադրությունն անխախտ է ու անփոփոխելի, որն էլ իրավական հարթությունում երաշխավորում է պետության կայուն գործունեությունը: Դեռեւս 1995թ. Սահմանադրության ընդունման նախօրյակին քաղաքական բանավեճի առանցքային հարցերից մեկն էր փաստաթուղթն ընդունել հանրաքվեի՞, թե՞ Գերագույն խորհրդի պատգամավորների քվեարկությամբ:
Այն ժամանակ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին հիմնավոր բացատրություն էր տվել` հօգուտ հանրաքվեի միջոցով Սահմանադրության ընդունման տարբերակի. «Նկատի ունենալով քաղաքական ուժերի հարաμերակցության փոփոխականությունը՝ դժվար չէ գուշակել, թե հետագայում ինչպիսի ցնցումների պատճառ կարող էր դառնալ նման ձեւով (առանց հանրաքվեի, հեղ.) ընդունված Սահմանադրությունը։
Յուրաքանչյուր նորընտիր խորհրդարանի առաջին գործը կլիներ Սահմանադրությունն անմիջապես հարմարեցնել քաղաքական ուժերի նոր հարաμերակցությանը, եւ այդպես շարունակ։ Մենք իրավունք չունենք, առաջնորդվելով առժամյա, թեկուզեւ հարմար նկատառումներով, վտանգել պետության ապագա կայունությունը։ Ստեղծված քաղաքական իրադրության պայմաններում պետության կայունության հուսալի երաշխիքը կարող է լինել միայն ժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությունը, պայմանով, որ նրա հետագա փոփոխությունները նույնպես կատարվեն միայն հանրաքվեի միջոցով»: Այս ձեւակերպումը նույնությամբ կարելի է վերագրել նաեւ այսօր տեղի ունեցող գարծընթացին, քանզի նոր Սահմանադրությամբ հաջորդ փոփոխությունները վերածվելու են սովորական օրենսդրական միջոցառման` ամփոփվելով ԱԺ-ի շրջանակներում: Սահմանադրական կարգի նկատմամբ ավելի մեծ ծաղրանք, քան Սահմանադրության հոդվածների փոփոխությունը ԱԺ մակարդակով կազմակերպելն է, չէր կարող լինել:
Հարկավ, առաջարկվող Սահմանադրությամբ նշված են մի քանի հոդվածներ, որոնք պիտի փոխվեն միայն հանրաքվեի միջոցով` սահմանադրական կարգի հիմունքների, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների, պետության քաղաքականության երաշխիքների ու նպատակների (1-3), դատարանների (7), մարդու իրավունքների պաշտպանի (10), սահմանադրության ընդունման (15) մասին գլուխներ, ինչպես նաեւ՝ ԱԺ-ի կարգավիճակի (88), համամասնական ընտրակարգի (89-3-ի 1-ին նախադասություն), ԱԺ-ի լիազորությունների ժամկետի (90-1), ԱԺ-ի կանոնակարգի (103-2), ԱԺ քննիչ հանձնաժողովների (108), վարչապետին անվստահություն հայտնելու (115), ռազմական եւ արտակարգ դրություններ հայտարարելու (119-120), նախագահի կարգավիճակի ու գործառույթների, լիազորությունների ժամկետի ու ընտրության կարգի (123-125), կառավարության կարգավիճակի (146), վարչապետի ընտրության (149), զինված ուժերի (155) եւ ԿԲ-ի` ազգային արժույթ թողարկելու (200-4) մասին հոդվածները: Իսկ, ահա, ԱԺ-ում Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար հարկավոր է պատգամավորների ձայների 2/3-ը:
Գերմանիայի Սահմանադրության մեջ, օրինակ, փոփոխություններ կարող են կատարվել Բունդեսթագի եւ Բունդեսրատի պատգամավորների միասնական որոշմամբ, եթե դրանց համաձայնություն է տվել առաջինի դեպքում` բացարձակ 2/3-րդը, երկրորդի դեպքում` պարզագույն 2/3-րդը: Իտալիայի Սահմանադրությունը փոփոխելու համար պառլամենտի երկու պալատներում պիտի տեղի ունենան 2 հաջորդական քվեարկություններ, ընդ որում` երկրորդ քվեարկության ժամանակ անհրաժեշտ է յուրաքանչյուր պալատի բացարձակ մեծամասնության համաձայնությունը:
Իսկ, ահա, ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ փոփոխություներ անելու համար հարկավոր է, որ Կոնգրեսի երկու պալատները համաձայնություն տան ձայների 2/3-րդով, որին պիտի հաջորդի նահանգների 2/3-րդի համաձայնությունը, որոնց օրենսդիր մարմիններում փոփոխությունները պիտի արժանանան պատգամավորների 3/4-ի աջակցությանը: Հարկ է, սակայն, հաշվի առնել, որ վերոհիշյալ երկրներում խորհրդարանները երկպալատանի են, այսինքն` սահմանադրական փոփոխությունների հարցում կա հստակ հակակշռի մեխանիզմ, եւ բացի այդ` խորհրդարանի կազմն արտահայտում է հասարակության իրական տրամադրությունը, այլ ոչ թե մեզ նման, երբ ՀՀԿ-ն խփում է այնքան, ինչքան ուզում է:
Ակնհայտ է, որ միջազգային փորձը բավականին խրթին իրավիճակ է ստեղծում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, մինչդեռ մեզ մոտ մի շարք հոդվածներ ուղղարկվում են հանրաքվեի, մնացածը հանձնվում ԱԺ-ի 2/3-ի դատին: Կասկած չկա, որ այս դեպքում ՀՀԿ-ական մեծամասնությունը կարող է Սերժ Սարգսյանին ցանկալի յուրաքանչյուր փոփոխություն անցկացնել առանց գլխացավանքի: Հետընտրական բողոքը վերացնելու համար հանում են նախագահական ընտրությունները, իսկ Սահմանադրությունն իրենց քիմքին հաճելիորեն ձեւելու համար` հանրաքվեի պարտադրանքը: Արդ, կարող ենք պնդել, որ նախաձեռնված փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ Սահմանադրությունը խորհրդարանում փոփոխելու հնարավորության ձեռբերումն է:
Ն. Հովսեփյան