Երեւանի «Բանանցի» ֆուտբոլիստներն այսօրվանից մեկնել են ձմեռային արձակուրդի: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
Թիմն այսօր անցկացրել է տարվա վերջին մարզումը: Ֆուտբոլիստները արձակուրդից կվերադառնան հունվարի 14-ին: Սակայն նրանցից ութը այլեւս չի միանա թիմին: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, փոխադարձ համաձայնությամբ Բոյան Միխայլովիչը, Սարգիս Բալոյանը, Վարդան Մովսիսյանը, Կարեն Հարությունյանը, Արամ Շախնազարյանը, Արմեն Մանուչարյանը խզել են պայմանագրերը: Իսկ Ջերեմիա Ջոնի եւ Անդրանիկ Քոչարյանի պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, եւ դրանք չեն երկարաձգվել:
«Բանանցից» հեռացել է նաեւ 2-րդ թիմի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, որը նույնպես երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը:
Նշենք, որ 2016 թվականին ակումբը նախատեսել է երկու արտասահմանյան ուսհավաք, մեկը Ռուսաստանում, մյուսը՝ Կիպրոսում: