Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեցին անցնող տարին:
«2015 թվականին գրանցած արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները: Ցանկացած առաջնությունից, որին մեկնել ենք` վերադարձել ենք մեդալով: Նմանատիպ արդյունք երբեք չէինք ունեցել: Ինչ վերաբերում է Վորոնինի անվան գավաթի խաղարկությանը՝ մենք մեկնեցինք փորձարկելու Արթուր Դավթյանի և Արթուր Թովմասյանի բարդացված վարժությունները: Դավթյանը բազմամարտում հավաքեց իր գրանցած ամենաբարձր արդյունքը, դա շատ է ուրախացնում: Եթե նա այս նույն արդյունքը գրանցի «Թեստ իվենթ»-ին, ապա վստահ եմ` նա կգրավի առաջին տեղը: Ես շատ գոհ եմ տղաներից: Օլիմպիական խաղերի կմեկնենք ոչ միայն մասնակցելու, այլև մեդալի համար պայքարելու»,- նշեց Սերոբյանը:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը հաջողված է համարում 2015 թվականը: «2015 թվականը սկսեցինք ուսումնամարզական հավաքով, որը կազմակերպվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ: Իմ կարծիքով այդ հավաքը դրական ազդեցություն ունեցավ և մեծապես դրական ազդեց մեր արդյունքների վրա: Համաշխարհային Ունիվերսիադայում ես ոսկե մեդալ նվաճեցի, ինչից գոհ եմ: Մեր մարմնամարզիկները իրոք լավ ելույթներ ունեցան և արդյունքներ գրանցեցին այս տարի, սակայն չպետք է բավարարվենք եղածով, պետք է ձգտենք ավելիին»,- ասաց Թովմասյանը:
Հավաքականի մյուս անդամը` Արթուր Դավթյանը, նույնպես հաջողված է համարում անցնող տարին, սակայն ափսոսում է Եվրոպայի առաջնությունում ձեռքից բաց թողած մեդալի համար: «Ափսոսում եմ, որ Եվրոպայի առաջնության հենացատկերի վարժության ժամանակ զբաղեցրի 4-րդ հորիզոնականը: Զրկվեցի մեդալից՝ ձեռքս ծալելու պատճառով: Բոլորն էլ գիտեն, որ աշխարհի առաջնությունից առաջ առողջական խնդիրներ ունեի, բայց փառք Աստծո ինձ հաջողվեց որոշ չափով վերականգնվել և Օլիմպիական խաղերի նախնական ուղեգիր նվաճել»,- նշեց Դավթյանը: