Ինքնադատաստանը ցանկացած գործով էլ կարող է լինել, ոչ մի բան չեմ բացառում. Գագիկ Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ուղարկվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն՝ դատական նիստերն անխափան անցկացնելու համար:

Նշենք, որ շուրջ մեկ ամսից կլրանա Ավետիսյանների ընտանիքի սպանության մեկ տարին: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց 7 հոգանոց ընտանիքին, որի արդյունքում Հայաստանում հարուցվեց քրեական գործ՝ սպանության, իսկ ՌԴ-ում՝ դասալքության հատկանիշներով:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին դասալքության մեղադրանքով Պերմյակովին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման: Իսկ, ահա, 2015թ. հոկտեմբերի 16-ին Վալերի Պերմյակովին հայկական կողմն էր մեղադրանք առաջադրել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Հավելենք, որ մինչեւ գործը դատարան ուղարկելը, տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեն ստուգի, թե արդյո՞ք Պերմյակովի ընտանիքի կրոնական կազմակերպության անդամ լինելը կարող էր դրդել գնալ այդ քայլին: Սակայն ՀՀ քննչական կոմիտեն մերժել էր տուժողի իրավահաջորդների միջնորդությունը: Տուժողի իավահաջորդների ներկայացուցիչները միջնորդությունը բողոքարկել էին, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը եւս մերժեց նրան միջնորդությունը եւ գործն ուղարկեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Իսկ ո՞վ կլինի այս գործով դատավորը, եւ, առհասարակ, պատրա՞ստ է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապահովվել աղմկալի սպանության գործով դատավարության անխափան ընթացքը, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Շիրակի մարզի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպես արդեն հայտնի է՝ Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ուղարկվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արդյո՞ք մարզում գտնվող դատարանները ունեն կահավորանք եւ կկարողանան ապահովել դատական նիստերի անխափան ընթացքը:

-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապահովված է բոլոր միջոցներով, եւ բոլոր միջոցառումները նախատեսել ենք, որ անվտանգություն ապահովվի: Բայց ի՞նչը պետք ապահովի, ի՞նչ նկատի ունեք:

-Հաշվի առնելով գյումրեցիների եւ, առհասարակ, ողջ հանրության տրամադրվածությունը՝ մտավախություն չունե՞ք, որ Ձեր նախագահությամբ գործող դատարանը չի կարողանա ապահովել մեղադրյալի նկատմամբ ինքնադատաստանի հնարավոր դրսեւորումները, որն էլ կազդի դատական նիստերի բնականոն ընթացքի վրա:

-Դուք այդպիսի մտավախություն ունե՞ք:

-Իսկ Դուք բացառո՞ւմ եք այդպիսի դրսեւորումները:

-Ոչ մի բան կյանքում չեմ բացառում, մենք սրանից ավելի վատ գործեր էլ ենք քննել: Իհարկե, սա ստրեսային իրավիճակ էր, Դուք տեսաք, թե Գյումրին ինչպես տարավ այդ ամեն ինչը, ուստի չեմ կարող համեմատական զուգահեռ տանել, թե որ գործն է հնչեղ, որը՝ ոչ: Իսկ ինքնադատաստանը ցանկացած գործով էլ կարող է լինել, ոչ մի բան չեմ բացառում: Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կապահովենք:

-Իհարկե, համակարգիչն է ավտոմատացված կարգով ընտրում դատավորներին՝ ըստ գործերի: Բայց այս դեպքում անհրաժեշտ կլինի նախ եւ առաջ քաղաքական որոշում, քանի որ Պերմյակովը սովորական հանցագործ չէ: Մեզ տեղեկություններ հասան, որ այս գործով դատավոր կնշանակվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը: Ունե՞ք արդեն քաղաքական որոշում, թե ով կդատի Պերմյակովին:

-Համակարգչին ուղղեք այդ հարցը, թե ինքը որոշել է, թե ում կտա այդ գործը:

-Իսկ քաղաքական որոշո՞ւմը:

-Որոշում է համակարգիչը:

-Հաշվի առնելով աղմկահարույց շատ գործերի պրակտիկան, որոնք թեեւ պետք է քննվեին, օրինակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատական նիստերը անցկացվել են Շենգավիթ վարչական շրջանում` հատուկ պայմաններով կառուցված դահլիճում: Հնարավո՞ր է, որ հետագայում Պերմյակովի գործն էլ Գյումրիից տեղափոխվի Երեւան:

-Այդ հարցը կլուծի գործը վարող դատավորը, որտեղ կորոշի քննել, այնտեղ էլ կքննի: Իհարկե, չի բացառվում, դա օրենքով նախատեսվող պրոցես է, կարող է նաեւ արտագնա նիստ լինել:

Քնար Մանուկյան




Լրահոս