Հայաստանում ամերիկյան դեսպանությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով իշխանություններին համոզել հայ հասարակությանը, որ հանրաքվեն լեգիտիմ է, եւ պատժել կեղծարարներին: ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել համագործակցել իշխանության հետ` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով: Հետաքրքիր է, որ ԱՄՆ դիվանագիտական արխիվի ներքոնշյալ երկու փաստաթղթերը վերաբերում են 2005թ. հանրաքվեի առթիվ ԱՄՆ-ի նույնաբովանդակ հայտարարությանը: Զեկուցագրերը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Նա քննարկում է 2005թ. հանրաքվեից հետո դիտորդների գնահատականները, դրանց արժանահավատությունն ու հանրաքվեի արդյունքների հանդեպ ԱՄՆ կառավարության դիրքորոշման արձագանքները Հայաստանում:
Այսպես, Էվանսը անդրադառնալով քվեարկության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող ամենամեծաթիվ կազմակերպության` «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի գնահատականներին՝ տեղեկացնում է, որ տեղի են ունեցել մեծաթիվ ու ծանրակշիռ խախտումներ, որոնք «արդյունքների վրա ունեցել են լուրջ ազդեցություն»: Սույն ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյանը խախտումների շարքում հիշատակել էր լցոնումներ, բաց քվեարկություն, դիտորդների ահաբեկում:
Թեեւ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը չի կարողացել հստակ թիվ նշել, սակայն առանձին դրվագներն ու ապացույցները հուշում են, որ առնվազն 10 ընտրատեղամասերում իշխանությունները 300-400 տոկոս ավել թիվ են գրել: Ի դեպ, այս ՀԿ-ն ԱՄՆ դեսպանությանը հանձնել է 12 էջանոց հակիրճ տեղեկություններ իր հայտնաբերած լրջագույն խախտումների մասին: Դեսպանն արձանագրում է սույն ՀԿ-ի քննադատական վերաբերմունքը ԵԽ դիտորդների իշխանահաճո զեկույցի առթիվ` պատճառաբանելով, որ դիտորդների քանակը եղել է խիստ սահմանափակ, ինչը չի կարող օբյեկտիվ գնահատականի հնարավորություն տալ:
Դիվանագետը արտահայտում է իր հիասթափությունը, որ հեռուստաընկերությունները արհամարհել են «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի հրավիրած ասուլիսը: Էվանսը հատկապես բացասական է գնահատել «Արմենիա» Հ/Ը-ի բացակայությունը, որի ղեկավարները ամերիկացիների հետ զրույցներում խոստացել էին ապահովել հավասարակշռված լրատվություն: Դեսպանը այս դիտորդական առաքելությունը համարում է կարեւոր, իսկ հրապարակած տվյալները` հավաստի, քանզի այն կարողացել է ապահովել մեծաքանակ դիտորդներ եւ ընտրությունները մոնիթորինգի ենթարկելու լուրջ փորձ ունի: Այս տվյալները դիվանագետը համարում է իր ունցած ամենալավ աղբյուրը` որպես «առաջին ձեռքի» տեղեկատվություն քվեարկության օրվա մասին:
ԱՄՆ դեսպանի հաջորդ զեկուցագիրը պատմում է հասարակության մեջ հանրաքվեի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի արձագանքի մասին: Դիվանագետը հայտնում է, որ ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ, որը կազմված է եղել ԱՄՆ Պետդեպարտամենտի ուղղորդումների հիման վրա: Հայկական մամուլի վերաբերմունքը այդ հայտարարության նկատմամբ դեսպանը միանշանակ չի համարում: Ըստ նրա` որոշ լրատվամիջոցներ այն համարել են հանրաքվեի լեգիտիմությունը կասկածի տակ դնող, մի մասը՝ հավասարակշռված, իսկ երրորդներն էլ` իշխանամետ:
Առաջինը հիշատակվում է «Ազատություն» Ռ/Կ-ի արձագանքը, ըստ որի` ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը զգալիորեն նման է եվրոպական դիտորդների կարծիքին: Այս կերպ լուրջ կասկածներ են արտահայտված տեղի ունեցած հանրաքվեի կապակցությամբ: Դեսպանը այստեղ մեջբերում է իրենց հայտարարությունը, որով կոչ էր արվում ՀՀ իշխանություններին պատժել ընտրախախտումներ թույլ տված անձանց: Իսկ, ահա, «Ազգ» օրաթերթի եւ «Մեդիամաքս» գործակալության հրապարակումներին անդրադառնալով` դեսպանը նկատում է, որ դրանք հայտարարության մեջ տեսել են աջակցություն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Դեսպանը շեշտում է այդ ԶԼՄ-ների կողմից մեջբերված հատվածը, որով ԱՄՆ-ն ճանաչում է հանրաքվեի արդյունքում ներմուծվող որակական փոփոխությունները` որպես ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում ուժեղացնելու պոտենցիալ ունեցող: Հիշատակելով «Հայկական ժամանակի» կարծիքը` Էվանսը փոխանցում է, որ թերթը հավասարակշռված է համարել իրենց արձագանքը, թեեւ շեշտել է, որ արեւմտյան երկրներն օբյեկտիվ պատճառներով հակվել են Քոչարյանի հետ գործակցության կողմը:
Իսկ, ահա, իշխանական «Հայոց աշխարհի» արձագանքի կապակցությամբ դեսպանն ընդգծում է, որ թերթը հղում է արել ՀՀ կառավարության մամլո խոսնակին` ընդգծելով, որ ընտրությունների համար պատասխանատուն ոչ թե կառավարությունն է, այլ ԿԸՀ-ն, ուստի ԱՄՆ հայտարարությունը պետք է ուղղված լիներ հենց վերջինիս: Դեսպանը հստակ իր անհամաձայնությունն է հայտնում այդ դիտարկմանը` պնդելով, որ ԿԸՀ-ի աշխատակիցները պետական պաշտոնյաներ են ու իրենց աշխատավարձը ստանում են պետական բյուջեից:
Համեմատելով 2005 եւ 2015թթ. սահմանադրական հանրաքվեների նկատմամբ ամերիկյան կողմի վերաբերմունքը եւ դրա շուրջ հայաստանյան արձագանքը` կարող ենք փաստել, որ այս հարցում որեւէ տարբերություն չկա: Այս անգամ էլ ԱՄՆ կառավարությունը հստակորեն ճանաչեց սահմանադրական փոփոխությունների փաստը` միաժամանակ նկատելով, թե խախտումներ, այդուհանդերձ, տեղի են ունեցել: Կրկին հույս էր հայտնվում, որ ընտրական օրենսգրքի բարելավումից հետո 2017-18թթ. ընտրություններն առավել ազատ ու արդար կանցկացվեն:
Նույնաբովանդակ մի հայտարարություն էլ հրապարակվել էր 2005թ.-ին, սակայն ամերիկյան հույսերը 2008թ-ի ազատ ընտրությունների մասին, կարծում ենք, ի չիք եղան: Ի դեպ, այսօր էլ ԱՄՆ հայտարարությունը տարբեր կերպ է մեկնաբանվում, ինչպես նախկինում: Փաստ է, որ 2005թ. հետո ԱՄՆ-ն ջերմեռանդորեն սատարել է ՀՀ իշխանություններին, այդ թվում եւ 2007-2008թթ. ընտրական գործընթացներում: Ցավոք, ներկայումս եւս ԱՄՆ-ն, գերի դարձած իր ժողովրդավարության կրկնակի ստանդարտներին, նույն մոտեցումն է որդեգրում:
Ն. Հովսեփյան