Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դեռ հույսեր ունի, որ Հայաստանը մոտ ապագայում նորից դառնալու է սոցիալիստական երկիր: ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու են` լինեն դրանք արտահերթ, թե հերթական: Ընկեր Թովմասյանը նախ խոստում կորզեց մեզնից, որ պայմանավորված ժամից ոչ մի րոպե չենք ուշանա, ապա նոր համաձայնեց հանդիպել: Մեր զրույցը կայացավ ՀԿԿ Զաքյան 10 հասցեում գտնվող գրասենյակում, որի մթնոլորտը նոստալգիկ տրամադրություններ էր առաջացնում. հնաոճ կահույք, կարմիր աթոռներ ու կոմկուսի դրոշը: Բացի այդ տարածքից` ՀԿԿ-ն գրասենյակներ ունի նաեւ Արշակունյաց 2 հասցեում: Ռ. Թովմասյանի խոսքերով` կուսակցության 43 շրջանային կազմակերպությունները պահվում եմ հիմնականում անդամավճարների միջոցով. «Ինչու չէ, ժամանակ առ ժամանակ լինում են սպոնսրներ, ունենում ենք ֆինանսավորողներ, բայց շատ լարված իրադրության մեջ ենք, քանի որ մեր քաղաքական դիրքորոշումը մարդկանց ստիպում է զգուշավոր լինել»: ԱԺ ընտրություններին դաշինքով կգնան, թե միայնակ` ընկեր Թովմասյանը դժվարացավ ասել. «Հայաստանում 73 կուսակցություն կա` հիմնականում լիբերալ հենքի վրա, ինչը բավական լուրջ բարդություն է առաջացնում դաշինքային հարցերը լուծելիս: Դա կլինի միայն այն դեպքում, երբ համաձայնության գանք սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող ուժի հետ»: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ սոցիալիստական Հայաստանում երկիրը զարգացել էր, բնակչության թիվը հասել էր մինչեւ 4 միլիոնի, իսկ այսօր Հայաստանում ահագնանում է արտագաղթը, գործազրկությունը հասել է իր գագաթնակետին, 10 միլիոնանոց երկրում 3 միլիոն մարդ է բնակվում: Ընկեր Թովմասյանը նաեւ ասաց. «ՀԿԿ-ն ունի 20 հազար անդամ, եւ այսօր չկա մի հայ ընտանիք, որտեղ երանի չտան Սովետական Հայաստանի օրերին»: Բոլորի հիշողության մեջ կոմունիստական տարիներն են, երբ մարդիկ մարդու նման էին ապրում: ՀԿԿ առաջնորդի հավաստմամբ` իրենք արմատական ընդդիմադիր են ե՛ւ իշխանություններին, ե՛ւ այսօրվա ընդդիմությանը: Նա ամոթ է համարում թանկացումներից խոսելը: «Գոնե տեղական ապրանքները հասանելի լինեն ժողովրդին, սա ի՞նչ ապրելակերպ է: Ժողովուրդը շատ դժգոհ է այսօրվա գործող համակարգից, մեծահասակ մարդիկ լացակումած աչքերով աշխատանք են փնտրում, մասնագիտությամբ ֆիզիկ լինելով` մարդը ավել է անում: Այս ամենը գալիս է ասելու, որ միայն սոցիալիզմը կարող է փրկել երկիրը»,- նշեց ՀԿԿ քարտուղարը` մեջբերելով Մյասնիկյանի խոսքերը. «Այս արտասուքի երկիրը կդարձնենք վարդերի երկիր»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՎԱՐԴԵՐԻ ԵՐԿԻՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