Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը երեկ ուղարկվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն՝ դատական նիստերն անխափան անցկացնելու համար:
Նշենք, որ շուրջ մեկ ամսից կլրանա Ավետիսյանների ընտանիքի սպանության մեկ տարին: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց 7 հոգանոց ընտանիքին, որի արդյունքում Հայաստանում հարուցվեց քրեական գործ՝ սպանության, իսկ ՌԴ-ում՝ դասալքության հատկանիշներով:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին դասալքության մեղադրանքով Պերմյակովին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման: Իսկ, ահա, 2015թ. հոկտեմբերի 16-ին Վալերի Պերմյակովին հայկական կողմն էր մեղադրանք առաջադրել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Հավելենք, որ մինչեւ գործը դատարան ուղարկելը, տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեն ստուգի, թե արդյո՞ք Պերմյակովի ընտանիքի կրոնական կազմակերպության անդամ լինելը կարող էր դրդել գնալ այդ քայլին: Սակայն ՀՀ քննչական կոմիտեն մերժել էր տուժողի իրավահաջորդների միջնորդությունը: Տուժողի իավահաջորդների ներկայացուցիչները միջնորդությունը բողոքարկել էին, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը եւս մերժեց նրանց միջնորդությունը եւ գործն ուղարկեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Իսկ ո՞վ կլինի այս գործով դատավորը, եւ, առհասարակ, պատրա՞ստ է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապահովվել աղմկալի սպանության գործով դատավարության անխափան ընթացքը, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Շիրակի մարզի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպես արդեն հայտնի է՝ Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ուղարկվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արդյո՞ք մարզում գտնվող դատարանները ունեն կահավորանք եւ կկարողանան ապահովել դատական նիստերի անխափան ընթացքը:
-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապահովված է բոլոր միջոցներով, եւ բոլոր միջոցառումները նախատեսել ենք, որ անվտանգություն ապահովվի: Բայց ի՞նչը պետք ապահովի, ի՞նչ նկատի ունեք:
-Հաշվի առնելով գյումրեցիների եւ, առհասարակ, ողջ հանրության տրամադրվածությունը՝ մտավախություն չունե՞ք, որ Ձեր նախագահությամբ գործող դատարանը չի կարողանա ապահովել մեղադրյալի նկատմամբ ինքնադատաստանի հնարավոր դրսեւորումները, որն էլ կազդի դատական նիստերի բնականոն ընթացքի վրա:
-Դուք այդպիսի մտավախություն ունե՞ք:
-Իսկ Դուք բացառո՞ւմ եք այդպիսի դրսեւորումները:
-Ոչ մի բան կյանքում չեմ բացառում, մենք սրանից ավելի վատ գործեր էլ ենք քննել: Իհարկե, սա ստրեսային իրավիճակ էր, Դուք տեսաք, թե Գյումրին ինչպես տարավ այդ ամեն ինչը, ուստի չեմ կարող համեմատական զուգահեռ տանել, թե որ գործն է հնչեղ, որը՝ ոչ: Իսկ ինքնադատաստանը ցանկացած գործով էլ կարող է լինել, ոչ մի բան չեմ բացառում: Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կապահովենք:
-Իհարկե, համակարգիչն է ավտոմատացված կարգով ընտրում դատավորներին՝ ըստ գործերի: Բայց այս դեպքում անհրաժեշտ կլինի նախ եւ առաջ քաղաքական որոշում, քանի որ Պերմյակովը սովորական հանցագործ չէ: Մեզ տեղեկություններ հասան, որ այս գործով դատավոր կնշանակվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը: Ունե՞ք արդեն քաղաքական որոշում, թե ով կդատի Պերմյակովին:
-Համակարգչին ուղղեք այդ հարցը, թե ինքը որոշել է, թե ում կտա այդ գործը:
-Իսկ քաղաքական որոշո՞ւմը:
-Որոշում է համակարգիչը:
-Հաշվի առնելով աղմկահարույց շատ գործերի պրակտիկան, որոնք թեեւ պետք է քննվեին, օրինակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատական նիստերը անցկացվել են Շենգավիթ վարչական շրջանում` հատուկ պայմաններով կառուցված դահլիճում: Հնարավո՞ր է, որ հետագայում Պերմյակովի գործն էլ Գյումրիից տեղափոխվի Երեւան:
-Այդ հարցը կլուծի գործը վարող դատավորը, որտեղ կորոշի քննել, այնտեղ էլ կքննի: Իհարկե, չի բացառվում, դա օրենքով նախատեսվող պրոցես է, կարող է նաեւ արտագնա նիստ լինել:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԿՐԿԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Ինչպես արդեն գիտենք՝ հոկտեմբերի 12-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ավելի քան 5 տասնյակ ցմահ դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել` դիմումներ ուղղելով Սերժ Սարգսյանին, որտեղ ոչ միայն մատնանշել են տարիներով կուտակված խնդիրները՝ ձեւակերպելով դրանք 10 կետով, այլեւ տվել էին դրանք լուծելու իրավական, օրենսդրական ճանապարհները: Ի դեպ, ցմահ դատապարտյալները հայտնել էին նաեւ, որ կշարունակեն պայքարը, մինչեւ կոնկրետ փոփոխություններ իրականացվեն:
Եվ, ահա, հոկտեմբերի 22-ին ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել դեպի Բաղրամյան 26, որպեսզի հասկանան, թե Սերժ Սարգսյանը ստացել է իրենց դիմումը եւ ինչ է պատրաստվում անել: Նախագահական նստավայրի քաղաքացիների ընդունելության բաժնից տեղեկացրել էին, որ դիմումը հասցեագրվել է արդարադատության նախարարությանը, եւ իրենք պետք է սպասեն մեկ ամիս` պատասխան ստանալու համար:
Անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում, դատապարտյալների հարազատների դիմումը, որտեղից հայտնեցին. «Նախ եւ առաջ՝ ուզում ենք ընդգծել, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե արդարադատության նախարարությունը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարազատների նամակին պատասխան չի ուղարկել, իրականությանը չի համապատասխանում: Դիմումի պատասխանը երեկ արդարադատության նախարարությունից առաքվել է համապատասխան հասցեին: Ինչ վերաբերում է պատասխան նամակի բովանդակությանը, ապա արդարադատության նախարարությունը պատասխան նամակում անդրադարձել է այն աշխատանքներին, որոնք իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում: Դրանք միտված են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող հավելյալ քանակությամբ տեսակցությունների հնարավորության բարձրացմանն ու պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի օրենսդրական մեխանիզմների կատարելագործմանը»:
Ըստ էության ցմահ դատապարտյալներին ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը չի գոհացրել, քանի որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 50 ցմահ ազատազրկվածներ կրկին հացադուլ են սկսել: Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունից, անդրադառնալով տարածված տեղեկություններին, հայտնեցին, որ այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկը ցմահ դատապարտված անձանցից հացադուլ հայտարարելու վերաբերյալ որեւէ դիմում չի ստացել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԱԿՈՑՆԵՐ
Երեկ՝ երեկոյան, կրակոցներ են հնչել Երեւանում: Վարդանանց 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր: Մահացու կրակոցներ արձակողը եղել է սպիտակ ԹԸի 2107 մակնիշի ավտոմեքենայով եւ կրակելուց հետո դիմել փախուստի:
ԱՀԱԲԵԿԻՉԻ ՀՈԴՎԱԾՈՎ
Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի (Թեւոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը, կարծես, նոր երանգներ է ստանում: Բանն այն է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք է առաջադրվել «Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատե»-ի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Եվ, ըստ երեւույթին, կատարվածն անմիջական կապ ունի վերը նշված սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսո) հետ:
Իսոն, ինչպես հայտնի է, «Դուքենդո» ֆեդերացիայում աշխատում էր որպես անվտանգության ծառայության պետ, ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի տեղակալ: Նա առանձին, փոքր դրվագներում նկարահանվել է նաեւ Գ. Վարդանյանի ֆիլմերում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավելի վաղ Գ. Վարդանյանը հայտնել է, որ շատ լավ ճանաչում է Իսոյին, նրա ընտանիքին, եղբորը` Վազգեն Սարգսյանին, ով եղել է իր ուսանողական ընկերը. «Երբ այն ժամանակ առաջին անգամ Արմեն Տեր-Սահակյանի հետ կապված լսեցի իր անունը, ինձ համար դա շոկ էր: Երբ տեսնում եմ՝ իմ հարազատների կամ իմ ընկերների շրջապատում որեւէ մեկը կասկածվում է հանցագործության մեջ, դա ինձ հաճելի չէ: Իսրայելը 2006թ. անդամագրվեց մեր ֆեդերացիա»:
Հայտնել էինք նաեւ, որ Թեւոսիկի եղբորը սպանելու դեպքի մասին Գ. Վարդանյանն իմացել է փետրվարի 3-ի երեկոյան. «Ծանր վիճակի մեջ հայտնվեցի, քանի որ ամբողջ կյանքում քարը քարին դնելով՝ աշխատանք ես անում, ու քո ընկերներից, քո շրջապատից մեկը կամ ֆեդերացիայի անդամներից մեկը հանցագործության մեջ է մեղադրվում, դա մեծ ցավ է: Լավ մայր ու հայր ունի, երկու դուստր: Բայց ի՞նչ արած, եթե որեւէ մեկը անօրինական գործողություն է կատարել, անպայման պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե ով է, ինչ կարգավիճակ ունի»: Գ. Վարդանյանի հարցազրույցի օրը հայտնի դարձավ, որ «Յու-Քեն-Դո» կարատեի ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերվել են Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ԺՄ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «ԽԺ» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ եւ «ՁծՁ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ: Սա տեղի էր ունեցել ավելի քան 1 տարի առաջ: Իսկ այսօր արդեն Գ. Վարդանյանն ամբաստանյալի աթոռին է՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով:
Այսօրվա դատական նիստին նա հայտարարել է. «Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում: 1999 թվականից ֆիլմեր եմ նկարում, իսկ 1992 թվականից աշխատել եմ ներքին գործերի նախարարությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում: 2005-ին պատերազմի մասին ֆիլմ էի նկարում, գրություն գրեցի այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին, հատուկ հրաման դուրս եկավ, գնացի Ղարաբաղ, այնտեղ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նիստ եղավ, քննարկվեց ու մեր ֆիլմի համար ռազմամթերք հատկացվեց բավականին մեծ քանակությամբ: Ես չէի հասկանում ռազմամթերքից, բերեցին այդ մթերքը, դատարկեցին դպրոցի բակում, հիշում եմ ուժեղ անձրեւ էր գալիս, կինոյի կազմով մի կերպ տեղավորեցինք դպրոցի ներսում: Մասնագետ չկար, ու ես չգիտեի՝ որն է պայթուցիկ, որը՝ չէ»:
Ի դեպ, Գոռ Վարդանյանը մշտապես հայտարարել եւ չի հերքել լուրերն այն մասին, որ մտերիմ հարաբերություններ ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: