ՊՆ-Ն ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԸ ՉԻ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորականները հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք ամիս է, ինչ զինվորականները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձի վերջնահաշվարկը:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած զինվորականներից մեկը, որի անունը հարգելի պատճառով չենք հրապարակում, հայտնեց, որ արդեն երկար տարիներ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումով ենթասպա է. «Գեղարքունիքի մարզի N զորամասում ծառայում եմ 2002 թվականից: Նախարարի հրամանը կա, երբ պայմանագիրդ վերջանում է, եւ նոր պայմանագիր ես կնքում, որ ցանկանում ես մնալ համակարգում, քեզ պարտավոր են աշխատավարձի վերջնահաշվարկ տալ: Ապրիլին իմ պայմանագիրը լրացավ եւ նորից պայմանագիր կնքեցի, որ ցանկանում եմ համակարգում մնալ: Ինձ պետք է վերջնահաշվարկ տային, բայց մինչ օրս չեն տալիս»:
Մեր զրուցակցի խոսքերով` իրեն հասանելիք վերջնահաշվարկի գումարը կազմում է մոտ 440 հազար դրամ. «Նախարարության ֆինանսաբյուջետային բաժնի հաշվապահ տիկին Գրետան մեզ մեկ ասում է, թե համապատասխան թղթեր կան պակաս, թղթերն ներկայացրեցի, դրանից հետո զանգահարում եմ, ասում է՝ երբ կլինի գումարը, հիմա ժամանակ չունեմ, չեմ կարող ասել, մի խոսքով, անընդհատ այսպես են պատասխանում ու, կոպիտ ասած, ականջի հետեւ են գցում: Արդեն երեք ամիս է՝ այս վիճակում եմ»:
Մեր զրուցակցից պարզեցինք, որ խնդրի հետ կապված դիմել է զորամասի հրամանատարական կազմին, որտեղից պատասխանել են, թե սպասեք, կտան. «Սա առաջին դեպքը չէր, որ զինվորականները նման իրավիճակում են հայտնվում, եղել են դեպքեր, որ էլի ուշացրել են կամ չեն տվել»: Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորականից տեղեկացանք, որ զորամասում մոտ 15 զինվորական կանգնած են այս նույն խնդրի առաջ. «Նույնիսկ կան մարդիկ, որ հունվարից սպասում են, բայց դեռ չեն ստացել»:
«Ժողովուրդ»-ը պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայինի վարչության մասնագետ տիկին Գրետայի հետ, որը հայտնեց, թե ծավալը շատ մեծ է, ինքը հորդորել է զինվորականներին համբերել. «Բայց բողոքում են, ինչ անեմ, մարդիկ գումար չունեն, դրա համար էլ բողոքում են, բայց պետք է սպասեն իրենց հերթին, այլ բան չեմ կարող ասել»:
Զրուցեցինք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայինի վարչության հաշվարկային բաժնի պետ Լիլիթ Հակոբյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով են պայմանավորված ուշացումները, ինչո՞ւ են ամիսներ շարունակ ուշացնում զինվորականների վերջնահաշվարկները. «Բայց ով ասեց, որ վերջնահաշվարկը ուշացնում են, կամ ով ասեց, որ իրենք բոլոր թղթերը ներկայացրել են, օդի մեջ տեղեկություն եք ասում: Եթե խնդիր ունեն, համակարգի աշխատող են, ոչ թե թերթին են դիմում, այլ պետք է դիմեն իրենց վերադասներին»:
Մեր այն դիտարկմանը, որ զինվորականները վերադասներին դիմել են, տրամաբանական բացատրություն չեն ստացել, դրա համար էլ մեզ են դիմել: Ի վերջո, թերթին որեւէ խնդրով դիմելը ինչո՞ւ է ՊՆ-ի համար անցանկալի արարք, Լիլիթ Հակոբյանը պատասխանեց. «Ես լավ ծանոթ եմ դեպքերին, եւ դրանք ընթացքի մեջ են, եթե որեւէ խնդիր կա, կրկնում եմ՝ թերթին չեն դիմում, այլ շտաբին են դիմում: Հաշվապահությունը չի ուշացնում: Ժամանակագրային առումով թղթերը մուտք են լինում, եւ հաշվարկներ են իրականացվում»: Ահա, այսպես ստեց Լիլիթ Հակոբյանը ու թերեւս չկարմրեց էլ իր այդ պահվածքի համար:
Մենք ստիպված եղանք զրուցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս անկեղծորեն ասաց, թե խնդրին ծանոթ չէ. «Գրավոր ուղարկե՛ք Ձեր հարցը, հասկանանք, թե ինչ խնդիր կա»: Այդպես էլ արեցինք. սպասում ենք ՊՆ-ի պատասխանին՝ հասկանալու համար, թե ինչու են միջին օղակներում մեկը մյուսի վրա գցելով՝ խույս տալիս պատասխանատվությունից: Ի վերջո, մարդիկ իրենց հասանելիք գումարն են ուզում ՊՆ-ից, այլ ոչ թե ողորմություն կամ նվեր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԲԺԻՇԿԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել 2015 հուլիսի 27-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի դեպքից: Հիշեցնենք, որ Մ. Մարգարյանի հարազատներն աղջկա մահվան մեջ մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, Անի Բաբելյանին, ինչպես նաեւ բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Աշոտ Սիրունյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Մերի Մարգարյանի գործով անցնող բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Աշոտ Սիրունյանը ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին տված ցուցմունքում նշել է, որ հիվանդանոցի բժիշկներն իրեն չեն լսում, ինքը բժշկուհի Շուշանիկ Բախշյանին երեք անգամ ասել է, որ Մերի Մարգարյանին կեսարյան հատում է անհրաժեշտ անել, սակայն բժշկուհին հրաժարվել է: Ինչեւէ, ծննդկանի մահվան դեպքից անցել է 5 ամիս, եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Մարինե Թովմասյանը հայտնեց, որ միչեւ տարեվերջ պարզ կլինի, թե ով է պատասխանատու Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան հարցում: Նշենք, որ ԲԿ-ում նոյեմբերի 19-ին եւ 25-ին երկու մահվան դեպք եւս գրանցվել էր, եւ հարազատները դիմել են իրավապահներին՝ կատարվածի մեջ մեղադրելով բժիշկներին:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԿՀ-ՈՒՄ
Նեյոմբերի 30-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան էր եղել դատապարտյալ Ռոբերտ Գրիգորյանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դատապարտյալն ինքնասպան է եղել քրեակատարողական հիմնարկի ճաշարանի պետքարանում:
Ըստ դատապարտյալներից մեկի` քրեակատարողական հիմնարկում գրեթե բոլոր պետքարանների դռները ներսից չեն փակվում. «ՔԿՀ ղեկավարության կողմից հատուկ արված քայլ է, իսկ, ահա, ճաշարանում գտնվող պետքարանում հաշվի առնելով, որ գործ ունեն սննդի հետ, պետքարանի դուռը ներսից փակվում է»: Ռոբերտ Գրիգորյանը ինքնասպան է եղել հենց ճաշարանում գտնվող պետքարանում: Ըստ էության, այդ քայլին գնացել է հենց ճաշարանի պետքարանում, որպեսզի ոչ ոք չնկատի, թե ինչ է անում:
Պարզեցինք նաեւ, որ Ռոբերտը ամուսնացած էր, ապրում էր Երեւան քաղաքում: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ 2012 թվականին գողության նպատակով Ռոբերտ Գրիգորյանը եւ իր ընկերը՝ Վահե Հարությունյանը, շուրջ 25 քաղաքացիների բնակարաններն էին մուտք գործել: Եւ այդ արարքի համար վերջինս դատապարտվել էր ազատազրկման 7 տարի ժամկետով:
Նա 2 տարի է, ինչ գտնվում էր «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, եւ պատժի կրման ավարտին դեռ 5 տարի կար:

 

ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ
NEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված եւ ծանր հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով կալանավորվածների թիվը հասել է 23-ի:

 
900 ԿՐԱԿՈՑ
Նոյեմբերի 30-ին եւ լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

 

ԱՆՀԵՏԵՎԱՆՔ
«Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի ահազանգմամբ` Հայաստանում թունավորումների դեպքերը մնում են անհետեւանք: Որպես օրինակ նա հիշել է Արմավիրում 40 երեխաների սննդային թունավորման դեպքը: Պողոսյանը հայտնել է, որ դիմել է առողջապահության նախարարություն եւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, սակայն նրան «ուղարկել են 300 գրամ թուղթ, որը չի պարունակում բովանդակություն»:

 

ՄՈՒՏՔ ԵՆ ԳՈՐԾԵԼ
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ երեկ գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ: Գույքի հափշտակման մասին տեղեկատվություն առայժմ չկա:

 

ԿԱՊ ՉՈՒՆԻ՞
Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին հարող տարածքում նոյեմբերի 19-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունը եղել է հարբած երիտասարդների պատճառով, ավտոմեքենան սխալ կայանելու հարցի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՊՄՀ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից` նշելով, որ այդ վիճաբանությունը քաղաքական կոնտեքստ չունի եւ կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ:

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ
Երեկ Ազատության հրապարակում հանրահավաք սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները հրավիրվել են ԱԱԾ՝ հանդիպման: «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ` հրավերը միջնորդավորված է եղել, եւ թերեւս կապ ունի նախօրեին իրենց տարածած հայտարարության հետ, որով իրենք ոստիկանությանն առաջարկել էին մինչեւ դեկտեմբերի 1-ը հանդիպել՝ քննարկելու շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման հարցերը: Հանդիպումը, սակայն, չի կայացել. «Նոր Հայաստանում» կարծում են, որ ԱԱԾ-ի հետ հանդիպումը պետք է տեղի ունենա իրենց գրասենյակում, ոչ թե ԱԱԾ-ում:




Լրահոս