Կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և «Երկրապահ կամավորականների միութուն» հասարակական կազմակերպության միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Պատանի երկրապահները ԵԿՄ կենտրոնում ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ դիմավորեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին:
Այնուհետև տեղի ունեցավ հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որից հետո ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով ներականերին՝ նախարարը նշեց. «Սիրելի´ հայրենակիցներ, սիրելի´ երիտասարդներ, միջին և ավագ սերնդի երկրապահներ, այս համատեղ հուշագիրը խորհրդանշում է այն կարևոր փաստը, որ հայ երկրապահները ամենուր են, նաև Սփյուռքում: Նրանց ակտիվ մասնակցությունը Հայրենիքի շենացման, մեր պետականության կառուցման գործում դրա խոսուն վկայությունն է: Հուշագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում մշակել և երիտասարդության շրջանում համատեղ իրականացնել մարզամշակութային, ռազմահայրենասիրական ծրագրեր և ձեռնարկներ: Սիրելի´ երիտասարդներ, Դուք պետք է համախմբվեք և Սփյուռքի հետ ձեռք ձեռք տված պահեք պահպանեք մեր Հայրենիքը: Երկրապահ է մեր ամբողջ ժողովուրդը, և եթե չլիներ այն ոգին, այն կազմակերպվածությունը, որը երկրապահից ժառանգել է նաև մեր խիզախ ու անպարտելի բանակը, կարծում եմ՝ մենք չէինք կարող հաղթանակել»:

Նախարարն իր միտքն ամփոփեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով. «Ոգին է միավորում մեզ և մենք այդ ոգով պետք է կարողանանք հաղթել թշնամուն»:
Նախարարը մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանը և ազգային հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու համար գեներալ Մանվել Գրիգորյանին պարգևատրեց նախարարության Ոսկե հուշամեդալով:
Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Հայրենիքի պաշտպանության գործում հայ երիտասարդների դերի բարձրացման, ռազմահայրենասիրական ծրագրերի ստեղծման և դրանց իրականացմանը ակտիվ մասնակցելու համար Հրանուշ Հակոբյանը եռասերունդ երկրապահի ներկայացուցիչներին հանձնեց պատվոգրեր:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորեց ստորագրված հուշագրի առթիվ և նշեց, որ այս հուշագրի ստորագրումը կնպաստի հայկական Սփյուռքի համայնքային կազմակերպությունների և տեղերում գործող Երկրապահ կամավորների միության ներկայացուցիչների համագործակցությանն ու Հայրենիք-Սփյուռք կապերի առավել զարգացմանը:

Այնուհետև Մանվել Գրիգորյանը Հայաստանի և Արցախի անկախության կերտման գործում, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը իր անմացորդ նվիրումի և արգասաբեր գործունեության համար Հրանուշ Հակոբյանին պարգևատրեց «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով և «ԵԿՄ 20» տարի հոբելյանական մեդալով:
Միջոցառման ավարտից հետո նախարարը ԵԿՄ վարչության նախագահի ուղեկցությամբ շրջայց կատարեց ԵԿՄ վարչությունում, ծաղիկներ խոնարհեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև և այցելեց Երկրապահի թանգարան:




Լրահոս