![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/b71c6c55-c1dd-44dd-89b9-1d849fe4bda7.jpg)
Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպել էր «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ` «Վազիր և օգնիր» կարգախոսով: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած վազքարշավին մասնակցել են Ձմեռ պապի հանդերձանքով, 14 տարեկանից բարձր տարիքի հարյուրավոր վազորդներ, ովքեր անցել են 5 կմ տարածություն:
Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը: Վազքարշավի մասնակիցները վերջնագիծը հատել են նույն` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում: Ներկաների բարձր տրամադրությանը նպաստել են DJ-ն ու տոնական ուրախ ռիթմերը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: Խորհրդանշական նվերներ և հուշանվերներ են հանձնվել նաև մյուս մասնակիցներին: