Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է` Հայաստանը կաջակցի ցեղասպանության կանխարգելման համակարգի կառուցմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի նախագահի և Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը, որին ներկա էին ՄԱԿ-ին անդամ-պետությունների, դիտորդ կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Մոգենս Լիկեթոֆտը, Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը և ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, որպես հիմնական բանախոս հանդես է ելել Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: Քննարկման բանախոսներն էին Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ Դեվիթ Թոլբերտը, Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խթանման և հանցանքի չկրկնման հարցերով հատուկ զեկուցող Պաբլո դե Գրեֆը, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ Էլիզա ֆոն Հոյդեն-Ֆորժին: Ելույթներով հանդես են եկել նաև տարածաշրջանային խմբերում նախագահող անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները:

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նշել է, որ ԳԱ 69/323 բանաձևով հռչակված միջազգային օրը կոչ է անում հավաքական պատասխանատվություն դրսևորել ցեղասպանության ոճրագործության զոհերի առջև: Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` աջակցելու 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նշանակության ամրապնդմանն ու կանխարգելման համակարգի համար կուռ հիմքեր կառուցելուն ուղղված միջազգային ջանքերին: Այս կապակցությամբ դեսպանի կողմից հիշատակվել է 2015թ. Հայաստանի կողմից նախա ձեռնված և կոնսենսուսով ընդունված ԳԱ և ՄԻԽ համապատասխան բնանաձևերը` երախտագիտություն հայտնելով բոլոր գործընկերներին ցուցաբերված աջակցությամբ համար: ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձել է նաև 2015թ. ապրիլին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումին:

Անդրադառնալով ԳԱ նախագահի և ԳՔ տեղակալի` ավելի վաղ հնչեցված խոսքերին, թե ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցով միջազգային հանրությունը վերահաստատում է այդ սարսափելի ոճրագործությունը կանխելու իր հանձնառությունը, դեսպան Մնացականյանն ընդգծել է, որ միջազգային օրը հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցել անցյալում մարդկության կողմից ցուցաբերված անգործության զոհերի արժանապատվության հիշատակին: ՀՀ դեսպանը հավելել է, որ օրվա խորհուրդը նշանավորվում է ոչ միայն միջազգային իրավունքի տեսակետից կարևորագույն փաստաթղթի ընդ ունման պատմական իրադարձությամբ, այլ նաև հանցագործությանը մարտահրավեր նետելու և ի վերջո այն կասեցնելու քաղաքական, իրավական ու բարոյական համընդհանուր պատասխանատվության պատգամով` որպես «բարոյական և քաղաքական հրամայական»:

«Նրանք, ովքեր դասեր չեն քաղում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն», – հիշեցրել է Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով ցեղասպանական միտումները արմատախիլ անելու համար անցյալի ոճրագործությունների խորքային պատճառներն ուսումնասիրելու կարևորությունը: Ըստ դեսպանի, «խտրականության յուրաքանչյուր դրսևորում, իրավունքի ամեն մի խախտում վտանգի տակ է դնում խոցելի խմբերին, իսկ բացառողական գաղափարախոսությունը, անպատժելիության մթնոլորտը, ցեղասպանության ժխտումն ու ատելություն սերմանող քարոզչությունը, ինչպես նաև բռնությ ան հրահրումը վաղ նախազգուշացման հենց այն նշաններն են, որոնք կանխարգելման անհապաղ գործողություններ են պահանջում»:

Օրվա բանախոսներն անդրադարձել են ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին, ցեղասպանական դրսևումների վերլուծությանն ու երկարաժամկետ կանխարգելման հետ դրանց առնչությանը, ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության կարևորությանը, զոհերի իրավունքի պաշտպանության միջոցներին ու փոխհատուցմանը, չկրկնվելու երաշխիքներին ու հաշվետվողականությանը, ցեղասպանության և մարդու իրավունքների կոպտագույն այլ խախտումների փոխկապակցվածությանը, ոճրագործության կանխարգելմանն ու պատժին:

Միջազգային օրվա կապակցությամբ հատուկ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունը: Միջոցառումը, որի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես է եկել ՄԱԿ-ի սիմֆոնիկ նվագախումբը, ակտիվ լուսաբանվել է ՄԱԿ-ի շրջանակներում, ինչպես նաև ԱՄՆ ու միջազգային ԶԼՄ-ների կողմից, այդ թվում` սոցիալական ցանցերում: Պատրաստվել և գործարկվել է միջազգային օրվա կայքեջը, որտեղ հասանելի է օրվա վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն`http://www.un.org/en/events/genocidepreventionday/:

Միջազգային օրվա միջոցառումը հեռարձակվել է ՄԱԿ-ի կայքի միջոցով և տեսագրությունը հասանելի է առցանց`
http://webtv.un.org/watch/mogens-lykketoft-ga-president-at-international-day-for-the-commemoration-and-dignity-of-the-victims-of-the-crime-of-genocide-and-for-the-prevention-of-this-crime/4653939423001:




Լրահոս