ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԻ Է ՏԱԼՈՒ
Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում շախմատ դասավանդող Նարեկ Վարազդատյանն օրեր առաջ ազատվել է աշխատանքից: «Կոնֆլիկտը սկսվել է այն բանից, երբ ես 2/3 դասարանում տնային հանձնարարական եմ տվել. 34 աշակերտից 17-ն անպատրաստ էին եկել, ես էլ օրագրերի մեջ 2 եմ նշանակել: Այդ երեխաների մեջ եղել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռնիկները, ինչպես նաեւ՝ տնօրենի եւ ուսմասվարի թոռնիկները: Դրանից հետո ուսմասվարն ինձ իր մոտ է կանչել՝ պարտադրելով այդ դպրոցում 8-ից ցածր ոչ մի գնահատական չնշանակել, ինչին ես դեմ եմ եղել»,-«Լուրեր»-ին պատմել է ուսուցիչը: Նա պատրաստվում է դատի տալ դպրոցի տնօրենին իրեն առանց հիմնավորման աշխատանքից ազատելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դասախոս Վարդուհի Պետրոսյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի 19 համայնքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում իրենք հայտնաբերել են համայնքներ, որտեղի  դպրոցների բակերում թափված են հարակից տարածքում գտնվող պոչամբարների պոչանքները, որտեղ  երեխաներ են խաղում եւ ենթարկվում  մկնդեղի ազդեցությանը: Հողում առկա ծանր մետաղներ հայտնաբերվել են հիմնականում այն համայնքներում, որտեղ կան հանքարդյունաբերական ընկերություններ, ձուլարաններ եւ գործող ու չգործող պոչամբարներ:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ «ՌԵԿԵՏՅՈ՞Ր»
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, օգտագործելով Երեւանի ոստիկանապետ լինելու հանգամանքը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բարերից, ռեստորաններից, խաղատներից եւ գիշերային հյուրանոցներից ամեն ամիս ստվերային հարկեր է հավաքել, որպեսզի «աչք փակի» այնտեղ տեղի ունեցող ամենօրյա ոչ մեծ ապօրինությունների վրա: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ իշխանությունները փորձում են «գույքագրել», թե որքան լայն են եղել նախկին ոստիկանապետի «հարկային տիրույթն» ու ամսական հարկահավաքումը:

Ի ՀԻՇԱՏԱԿ
Ապրիլի 21-ին Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան «Ռուս-հայկական համագործակցության» հետ համատեղ զանգվածային ցույց է կազմակերպել` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում եղել են Մոսկվայի բուհերի ուսանողներ, ինչպես նաեւ ռուսական եւ հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեք ժամ շարունակ ցուցմունք է տվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ընտրացուցակը:




Լրահոս