«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին քննարկումների, հանդիպումների ու ելքեր գտնելու փուլում է: Բանն այն է, որ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից պատվիրակության ղեկավարությանը հանձնարարական է տրվել մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն անել ամեն ինչ, որպեսզի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցները չեղարկվեն: Մեր տեղեկություններով՝ այս օրերին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անձամբ առանձին-առանձին զրուցում է պատվիրակության անդամների հետ, նրանց հանձնարարություններ տալիս, որպեսզի ԵԽԽՎ բոլոր պատգամավորների հետ զրուցեն, հատկապես, եթե ինչ-որ հանձնաժողովի նիստ է: Հանձնարարվել է եվրոպայում գտնվելու ցանկացած առիթ օգտագործել՝ ԵԽԽՎ պատգամավորներին համոզելու համար:
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հայկական պատվիրակությանը բազմաթիվ դժվարություններ եւ տհաճ անակնկալներ են սպասվում: Բացի Ռոբերտ Վոլթերի հայտնի զեկույցից՝ հունվարյան նստաշրջանի օրակարգում է նաեւ Միլիցա Մարկովիչի` Սարսանգի ջրամբարի հարցով զեկույցը: Ինչպես հայտնի է` նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում:
Արցախի կողմից մերժված ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը, որի գործունեության ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում էր, հասավ իր նպատակին եւ հակահայկական զեկույցն անցկացրեց հանձնաժողովում: Այժմ էլ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներն են հանդես եկել նախաձեռնությամբ` կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ: Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի հետ` պարզելու համար, թե ինչ է այս օրերին անում պատվիրակությունը երկու հակահայկական զեկույցները չեղարկելու ուղղությամբ:
-Տիկի՛ն Կարապետյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը հունվարյան նստաշրջանում բարդ օրեր են սպասվում, քանի որ օրակարգում երկու հակահայկական զեկույց է ընդգրկված: Ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակում, ինչպե՞ս եք պատրաստվում հակազդել այս հակահայկական գործընթացին:
-Մեր պատվիրակության բոլոր անդամների կողմից այս ժամանակահատվածում իրականացվում են աշխատանքներ: Մենք փորձում ենք անվանական եւ անձնապես զրուցել մեր բոլոր ընկեր եւ ոչ ընկեր պատվիրակների, ամեն դեպքում ոչ բացահայտ կողմնորոշված ադրբեջանամետ պատգամավորների հետ՝ բացատրելով, թե ինչ վտանգ կարող են բերել այդ զեկույցները Եվրոպայի խորհրդի հեղինակությանը: Թե ինչքանով մեզ կհաջողվի եվրոպացիների գիտակցությանը հասցնել այն, որ զեկույցները ոչ միայն հակահայկական են, այլեւ փոխում են եվրոպական մի շարք արժեքներ, ինչը որդեգրել է խորհրդարանական վեհաժողովը, դա արդեն պարզ կլինի քվեարկությամբ: Մենք այս ժամանակահատվածում փորձում ենք մոբիլիզացնել մեր ուժերը եւ անել հնարավորը ու շատ ժամանակ նաեւ՝ անհնարը:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ այժմ պատվիրակության յուրաքանչյուր անդամի հանձնարարվել է ամեն մի միջոռացման ընթացքում զրուցել եվրոպացի պատգամավորների հետ, անհատական հանդիպումներ ունենալ նրանց հետ, որպեսզի հունվարյան նստաշրջանում կրկին հայկական պատվիրակությունը չխայտառակվի: Արդյո՞ք կհաջողվի այդպիսով արդյունք ունենալ:
