Ինչո՞ւ են «Երևան-Սիթի»-ում քաղաքացիներից անձնագրեր հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ մամուլում ինտենսիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում քաղաքացիների անձնագրերն են հավաքում: Ըստ նույն լուրերի՝ այս գործընթացը «ապառիկով Ամանոր» ակցիայի մի մասն է:

Տարածվող լուրերը, սակայն, ո՛չ գործարարը, ո՛չ առևտրի ցանցի տնօրինությունը չէին հաստատել, ավելին, նրանց կողմից որևէ մեկնաբանություն չէր տրվել:

Ինչպես հայտնի է՝ այլ անձանց անձնագրերը հավաքագրելը կամ դրանցով գործարք իրականացնելը քրեորեն հետապնդելի արարք է: Ուստի` ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ ինչ է իրականում կատարվում առևտրային ցանցում:

Մեզ հաջողվեց կապ հաստատել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, ով, մեր հարցին ի պատասխան, նշեց. «Նախ այս պահին ես երկրում չեմ: Հետո էլ «Երևան Սիթիի» հետ որևէ կապ չունեմ: Զանգե՛ք տնօրինությանը»,- ապա անջատեց հեռախոսը:

ArmLur.am-ին Առևտրային ցանցի Քարտային բաժնի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ցանցի կետերում գործում են «Ինեկո Բանկի» տաղավարներ, որտեղ քաղաքացիները վարկային պայմանագրեր են կնքում. «Անձնագրեր երբեք չեն հավաքվել ու հիմա էլ չեն հավաքում: Նման բան չկա: Ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի տարբեր առևտրի կենտրոններում գործում են բանկային կետեր: Եվ բոլոր դեպքերում էլ բանկի գործունեության հետ առևտրի կենտրոնը որևէ առնչություն չունի. սխալ է բանկին կապել ցանցի հետ: Ճիշտ կլինի՝ վարկային գործարքների մասին բանկից տեղեկանաք»,- հավելեց մեր զրուցակիցը:




Լրահոս