-Անկախ հանձնարարականից` ես ուզում եմ ասել, որ դա եղել է մեր պատվիրակության գործելաոճը, պարզապես հիմա այդ ամենն արվում է ավելի ինտենսիվ, հիմա պետք է ավելի ինտենսիվ շփվել, որովհետեւ ժամանակն այդքան էլ շատ չէ, որպեսզի պատրաստվենք կոնկրետ լիագումար նիստին: Նայած կոնկրետ պատգամավորի, կամ նայած երկրի` կան պատգամավորներ, որ հնարավոր է լինում շփվել նամակներով, կան պատգամավորներ, ում հետ ավելի մտերիմ հարաբերություններ են, շփվում ենք հեռախոսով, սկայպով, վայբերով, այսինքն՝ օգտագործում ենք բոլոր միջոցները: Եթե մինչեւ հունվար լինեն միջոցառումներ, եթե ներկա կլինեն մեր գործընկերները, պարտադիր նաեւ ներկա կգտնվենք ու արդեն անձնական զրույցներով կփորձենք հասցնել մեր ասելիքը: Այդ ընթացքում մենք փորձում ենք հավաքել նաեւ փաստեր: Միայն ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարելով մեծագույն հիմք՝ կոչ ենք անելու այլ հարթակ չտեղափոխել մի հիմնախնդիր, որի մանդատը տրվել է Մինսկի խմբի համանախագահներին:
-Գաղտնիք չէ, որ նույն ջանասիրությամբ պատրաստվում է նաեւ Ադրբեջանը, որպեսզի կարողանա ԵԽԽՎ լիագումար նիստում վերջնական «հաղթանակ» տոնել: Ո՞րն է լինելու Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հաղթաթուղթը:
-Ես լինելով ծայրահեղ օպտիմիստ մարդ՝ կարծում եմ, որ մեզ հաջողվելու է արդյունքի հասնել, պետք է նաեւ հասկանալ, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը չի նստելու ու սպասելու հունվարյան նստաշրջանին, ինչ խոսք՝ հակաքայլեր նույնպես արվում են: Բայց մենք էլ հստակ ունենք մեր անելիքները, որոնք անում ենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԱՐԴԻԿ ՈՉ ԵՆ ԱՍԵԼ ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները համատարած եւ համակարգված ձեւով կեղծվել են. այս մասին երեկ վերստին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` ներկայացնելով ռուս փորձագետների կողմից իրականացված մաթեմատիկական վերլուծության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեի ընթացքում լցոնվել է 485.000 քվե: Այս օրերին ոչ-ի դաշտի ուժերը ընտրակեղծարարության մեջ մեղադրում են ինչպես Հանրապետական կուսակցությանը, այնպես էլ այո-ի ճամբարի մնացած ուժերին` մասնավորապես ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին:
«Ժողովուրդ»-ը այս կապակցությամբ զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
-Պարո՛ն Մելքումյան, ՀԱԿ-ը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ դիմել են ԿԸՀ` սահմանադրական հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Ընդդիմությունը պնդում է, որ հանրաքվեն անցել է համատարած ընտրակեղծիքներով, եւ այդ գործում իրենց դերակատարությունն են ունեցել այո-դաշտի բոլոր ուժերը, այդ թվում եւ ԲՀԿ-ն: Արդյո՞ք Ձեզ համարում եք ընտրակեղծարար:
-Ինչի մեզ պետք է համարեմ ընտրակեղծարար:
-Ընդդիմությունը նշում է՝ ովքեր որ իշխանության հետ միեւնույն կարծիքն են կիսում, արդեն իսկ նրանց կարելի է ընտրակեղծարար համարել: Եթե Դուք եւս ամրագրում եք ընտրակեղծիքներով անցկացված հանրաքվեի արդյունքները, ընդդիմության գնահատմամբ՝ այդպիսով առնվազն դառնում եք հանցակից:
-Բայց ով է ասել, որ այո-ի կողմնակիցներն ընտրակեղծարար են: Կարող է՝ առանձին մարդիկ կեղծիքներ անեն, կարող է նաեւ ոչ-ի կողմնակիցները կեղծիքներ անեն: Այսինքն՝ չի նշանակում, որ միայն այո-ի կողմակիցներն են կեղծիքներ անում: Ովքեր որ ոչ միայն ընտրակեղծիքներ են անում, այլեւ օրենք, կարգ են խախտում, պետք է պատժվեն անկախ նրանից, թե դա ինչ կեղծիք է: Ով է դեմ, ես առաջին կողմն եմ, որ ընտրակեղծարարները պատասխան տան: Ով է դրա մասին կասկած հայտնում:
-Պարո՛ն Մելքումյան, իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում հանրաքվեի ընդհանուր ընթացքը:
-Ընտրություններն անցել են այնպես, ինչպես որ … պետությունում վիճակը ոնց է, կան տարբեր խնդիրներ, չէ, հիմա առանձին վերցրած ինչ-որ միջոցառում պետությունը կարող է որոշակի դրական եւ բացասական առումով տարբերել: Բայց ընդհանրապես ընտրությունները պետության վիճակի մաս են կազմում: Ընտրությունները, ԶԼՄ-ները, բիզնեսը եւ մյուս խնդիրները, այսինքն՝ միջավայրը, եթե ունի խնդիրներ, ապա այդ խնդիրներն արտապատկերվում են այդ միջոցառման կազմակերպման որակի վրա:
Ձեզ թվում է՝ ժողովուրդն ընդդիմությանը վստահում է: Օրինակ՝ հիմա ընդդիմությունը հանրահավաք է անում դրսում, ինչու այդ ոչ-երը չեն գալիս, որովհետեւ մարդիկ չեն վստահում նաեւ այդ հրապարակում գտնվող ընդդիմությանը: Մարդիկ ոչ թե ոչ են ասել Սահմանադրության փոփոխությանը, այլ մարդիկ ոչ են ասել՝ չվստահելով իշխանությանը:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանրահավաքը: Ցուցարարները Ազատության հրապարակի մի հատվածը պատել էին թղթե փոքրիկ վրաններով, որոնք, հանրահավաքը սկսվելուց հետո, մարդիկ դրեցին իրենց գլխներին, իբր թե գտնվում են վրանի տակ՝ այս կերպ հավանաբար դժգոհելով այն հանգամանքից, որ ոստիկանները թույլ չեն տալիս վրաններ տեղադրել Ազատության հրապարակում: Սակայն, ինչպես երեւում է, այս փաստը հանրահավաքի անդամներին այնքան էլ չի մտահոգում, քանի որ ելույթով հանդես եկած «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում են ամեն օր Ազատության հրապարակում շուրջօրյա հերթապահություն իրականացնել: Հանրահավաքի ավարտից հետո մասնակիցները երթով գնացին ԿԸՀ-ի շենքի մոտ, հանդիպեցին ոստիկանների պատնեշին, այնուհետեւ փորձեցին բանակցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, որպեսզի իրենց թույլ տան առաջանալ դեպի շենքը: Սակայն Օսիպյանը նրանց մերժեց եւ երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ:
ԹԱՔՈՒՆ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ը «Հայկական վերածնունդ» միավորման մամլո խոսնակ Վահե Մոսինյանից հետաքրքրվեց, թե ինչու իրենք էլ չեն միանում փողոցային պայքարին: Ըստ Մոսինյանի՝ իրենք ի սկզբանե պայքարի այդ ձեւով չեն գործել, բայց իրենք այժմ էլ պայքարում են արդարության վերականգման համար: «Տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, որոնք մեծ չափերի բնույթ են ունեցել: Փորձել ենք ամեն ինչ բարձրաձայնելով արդարության վերկանգման հասնել: Այսինքն՝ որքանով որ մենք փաստեր ունենք՝ բոլոր տեղամասերի հետ կապված, հետամուտ կլինենք, որպեսզի արդարությունը վերականգնվի»,- ասաց մեր զրուցակիցը:
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԿԱ
«Օրինաց երկիր» կուսակցության մամլո խոսնակ Արթուր Միսակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ինչու իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանրաքվեից հետո այդպես էլ իր կարծիքը չհայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ: Միսակյանը փոխանցեց, որ ՕԵԿ խմբակցությունն իր տեսակետն արտահայտել է հայտարարության տեսքով: «Մենք առաջինն ենք եղել, որ պաշտոնական դիրքորոշում ենք հայտնել հանրաքվեի ընթացքի, նախնական գործընթացների հետ կապված: Բավականին լայնածավալ հայտարարություն ենք արել, որտեղ վստահ եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կգտնեք»,- ասաց Բաղդասարյանի խոսնակը: Մի խոսքով, այդպես էլ անհայտ մնաց, թե Արթուր Բաղդասարյանն ինչու է այսքան խորը «ընդհատակ» անցել: Միգուցե նա ցանկանում է, որպեսզի մարդիկ միառժամանակ իրեն մոռանա՞ն՝ հույս ունենալով, որ այդ դեպքում հնարավոր է նաեւ իր քաղաքական գործունեության ոչ այնքան լուսավոր էջերը եւս մոռացության մատնվեն: